ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տավուշ. «Մենք արդեն գծել ենք ռուս-թուրքական նոր սահմանը»

| AP-ՊՆ

 

Վերնագիրը վերցված է 2020 նոյեմբեր 10-ին Կրեմլի խորհրդական Դմիտրի Կուլիկովի հայտարարությունից: Նրա «սահմանը» Տավուշ-Շուշի գծի վրա է: Լրագրի վերջին հրապարակումներից մեկը պարունակում էր ռուսական համացանցի էջերով շրջող մի քարտեզ, որտեղ Հայաստանի արեւելքից բան չէր մնացել: Քարտեզը, որ թյուրիմացաբար «ադրբեջանական» կարող էր ընկալվել, հուշեց ուրվագծել դրա հեղինակների տեսլականը: Հիմնվելով, անշուշտ, անցյալի իմացության վրա: Ներկան անցյալից է աճում, իսկ ապագան՝ ներկայից

.

Օ

րերս, մի շարք ներկա թե նախկին կուսակցական գործիչներ անդրադարձել են Մոսկովյան 1921թ. պայմանագրին: Ցավոք միայն զլմ-ների դրդումով: Կարծիքները ի մի բերելով, կարող ենք ասել, որ բավականին վախվորած են ու «Ռուսաստան» բառը խնամքով շրջանցող: 

Ինչն է միավորում համբավավոր կուսակցությունների ընկերներին: Առաջին հերթին, ժամանակի մասին թյուր պատկերացումը. ոմանք պատրաստվում էին 6-7 ամսվա գրեթե «հանդիսավոր» միջոցառումների, ոմանք նախքան պայմանագիրը վիճարկելը տնային հիմնավոր աշխատանք են ակնկալում խեղճուկրակ պետությունից, ոմանք էլ բնական թվացող ՌԴ դեսպանատան փոխարեն առաջարկում են դեպի Եռաբլուր գնալ:

«Վախերը» մի կողմ դնենք: Ամիսների եւ հիշատակի երթերի ժամանակ չկա: Մարտ 16-ին սպառվում է պայմանագրի գործողության ֆորմալ-իրավական ժամկետը եւ կողմերը ազատ են գործել իրենց հայեցողությամբ: Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին է: ՌԴ հեռավորարեւելյան զորամասերի առաջխաղացումը դեպի երկրի հարավում շտապ կառուցված վրանային ճամբարներ սկսվել էր նույնիսկ Տավուշի սահմանային սրումից առաջ՝ 2020 մարտ-ապրիլ ամիսներին:

Ինչ կապ ունի Տավուշը 1921 թվականի հետ

Կապը անմիջական է: Ամենայն հավանականությամբ, ռուս-թուրքական սիտուատիվ առեւտուրը, որի հիմքում «Հայաստանի մնացորդ – Կովկասի գլխավոր լեռնապար» սակարկային զույգն է, այսուհետեւ պերմանենտ բնույթ է կրելու: Տավուշը այս ընդարձակ տարածքի կարեւորագույն հենակետերից է: Կուլիկովը, այս առումով, ճիշտ է:

Ինչ հիմքեր կան ռուս-թուրկական նոր սահման գծելու համար, չէ որ կա 1921-ի սահմանը Ախուրյան-Արաքսով: Պատասխանելու համար, կարեոր է նկատի առնել հետեւյալ հանգամանքները: Ի տարբերություն 1919 թվականի գարնան, երբ կայացավ Լենին-Քեմալ սկզբունքային համաձայնությունը Արեւմտյան Հայաստանը ապագա Անատոլիական կառավարությանը զիջելու շուրջ, Առաջին աշխարհամարտը ավարտված էր: Մինչդեռ հիմա կռիվը նոր է ծավալվում: 

Տնտեսության, տրանսպորտի, հաղորդակցության, եւ եղբայրության մասին հեքիաթները չպիտի մոլորեցնեն: Շրջանի երկու գլխավոր դերակատարները փորձում են ճշգրտել իրենց ռազմավարական պլանները: Երկու երկրների հայացքները Հարավային Կովկասի վրա խիստ տարբեր են այն իմաստով, որ եթե Թուրքիան ակնհայտ հավակնում է դուրս գալ Կովկասյան լեռնապարի մատույցներ, ապա Ռուսաստանը ի վիճակի չէ դիմադրել դրան եւ մեկ խնդիր է հետապնդում. հնարավորինս դանդաղեցնել եւ խճճել Թուրքիայի առաջխաղացումը: ՀՀ տարածքը այս իմաստով Թուրքիայից, Վրաստանից եւ Նախիջեւանից հարվածը կլանող դասական բուֆեր է, իսկ «Կուլիկովի գոտին»՝ երկրորդ էշելոն:

Ցարական ոսկին անցյալ է: Ինչն է այսօր Ռուսաստանի ռեսուրսը Կովկասում

1919-ին վիճակը 180 աստիճանով հակառակն էր: Մոսկվան բեկում էր մտցրել քաղաքացիականի գրեթե բոլոր ճակատներում: Կրեմլը հստակ մտադրություն ուներ արեւմտյան տերությունների հետ գործարք կնքել «ցարական ոսկին՝ խորհրդայնացման դիմաց» բանաձեւով: Լենինի գործարքը Արեւմուտքի հետ կայացավ մեկ տարի անց եւ նախատեսում էր Անտանտայի եւ ԱՄՆ ֆինանսական շրջանակների «յուղման» միջոցով լուծել նաեւ Հայաստանը ոչնչացնելու կենսական խնդիրը: Թուրքիային փոխանցված 10 միլիոնը ոսկով՝ դեպի Արեւմուտք տեղափոխված ցարական պահուստի համեմատությամբ աղքատի գրպանի մետաղադրամ է: Ուկրաինայի նմանատիպ խնդիրը լուծվում էր գերմանական ուղղության վրա փոխադարձաբար անվճար եղանակով, անցում կատարելով Բրեստ-Լիտովսկից դեպի Ռապպալոյի ապագա պայմանագիր:

Հարավում Ռուսաստանի խնդիրը մեկն էր՝ անկախ, մեծ եւ ծովի շնորհիվ կենսունակ Հայաստանը, որ այո պոտենցիալ, սակայն, մահացու սպառնալիք էր Ռուսստանի համար: Սա հին, ընդհատումներով մեկ հազարամյակից ավել տեւող հակամարտության պատմություն է, որ մարքս-լենինյան պատմագիտության շրջանակում, նաեւ՝ եկեղեցական նկատառումներով հիմնականում անհայտ է պահվել հայ լայն հասարակայնությանից: Կար, իհարկե, Հայաստանից կախումով գոյատեւելու ռուսական հեռանկարը, որ տանում էր 1000 տարի հետ եւ անընդունելի էր Մոսկվայի համար:

Այսպիսով, 1921-ի պայմանագրերով Մոսկվան որոշեց ազատվել Հայաստաից եւ ազատել դրանից Թուրքիան՝ մասնավորապես, վերջինիս համեմատական անկախությունը Արեւմուտքից ապահովելու համար: Ռուսներն են կառուցել Քեմալի թուրք ազգային պետությունը: Վկան՝ Հանրապետության հուշարձանն է Կոնստանդնուպոլսի Թակսիմ հրապարակում: Թակսիմի պատմությունը պիտի արվի, բայց մի քանի օր կսպասի: 

Ստամբուլի «Հանրապետության հուշարձանի» առաջին պլանին են Իսմեթ-փաշան, Մուստաֆա Քեմալ-փաշան եւ մարշալ Չաքմակը: Թուրքիայի Հանրապետության բուն ճարտարապետ՝ Ռուսաստանին խորհդանշում է երկրորդ շարքում ձախից կանգնած եւ վիզը ձգած «շապկայավոր» համեստ տովարիշչը, որ շատ բան գիտեր 1919-ի մասին եւ որոշ բան նույնիսկ ավանդել է մեզ   |

Մինչ այդ դեռեւս դարասկզբին Պետերբուրգում նախագծվել էր մեկ այլ՝ «Ադրբեջանը Աբշերոնում» թյուրքական ինքնությունը, որ պիտի զսպեր թե՛ հայերին, թե՛ Պարսկաստանին: Այսպիսով, ռուս-թուրքական սահմանը 1921-ին քաշվեց ամբողջ Արեւմտյան Հայաստանի հաշվին եւ Արեւելյան Հայաստանը կիսելով: Կարեւոր է գիտակցել, որ ռուսները Հայաստաով չեն վճարել Թուրքիային խորհրդային «Ադրբեջանի» դիմաց, ինչպես ընդունված է ներկայացնել խնդիրը: Հայաստանը համատեղ ոչնչացվել է որպես այդպիսին, իսկ «Ադրբեջանը»՝ պարզապես գրավվել: 

Որն է ներկան: Որն է սահմանը

Ուժերի այս հարաբերակցությունը անցյալում է: Ռուսաստանի համար 1921-ի հետեւանքը 1991-ն էր եւ դա, բնականաբար, վերջը չէ: Ընդգծենք, որ հիմա իրադրությունը սկզբունքորեն այլ է: Սահման որպես այդպիսին չի լինելու, եթե նույնիսկ Երեւան-Բաքու պայմանագիր կնքվի: Բուն սահմանը ինչպես նշեցինք, Շուշի-Տավուշ պայմանական բնագիծն է: Դրա վկայությունն է նաեւ այսօր իրականացվող ռուսական ռազմական շինարարությունը Շուշիի մերձակայքում: 

Թեեւ հայկական սպառնալիքը առաջվա պես կախված է Ռուսաստանի գլխին, հայատյացությունը գլխավորը չէ մեր օրերի Մոսկվայի քաղաքականության մեջ: Հայաստանը եւ հայերը հիմա պարզունակ վճառամիջոց են, որ պիտի սպառվեն՝ ապահովելով Ռուսաստանի հնարավորինս դանդաղ ետ քաշումը Հարավային Կովկասից: Թե ինչ է լինելու դրանից հետո, չգիտե նույնիսկ ինքը, ճարտարապետը՝ ՌԴ Նախագահ Պուտինը: Նրա հայ «համբալները», որ հարայ-հուրույով իշխանություն են վիճարկում, առավել եւս, չգիտեն:

Իսկ ապագա՞ն

Բայց մենք պարտավոր ենք իմանալ եւ վերապրել 1100 տարի առաջ ինչ-ինչ նկատառումներով մեր իսկ ստեղծած «պրոբլեմը հյուսիսից», որքան էլ արկածախնդիր եւ ինքնասպան լինի «պրոբլեմի» քաղաքականությունը: Փորձենք կուլիկովների պրոբլեմային սահմաններից դուրս Հայաստանի ապագա նախագծել ջանադրաբար քանդվող տան պայմաններում: Ցավոք, վերջին 30 տարվա կառավարիչները եւ բուն ժողովրդը մտքի նույնիսկ ծայրին նախագծում չեն ունեցել: Ժողովրդից հույսեր կան, դրանք վերջինն են մեռնում: Մինչդեռ, քաղաքական եւ մեդիա համբալները սկզբունքորեն ընդունակ չեն նախագծման՝ իրենց նախընտրած նեղ մասնագիտացման հետեւանքով:

Շարունակությոունը այստեղ

.

Կարդացեք նաեւ

  |