ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակեցրել է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների տարածքների վերաբերյալ Պուտինի հայեցակարգը: «Ինչով մտաք ԽՍՀՄ՝ դրանով էլ մնացեք» ժողովրդական ձեւակերպումը ստացած հայտնի սկզբունքը, որ Պուտինը առաջադրել էր Ղրիմի միացման կապակցությամբ, հասնում է իր ավարտուն տեսքին: Հայաստանը ռուսներին տալիք հող ունի
–
«Ռ
ուսն ու ուկրաինացին մեկ ժողովուրդ են եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը հնարավոր է միայն ՌԴ հետ դաշինքի տեսքով» պարզ բանաձեւի երկար-բարակ որոճումներ ներկայացնող 2021 հուլիս 12-ի պուտինյան հոդվածը բարձրացվում է իրավական կուռ պատվանդան: Այդպես է թվում Պեսկովին: Քաղաքական արիության մասին ուրույն պատկերացում ունեցող ռուս առաջնորդը բուն ուղերձը ինչպես միշտ չի արտաբերել՝ թողնելով դա համհարզներին:
Ինչ պարզաբանում է տվել Պեսկովը
Ըստ մոսկովյան ռադիոկայաններից մեկին Պեսկովի տված պատասխանի` «Ռուսաստանի [Դաշնության] սահմանների վերաբերյալ պահանջներն անտեղի են, քանի որ այն [Ռուսաստանը] դուրս չի եկել Խորհրդային Միությունից: Մնացած սահմանները քննարկելի են»: Պարզաբանման առիթը Պուտինի հոդվածում ուկրաինական տարածքների հանդեպ Ռուսաստանի պահանջների հերթական բաժինն էր: Ուկրաինական կողմը հանդիպակաց պահանջ է ներկայացրել նախկինում Ուկրաինայից ՌՍՖՍՀ անցած տարածքների, մասնավորապես, Տագանրոգի նկատմամբ: Ռուսաստանից իրենց ունեցած պահանջների մասին են հիշել նաեւ նախկին Բալթյան հանրապետությունները:
Ահա այս հանդիպակաց պահանջներին է պատասխանել Պուտինը իր խոսնակի շուրթերով: Այլ կերպ ասած, Ռուսաստանը իրավասու է պահանջներ ներկայացնել իր նախկին գավառներից ում ուզի, իսկ իրենից պահանջ ունենալ ոչ ոք չի կարող: Սրանով առաջադրվեց ա) ԽՍՀՄ տարածքում պահանջների միակողմանիության սկզբունքը եւ ընդունվեց բ) ՌԴ կողմից տարածքային պահանջների առկայությունը «հողային պարտապանների» անորոշ շրջանակի նկատմամբ։
Այս կետերի համադրությունը նշանակում է, որ Արցախի եւ ՀՀ տարածքների հանդեպ ոտնձգությունները ներգծվում են մինչեւ այժմ չարտաբերված ռուսական «հայեցակարգի» մեջ: Ընդ որում, ի տարբերություն եվրոպական մասում մնացած խնդիրների, Հայաստանի հանդեպ Ռուսաստանը հանդես է գալիս թե իր, թե իր իսկ ստեղծած պրոքսիի՝ այսպես կոչված «ադրբեջանցիների» տեսքով: Ամեն բան տեղն է ընկնում: Հայերը իրավունք չունեն պահաջել 1921թ. կորսված Կարսն, Արարատը, Նախիջեւանը եւ Արցախը, բացի այդ՝ Ռուսաստանին դեռ հող ու ընդերք են պարտք:
Որն է Հայաստանի եւ Ուկրաինայի դիպվածների ընդհանրությունը
Համեմատենք «Ռուսն ու ուկրաինացին մեկ ժողովուրդ են» պուտինյանը եւ Երեւանում նախընտրական առաջին հրահանգավորման ժամանակ ՌԴ դեսպան Կոպիրկինի պնդումները: Սերգեյ Պավլովիչն ասել էր «հայերը եւ ռուսները ընդհանուր ինքնություն ունեն»: Այնուհետեւ համեմատենք պուտինյան «Ուկրաինայի ինքնիշխանությունը հնարավոր է միայն ՌԴ հետ դաշինքի տեսքովը» եւ նախընտրական երրորդ հրահանգավորման ժամանակ նույն դեսպանի ասածը. «ինքնիշխան Հայաստանի եւ Ռուսաստանի դաշինքը անալտերնատիվ է»:
Հերթը «Ինչով մտաք ԽՍՀՄ՝ դրանով էլ մնացեք» թեզինն է: «Այս [ՀՀ] տարածքների համար 250 հազար ռուս զինվոր է զոհվել», – ասել է Կոպիրկինին նախորդած դեսպան Վոլինկինը: Ռուսական եւ խորհրդային կայսրությունների համար 400 հազարից ավել հայկական զոհերի մասին, սակայն, դեսպանը չի հիշել:
Սրանք հայտնի ռուսական պնդումներ են, նորությունն այն է, որ դրանք համալրվել են «իրավունքը մերն է, Ռուսաստանը ԽՍՀՄ-ից դուրս չի եկել» անհեթեթությամբ, ինչը վկայում է պնդումների հուսահատ եւ վտանգավոր բնույթը:
Պուտին-Պեսկով զույգի, իսկ Պրոխանովի մասնակցությունը առավել քան հավանական է, ելույթը 1921թ. Մոսկովյան պայմանագրի զոհ հայկական ողջ տարածքի հանդեպ ռուսական նոր ոտնձգություններին հաղորդում է ինստիտուցիոնալ ձեւակերպում, ինչը անհրաժեշտ է դարձնում ՀՀ իշխանությունների եւ ժողովրդի ավելի հստակ կողմնորոշումը: Հայ եկեղեցու մասին խոսելն, ավաղ, անիմաստ է:
.
Կարդացեք
Արցախ-ՀՀ. Փաշինյանի մոսկովյան այցի բովանդակությունը
նաեւ
«Միջանցքաձեւ Հայաստան». Լավրովի գոտիներ, թե երկիր
եւ
Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվի բանտերում
.