Նախընտրական քաղաքական կյանքը փոխարինող «ինքնասպասարկման» այն գործողությունը, որ Պուտինի պորտրեյին հառած, վրա-վրայի իրականացնում է հայ կուսակցական դասը, ներդաշնակ է Ռուսաստանի անհեռանկար վիճակին: Չնայած այլախոհների սաստկացող հետապնդումներին, Ռուսասաստանի «փակումը» դարձել է միջուկային հսկայի ներքին քննարկման հիմնական թեմա: Իսկ ո՞րն է Հայաստանի դերն ու ճակատագիրը ռուս վերլուծական դասավորությունների մեջ: Հայկական տեսական մտքի որ դրույթներ են հաստատվում եւ որոնք վիճարկվում
Ե
վգենի Սատանովսկի եւ Իվան Ստարոդուբցեվ [turkey_is] քաղաքագետները մոսկովյան ռադիոեթերում Թուրքիան բնութագրեցին իբրեւ Ռուսաստանի «գերեզմանափորի» թիվ “1” թեկնածույի, չմոռանալով հիշատակել չինացիներին ու ճապոնացիներին, նաեւ ուկրաինացիներին ու ֆիններին: Հայերը ցանկում չէին, պետք է ենթադրել, քաղաքական նկատառումներով: Մինչդեռ Ռուսաստանի քաղաքական մահվան ամենագործուն բանալին հայերի ձեռքին է (Կուրղինյան): Հենց այդ հանգամանքով է բացատրվում հետխորհրդային աշխարհակարգի փլուզման վերջին փուլում տեղի ունեցող կատաղի հարձակումը Հայաստանի վրա հյուսիսից:
Ինչու՞ է կարեւոր ռուսական տեսակետը: Նախ ընդունենք, որ հայ կուսակցական կյանքը ռուսական քաղաքական անցուդարձի ածանցյալն է: Սովորական լեզվով ասած, ռուսահայերը միշտ փորձել են եւ հիմա էլ փորձում են գործել, կռահելով ռուս գաղութատիրոջ մտքի ուղղությունը: Այս վարքագծի արտահայտությոնն է, մասնավորապես, «նախագահական» ընտրական եռյակ կազմելու Լեւոն Տեր-Պետրոսյանի զավեշտ-կոչը:
Ի՞նչն է «ածանցում» հայկական միտքը: Ռուսական քաղաքական անցուդարձը արտահայտվում է «երեկ Պուտին, այսօր Պուտին, վաղը Պուտին» Վյաչեսլավ Վոլոդինին պատկանող պարզ բանաձեւով, որը ճշգրիտ նկարագրում է այն անփոփոխ վիճակը, որին ձգտում է մոսկովյան ծերացող վերնախավը: Հետեւապես՝ հայ քաղաքական դասի արժեքը ոչ այլ ինչ է քան կլոր զրո: Անփոփոխի ածանցյալը, մաթեմատիկական պայմանականությամբ, այլ բան լինել չի կարող:
Այդ դեպքում, թվում է, որ հայերի դերը Հայաստանում, սա վրիպակ չէ, քննարկելը անիմաստ զբաղմունք է, սակայն իրականությունը փոքրինչ այլ է: Իրական քաղաքական կյանքը թե միջազգային, թե ներքին ասպարազում ենթակա է կարճատեւ, կտրուկ ու անսպասելի խոտորումների, որորնք ազգերին հնարավորություն են տալիս բարելավել իրենց դիրքը, կամ, ընդհակառակը՝ աղետալի հարվածների ենթարկում:
Խոտորման դեպքերում, ստրատեգիայի նույնիսկ սաղմը հնարավոր է դարձնում լուրջ, հաճախ ճակատագրական նվաճման հասնել: Հայտնի են Հայաստանի եւ Իսրայելի տրամագծորեն տարբեր դասական օրինակները՝ 1918-ին եւ 1948-ին: Առաջինը երկրորդի համեմատությամբ հսկայական «ֆոռա», այսինքն տարածքային, մարդկային, ինչպես նաեւ պետական շինարարության փառահեղ փորձի առավելություն ուներ, իսկ դրական արդյունք արձանագրեց երկրորդը: Պատճառը անկախ պետականության ռազմավարության բացակայությունն էր այդ պահին հայերի մոտ:
100 տարի անց, հայկական իրողությունը խորը արմատավորված եւ ողբերգական պաթոլոգիա է, եւ այն քնարկելը առանց երեւութները իրենց ճշգրիտ, հաճախ կոպիտ, տհաճ, անբարեհունչ անուններով կոչելու՝ հնարավոր չէ: Եթե ընթերցողը չի խորշում աղտորոշման հետ առերեսվելուց, ապա վերլուծությունը կարելի է շարունակել: Առանց ցավը իմանալու դարման ճարելը, հիրավի, առաջին պարբերության մեջ հիշատակած հայտնի գործողությանն է համարժեք:
Հնարավոր է արդյոք, դուրս գալ քաղաքական ածանցյալի մահաբեր վիճակից՝ դադարել ռուս «տիրոջ» մտադրությունների վերծանումից, կամ ընդհակառակը, դրանց կույր անտեսումից: Անշուշտ հնարվոր է: Վիճակը արմատապես փոխելու հնարավորությունները տակավին կան, նշանակում է՝ կլինեն նաեւ մարդիկ: Ոչ անցյալները, ոչ էլ ներկաները դրանցից չեն:
Ըստ Սերգեյ Կուրղինյանի, Հայաստանի ճակատագիրը երկընտրանքի է հանգում: Եթե Ռուսաստանը, նրա արտահայտությամբ «պառկում» է Թուրքիայի տակ, ապա սպառնալիք-Հայաստանը վերանում է ռուս-թուրքական համատեղ հարվածների ներքո: Իսկ եթե Ռուսաստանը մարտնչում է թուրքերի հետ իր ինքնությունը պահպանելու համար, բուֆեր-Հայաստանը ոչնչանում է միջուկային բոցերում: Երկրորդը, ըստ ռուս տեսաբանի, նախընտրելի է եւ հանձնարարելի:
Մեր խոսքը Լավրովյան ծրագրով նախախշված ճակատագրից խուսափելու ուղիների մասին է: Այլ կերպ ասած՝ իրական, այլ ոչ ածանցյալ ռազմավարություն որդեգրելու մասին:
շարունակելի
.