ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ անդամ Չեխիա եւ Հայաստան. Հետխորհրդային բեկորների ընդհանուր եւ զատ բախտը

 Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեման | գեթթի 

Թե ինչ ընդհանրություն կա լիովին Ռուսաստանի տակ պառկած Հայաստանի եւ ՆԱՏՕ լիիրավ անդամ Չեխիայի միջեւ՝ հայտնի դարձավ չեխական Օստրավա քաղաքի մերձակայքում սպառազինության խոշոր պահեստների պայթեցման հետաքննության շնորհիվ: Երկրի նախագահ Միլոշ Զեմանը, իր քաղաքական վարկը գրավ դրած, վերջին ճիգերն է անում Մոսկվայի խորշոմած դեմքը սվաղելու համար

Հ

այաստանի ներքաղաքական կյանքի համար ավելի քան ցավոտ է օտար ազդեցության գործակալների խնդիրը: Հենց այդպիսի ագենտի հատկանիշներին ավելի ու ավելի մոտեցող 77-ամյա Զեմանը հայտարարել է, թե 2014-ին ռազմամթերքի պահեստների պայթեցման ռուսական հետքի հավաստի ապացույցներ չկան, իսկ հակահետախուզությունը դիտարկում է նաեւ զենքի հետ անզգույշ վարվելու վարկածը: Այս հայտարարության առիթով երկրի Սենատը քննարկելու է Զեմանին պետական դավաճանությամբ մեղադրելու հարցը: Երկրի ղեկավարը, ըստ Սենատի, գաղտնազերծել է պայթեցման գործի քննության մի տեղեկատվություն, որ ենթակա չէր հրապարակման: Մեղադրանքներ են ներկայացվելու կառվարական մի շարք պաշտոնյաների եւս:

Մոսկվան Չեխիայի հակառուսական դիվանագիտական կտրուկ քայլերի գլխավոր ճարտարապետ է համարում երկրի ԱԳ նախարար Յակուբ Կուլգանեկին: Մինչդեռ այսօր նախագահ Զեմանի հայտարարության հերքումով է հանդես եկել նաեւ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը հայտնել է, թե միակ դիտարկվող վարկածը ռուսական սաբոտաժն է:

Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում Սկրիպալների թունավորման մեջ կասկածյալ ենթադրաբար Չեպիգա-Միշկին հետախույզ սպաների զույգը, որ հայտի է հրապարակային Պետրով եւ Բոշիրով ազգանուններով, 2014-ին ակտիվ գործունեություն է ծավալել արդյունաբերական Օստրավա քաղաքում եւ թափանցել է ավելի ուշ պայթած պահեստներ: Այդ պահին նրանք «եղել» են Տաջիկստանի քաղաքացի Ռուսլան Տոբարով եւ Մոլդովայի քաղաքացի Նիկոլայե Պոպա:

Այժմ, չեխական մանրամասներից անցնենք Հայաստանին: Օստրավայի մերձակայքում ընդամենը մեկ պահեստ է պայթել եւ զոհվել է երկու քաղաքացի: Հայաստանի դեմ Արցախում սանձազերծվել է մի ամբողջ ահաբեկչական պատերազմ, որ հանգեցրել է թող ժամանակավոր, բայց տարածքային ահռելի կորստյան: 5000-ից ավել հայ զինծառայող է սպանվել, հարյուրի մոտ քաղաքացիական անձ: Տասնյակ հազարներ վիրավոր են եւ հայրենազուրկ:

Այս բաղդատումը շատ բանի մասին է խոսում: Երկու դեպքում էլ պետական մակարդակով առաջացել է Ռուսաստանի հանդեպ հայտանիշով խորը շերտավորում՝ ընդհուպ օտար տերության շահերի անթաքույց ներկայացումը: Ընդ որում, Հայաստանի հանդեպ Չեխիայի համեմատ բազմապատիկ ավելի մեծ ուժ է գործադրվել: Արցախում հիբրիդային պրոքսի պատերազմից հետո Հայաստանի դեմ վարվում են ոչ կանոնավոր պատերազմական գործողություններ՝ իրենց ընդգծված «փսի» բաղադրիչով: ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը ռուսական պետության շահի դիրքերից հանդես եկող հայ գործիչների եւ զլմ-ների պարբերական հրապարակային հրահանգավորում է կատարում [Sputnik, 1]]: Անհամեմատելի ազդեցությունը առաջացրել է միանգամայն համեմատելի հետեւաքներ, ինչը խոսում է հայ հանրության հսկայական ներուժի մասին: Մի ներուժ, որ գրեթե չի գիտակցվում բուն հանրության կողմից: Մինչդեռ օտարը այն հստակ է տեսնում:

Հետխորհրդային աշխարհի բեկորների ընդհանրությունն այսպիսին է: Որն է տարբերությու՞նը: Թվում է, ահա, մակերեսի վրա է. Օստրավայի դիպվածը առաջացրել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իսկական արշավանք: ՆԱՏՕ անդամ Չեխիայի կողքին է կանգնել միացյալ Եվրոպան: Սակայն, ռուսահպատակ Հայաստանի հանդեպ նույնպես արվել են զորեղ արեւմտյան քայլեր, որորնցից վերջինը Ֆրանսիայի Սենատի նախագահի այցն էր եւ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Իրական տարբերությունն այն է, որ Չեխիան լավ նախադրյալներ ունի իր ազգային-պետական գոյությունը պաշտպանելու եւ զարգանալու համար, իսկ Հայաստանը, ինչպես եւ 100 տարի առաջ, դատապարտված է իմպերիայի փլատակների տակ մնալու: Եթե, իհարկե, իր մեջ ուժ չգտնի 200-ամյա իրողությանը բաց աչքերով նայելու եւ ամբողջ, առաջին հերթին մտավոր-տեսական ներուժով նոր աղետներին դիմագրավելու համար:

.

Կարդացեք նաեւ,
նաեւ սա

  |