ՀՀ վարչապետի ելույթը Իսթ Ռիվերի ափին հիշեցնում է ԽՍՀՄ ազգային ղեկավարների պլենար զեկոյցները ԽՄԿԿ գենսեկին: Փաշինյանը Նյու Յորքում մեկ ունկնդիր ուներ, ինչը մատնում էր նրա խոսքի յուրաքանչյուր ելեւէջ: Ձեզ դու՞ր է գալիս, ընկեր Պուտին, առաջ հոկտեմբեր 25* ու նոյեմբեր 29** էր՝ հիմա նոյեմբեր 9 ու հունվար 11, ես հինն էլ, նորն էլ հավասար եմ սիրում: Ցավոք սա անկման ընդամենը թվացյալ ստորին կետն է
–
Փ
աշինյանի կատարումը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից էապես տարբեր է: Սարգսյանը, այո, հաճախ քծնում էր Պուտինին, բայց քծնում էր իր նմանների՝ «միութենական» լսարանի առջեւ: Կա նաեւ երկրորդ տարբերությունը: Փաշինյանի ինտոնացիաները ուրվագծում են հայերի բացարձակ ստորադաս կարգավիճակը գոյություն ունեցող բոլոր հիերարխիայաներում, ներառյալ տեղականը: Սա ստալինյան վատագույն շրջանից էլ հոռի հեռանկար է հայերիս համար:
Եթե խորհրդային շրջանում ազգային առաջնորդները գոնե արտաքին դրսեւրման առումով հավասար էին, ապա Նյու Յորքում Բաքվի մուղամբազը ՀՀ վարչապետին տեր էր դրված՝ անվարան ստելու ու հայհոյելու իրավունք ուներ: Իրավունքը կանխավ Փաշինյանն էր տվել: Հայկական նոքարությունը, որ սերմանեց դեռ նախագահ Տեր-Պետրոսյանը, ջանում է արմատավորել Փաշինյաը: Դա պատերազմի ներկայիս միջանկյալ ելքի հետեւանքը չէ, այլ անհաջողության ակունքը: Եթե նկատի առնենք Էրդողանի թատերական ուղերձը [Եզերք, 1], ապա պարզ է դառնում, որ բացի Բաքվից, Անկարայից ու Մոսկվայից, Փաշինյանը նաեւ Թիֆլիսին է մեզ «ղարավաշ» կարգել:
Հովիվը իր երգը նվագեց ու բարձր ամբիոնից հավատարմության երդում տվեց. ես իմ ու ժողովրդիս վրա մի քանի տակ տեր եմ ուզում: Դեռ սերունդներս են իշխելու ռուս ու թուրքի քաղցր լծի տակ՝ սեփական ժողովրդից ապահով: Նման ֆանտազիաները Սերժ Սարգսյանը գոնե աշխարհով մեկ չէր հրապարակում եւ նոքարությունն իբրեւ ազգային հավատամք չէր հռչակում: Գուցե միայն դրա համար էլ ազգովին մերժվեց նախագահը: Ցավալի կլիներ այսպիսի եզրահանգման գալ:
Որն է ըստ Փաշինյանի մեր «խաղաղ» դարաշրջանի բովանդակությունը, ինչ վառ հորիզոնների հետեւ է մեզ ուղարկում եւ ինչպես չհայտնվել ռուսական եռատառ հեռվում՝ ահա խնդիրը:
.
_____________________
*) Հոկտեմբեր 25՝ Պետրոգրադում բոլշեւիկյան հեղաշրջման օրը 1917-ին,
**) նոյեմբեր 29՝ Երեւանում անկախ ՀՀ անկումը 1920-ին, այնուհետեւ խորհրդային սահմաններով սոցիալիստական հանրապետության հաստատումը