ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սյունիք-Գեղարքունիք-Տավուշ եւ այլ տեղեր. Ստանիսլավսկու հետ կապ չունեցող ռուսական թատրոն

Սկիզբը՝ այստեղ

 

Սյունիքի շուրջ «դուք հարձակվեք, որ մենք հայերին փրկենք» ղարագյոզ թատրոնը ռուսների հորինած «ադրբեջանցիների» կատարմամբ անշեղ մոտեցնում է հայ-ռուսական հազարամյա սագայի հանգուցալուծումը: Մոսկովյան մանկական դրամատուրգիան հայ տափակ խեղկատակությամբ համեմող կառավարությունն ու ընդհանրապես քաղաքական դասը անխուսափելի են դարձնում հայ հանրության մեջ ռուսամոլության վախճանը

Ռ

ուսամոլությունը, իբրեւ ազգային իրական կյանքը օտարի կարծեցյալ երաշխիքներով փոխարինելու ամենավառ դրսեւորում, արդեն հավաքել է իր ավարը միլիոնավոր կյանքերի տեսքով: Հիմա միայն հոգեկան խորը խեղում ունեցողները չեն տեսնում, որ Մոսկվան հեռանալու է Կովկասից վերջին հայի կյանքը իր հետ տանելով:

Հայ-թուրքական կոնֆլիկտը ռուսների կենսական էներգիայի առավել զորեղ աղբյուրն է: Լավրովյան ծրագիրը սնվել է այդ էներգիայով եւ շարունակում է սպառնալ Հայաստանին: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Ռուսական կայսրության պարագծով հրահրված բախումների մեջ հայ-թուրքականը եզակի է: Բանն այն է, որ մնացած բոլորը բինար են՝ այսինքն ներառում են Ռուսաստանը իբրեւ անմիջական կողմ: Սրանք, ի տարբերություն հայ-թուրքականի, ռուսների համար անհարմար կոնֆլիկտներ են:

Հարմարավետությունը անհնար է դարձնում հայերի եւ թուրքերի ազատումը ռուսներից, քանի դեռ «եռում» է երկկողմ կռիվը: Ուստի Ռուսաստանի առաջնային խնդիրը կոնֆլիկտը անընդհատ հրահրելն է ցանկալի է միանգամից երկկողմ թշնամանք սերմանելու միջոցով: Թե ինչու է Ռուսաստանը այս կոնֆլիկտում իբրեւ սպառվող նյութ եւ թիրախ ընտրել հայերին, այլ ոչ Արեւմտյան Հայաստանում կամ Մերձկասպյան Արեւմուտքում արմատ ձգած թուրքերին՝ հատուկ հարց է, որ ունի իր բացատրությունը «հազարամյա» բնորոշման մեջ: Այս մասին՝ առանձին:

ՀՀ սահմանային խնդիրը, այդ թվում Սյունիքում, որ ստեղծվել էր Լենին-Քեմալ 1919թ. սկզբունքային համաձայնության եւ 1921թ. Մոսկովյան պայմանագրի միջոցով, դեռ ծառայելու ու ծառայելու է ռուսներին: Դուրս կգա Բաքուն Մոսկվայում գծված սահմաններից Սյունիքում, թե մնալու է՝ նշան չունի: Երկարուձիգ սահմանը մնալու է ռուսական պարզունակ ներկայացման թատերաբեմ՝ ՀԱՊԿ-ով, ԵԱՏՄ-ով, ԱՊՀ-ով եւ հյուսիսային խայտաբղետ այլ դեկորների պաճուճանքով: ՀԱՊԿ-ախառն թատրոնը շարունակվելու է ամենավատ ընթացքով, եթե չսպառվի օտարամոլության վառ դրսեւորում հայկական ռուսամոլությունը:

Սպառվելու դեպքում միայն հնարավոր է կանգնեցնել հային մաղող ու մաղող ռուսական այն հողմաղացը, որ հայատյացություն է ստեղծում թուրքերի մեջ եւ թուրքատյացություն հայերի շրջանում: Լսենք մայիս 14-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի հռետորներին. Առավել հաճախ արտասանվող բառերն են թուրքը եւ դրանից փրկող ՀԱՊԿ-ը: ՄԱԿ բառը փոխարինված է անորոշ եւ անդեմ միջազգային հանրությամբ: Այո, ղարագյոզը պարզունակ թատերական ժանր է, մնում է հանդիսատեսը պարզամիտ չլինի: Եթե ազատվել օտարամոլությունից՝ կարելի է տեսնել քաղաքական այլընտրանքների, այդ թվում, պատմության խորքից եկողների, լայն հորիզոնը: Բավական է զոհվել հանուն ոմանց կեցության:

շարունակելի

.

Կարդացեք նաեւ այս եւ այս

  |