ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օմեգա Նարիմանովնան եւ «Ալլահ նիյմեթին». Ով է Փաշինյանը Անկարայում

.

Ալլահշուքյուր անունից հետո հարկ է շտապ յուրացնել «ալլահ նիյմեթի» (թրք-արաբ. աստծո շնորհ, աստվածատուր –հեղ.) անվան, ավելի ճիշտ, մականվան արտասանությունը: Այդպես են կոչում թրքական վերեւներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «մի հոգավորը» ասելու փոխարեն: Ինչ ծառայությունների համար է հայ ղեկավարը արժանացել կեսլուրջ-կեսկատակ այս տիտղոսին 

.

Ե

թե մեկ բառով ասենք, ներկայիս պահով՝ պատմական ծառայությունների համար: Հայ-թրքական «անպայման նորմալացման», իսկ ռուսական մամուլի մատուցմամբ, մերձեցման եւ հաշտեցման մասին խոսելիս, կարեւոր է տեղյակ լինել թուրք հանրությանը համենայն դեպս հայտնի՝ մթնոլորտին եւ տրամադրություններին: 

ՀԵգնանքի տարրը անշուշտ առկա է, քանի որ ըստ նախագահ Երդողանի «աշխարհին անհայտ» Հայաստան երկրի թափառական մաքսանենգների ղեկավարը ինքնին անհեթեթ, կատակի պես մի բան պիտի լիներ: Այդուհանդերձ, «աստծո շնորհի» փոխաբերությունը այս դեպքում արդարացված է: Միայն աստվածային գերագույն միջամտությամբ թշնամու ողնաշարը կոտրած ժողովուրդը կարող էր պարտված հռչակվել եւ անորոշ բնագծեր նահանջեր: 

Պատերազմի օրը գուշակած, բայց ժամը շփոթած ու դրանից ձախողած, կռվի նախօրեին 2050 թվական անրջող, մեկ տարի անց հանրությանը դարձյալ հեռավոր 2050 թվականով կերակրող ու, դրանով հանդերձ, վերընտրված որեւէ թշնամի- ղեկավար հիրավի աչքի լույս եւ «ալլահ նիյմեթի» է՝ ինչ լեզվով էլ արտաբերվի քմահաճ բախտի անակնկալ ընծան:  

Սակայն, համառորեն զարգացնելով Ցյուրիխ-2 ծրագիրը, այս անգամ արդեն ոչ թե ԱՄՆ այլ Մոսկվայի հովանու ներքո Լավրով-2.0 պլանի ծիրում, հակահայ կոալիցիան մոտեցել է «ալլահ նիյմեթիի» անխնա շահագործման ժամկետի ավարտին: Հիմա Էրդողանի համար խնդիրը թշնամու, այսինքն մեր, հաստատակամությունն է շարունակել ընթանալ Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքի համար շահեկան ուղով: 

Փաշինյան-Քոչարյան տանդեմի միջոցով 1921 թվականի՝ հայերի եւ Հայաստանի համար աղետալի իրողությունները ընդարձակելու եւ օրինականության ուժով օժտելու թշնամու ջանքերը, եթե դատենք Ազգային Ժողովում ծավալվող եւ հոգեբուժությանը քաջ հայտնի երեւույթից, մոտ է հանգուցալուծման: Միջազգային լարումները նույնպես ոչ մի լավ բան չեն խոստանում:

Թեթեւ շշերով ձնագնդիկ, այնուհետեւ ծանր բռունցքների տարափ կոֆեդադարին, միջանցքում մեկ հայհոյանք, մեկ էլ ուրախ քրքիջ ու ծննդյան կենացներ, ռադիոեթեր սփռվող Օմեգան ինքդ ես, Նարիմանով՝ անվերծանելի կոդային կոմունիկացիաներ: Սրանք ախտահարված այսպես կոչված «շիզոիդ շրջանակի» կլինիկա են: Բայց պետք չէ վերագրել կլինիկան ԱԺ-ին, ՔՊ-ին, Հայաստանին, պատիվ ունեցողներին կամ էլի որեւէ կոլեկտիվի: Կոլեկտիվը, ավաղ, բոլորս ենք լինելու: Եթե հանդուրժում ենք նման վիճակ, ապա շրջանակը շուտով շատ լայն է դառնալու: 

Դեմագոգին դեմագոգ պիտի ասվի, քփ-ական կիսագրագետ ստատիստներին՝ ստատիստ, բազմակի օգտագործման էլեկտորալ հենակներին՝ հենակ-խմբակցություն: Ինքներս մեզ՝ ծույլ ու պարզամիտ օտարամոլ: Ուղիղ, առանց օմեգաների եւ նարիմանովների: Այդ դեպքում հանգուցալուծումը համեմատաբար դյուրին կլինի եւ շինիչ: Հակառակ դեպքում ինքը ալլահը չի փրկի, ոչ մերը, ոչ էլ նրանցը՝ ուր մնաց ալլահ նիյմեթին:

…………
Լուսանկարում՝ 2021, Էրդոլանն ու Ալիեւը ֆոն են ընտրել գրավյալ Քարինտակի մատույցները. կոլաժ-ֆանտազիա Ջոնոթան Սվիֆթի ոգով |

.

.
.

Կարդացեք նաեւ՝