ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Վերելքի փոխարեն փողոցային դեգրադացիա. Մարտ 16-ի ռուսաստանյան բաղձանքը

Երեւան, Հանրապետության հրապարակ 2021 փետրվար 25 |

 

Հայաստանի վերնախավային քաշքշուկը պատահական չէ: Այս օրերին ավարտվում է հայոց ցեղասպանության արեւելյան բաժինը իրենով պսակած 1921թ. ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի գործողության ժամկետը: Կողմերը ազատ են 1914թ. սահմանը ի վնաս Հայաստանի տեղաշարժելու իրենց պարտավորությունից: Պայմանագրի հոբելյանական ներբողումը այն Ռուբիկոնն է, որը հատելով Ռուսաստանը կարող է մեկընդմիշտ մոռանալ Հայաստանի տեղն ու անունը: Համաձայն նախագահ Էրդողանի, այդ պայմանագրով են գծագրվել իր երկրի արեւելյան սահմանները 1923-ին Լոզանի կոնֆերանսում

.

Հ

այաստանի անպաշտպանունակ սահմանները Ռուսաստանի ցանկությունն էին: Մասնավորապես, Քեմալը իր «Ահդ-ի միլլի» ազգային ուխտով Կարսում հանրաքվեի էր համաձայն, Արարատի եւ Նախիջեւանի մասին նախապես խոսք անգամ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920-ին կոտորելն էր: 

Լոզանում արդեն Մոսկվան կտրականապես դեմ էր Կարսում հայկական «ազգային օջախ», այսինքն միջազգային կարգավիճակով ինքնավարություն ստեղցելու Մեծ Բրիտանիայի պահանջին, այն պարագային երբ Թուրքաին հակված էր այդ եղանակով շրջէլ ցեղասպանության էջը: Կարսի հարցում զիջման գնով Անատոլիական կառավառությունը Արեւմուտքից ակնկալում էր երկրի այլ սահմանների ավելի բարենպաստ գծագիր ստանալ: Եվրոպան Կարսի ինքնավարությունը չպնդեց Ռուսաստանի հետ նեղուցների շուրջ փաստացի համաձայնությամբ գալով:

1921 Մոսկովյան պայմանագիրը ամենեւին թուղթ չէ, այլ միանգամայն իրական ակտ: Այն այժմ էլ որոշում է Հայաստանի արեւմտյան սահմանների պաշտպանության տեսակետից խիստ անբարենպաստ կոնֆիգուրացիան: Պայմանագրի իրական լինելու ապացույցն է Մոսկվայի՝ 2016-ին Թուրքիային պայմանագրի չեղարկումով սպառնալու դրվագը: Թղթի կտորով չեն սպառնում [ՌԴ ԱԳՆ, 1]: 

«Առավելապաշտության» մերժումի թվացյալ ապաստանը

Անգորա (Անկարա) 1922: Ուկրաինական բազմաքանակ դեսպանությունը Թուրքիայի նոր մայրաքաղաքում: Կենտրոնում՝ հայ եւ հույն ժողովուրդների արյան մեջ մինչեւ արմունկները թաթախված խորհրդային զորավար Միխայիլ Ֆրունզեն է | լուս՝ հանրային սեփ.

Հայաստանը պետք է պատրաստ լինի Ռուսասատինից եւ Թուրքիայից պահանջով, կամ այլ պատեհ առիթով վերաինտեգրել Կարս-Արդահանը, Արարատը եւ Նախիջեւանը իր իրավասության ներքո: Խնդիրը պահի ճիշտ ընտրությունն է եւ Հայաստան պետության ինքնիշխանության իրական հասունության աստիճանը: Չմոռանանք, որ Հայաստանի հանդեպ արդեն իսկ առաջադրվել են տարածքային ահռելի պահանջներ:

Հարցերի հարցն է, սակայն, արդյո՞ք պարտված, բնակչության հարատեւ կորուստ տվող մի երկիր պետք է նման խնդիրներ դիտարկի: Այստեղ առաջանում է «նախ ուժեղանանք, հետո…» խորամիտ թվացող կառուցվածքը:

Պատասխանելու համար, դառնանք մոտակա անցյալին: 2015 թվականի ապրիլ 24-ին հստակ հասցեագրված  պահանջ ձեւակերպելու հայերի անընդունակությունը, կամ դժկամությունը հանգեցրեց արդեն 2016 աշնանը ռուս-թուրքական ոչ հրապարակային համաձայնությանը՝ համատեղ ջանքերով փաստացի օկուպացիայի ենթարկել Մոսկովյան պայմանագրով որոշված ՀՀ, նաեւ՝ ԱՀ տարածքները: Խոսքը համապարփակ Լավրովյան պլանի մասին է:

«Մեծ միացման» դասի բարդ խնդիրների լուծման այլընտրանքը, ցավոք, երկրի կատարյալ դեգրադացիան է, ինչին ականատես ենք 2021 փետրվարի վերջին: Քաղաքական կյանքը բնականորեն այլասերվում է եւ հանգում անբովանդակ գզվռտոցի երկրի ներսում եւ խայտառակ պարտության՝ երկրի սահմանների վրա: Հենց այդ դասի մասնավոր խնդիր էր Արցախի հետ «փոքր միացումը», որի իրականացումից հայերը զլացան շուրջ 30 տարի եւ ստացանք 2020-ի անխուսափելի աշունը: Պատմության դատաստանը միայն մեկ տեսակի է լինում՝ ահեղ:

Խնդիրների այդ դասը՝ ի կատարումն սուվերեն որոշումների հետեւողական գործողությունների իրականացումն է: Եթե Կարսի պայմանականորեն մեծ միացման եւ Արցախի փոքր միացման խնդիրները պիտի լուծվեին ԽՍՀՄ կամ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակներում, ապա դրանց լուծումը կգոյատեւեր այդ իրավական համակարգերին պատկանելու դեպքում միայն: Նկատենք, որ «Միացում» կարգախոսը հոդս ցնդեց ԽՍՀՄ փլուզումով: Փորձը ցույց է տալիս, որ հայկական ազգաին ինքնիշխան «հողի» վրա նման ընդգրկուն, կոնցեպտուալ ծրագրեր չեն առաջադրվում, իսկ առաջադրված լինելով՝ չեն իրականացվում: 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանը դեռ ԽՍՀՄ էր:

Հայաստան ներմուծվող անկայունություն

Արդյոք փորձով ապացուցված, մեր աչքի առաջ ծավալվող դեգրադացիայի ուղին ճակատագրական է: Եթե չես լուծում  պատմության հարցերը՝ պատմությու՞նն է լուծում քոնը: Ընդ որում, յուրովի է լուծում: Դատարկ հարցեր չեն սրանք:

Իրականում, ամեն ինչ դեռ առջեւում է: Այդ առջեւը հիրավի թանկ է: Հազարավոր քաջազունք դասեր քաղելու եւ ապագա նախագծելու հնարավորություն ընձեռեցին, որից չօգտվելը անպարկեշտության ծայրահեղ աստիճանը կլիներ: Անհատական դավաճանություն իրենց նվիրումը ապացուցած մարդկանց:

«Ով ավելի հուսալի կապահովի ռուսական զենքի մեծաքանակ ներկրումը Հայաստան, կմոռանա ճանապարհը դեպի ՆԱՏՕ ռազմագիտական արդիական մոտեցումներ եւ հնարավոր երաշխիքներ, կպաշտպանի Արցախի վերաինտեգրումը այսպես կոչված Ադրբեջանի կազմում եւ բերանը ջուր կառնի 1921թ. պայմանագրերի սպառման առթիվ» հարուստ բովանդակությամբ այժմ ընթացող գզվռտոցը, կարծում ենք, այն տեսլականը չէր, որ պիտի բորբոքեր ժողովրդի հայրենասիրական զգացմունքներ: Փոխարենը՝ դա հաստատապես Մոսկվայի հեշտագին տռպանքն է մարտ 16-ին ընդառաջ: 

Ապակայունացման՝ պատվերով շոուն կարող է շարունակվել: Արժե՞ մասնակցել դրան, թող պարտված հերոսները դեմ առ դեմ մենամարտեն, ասենք, վաղորոք լիցքաթափ Իսկանդերներով: 

Մենք որոնենք իրական հարցերի պատասխաններ, նախագծենք ապագա Հայաստան, որ ծլարձակելու է անցյալի քաղաքական թափոնով պարարտացված հայկական քարքարուտից: Արդեն ակներեւ է, որ ուրիշ Հայաստան չի լինելու: Այս պնդումը սրբագրման ենթակա չէ, կամենանք թե ոչ: 

.

Կարդացեք նաեւ

  |