ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Դա են պահանջում մեր երկրի շահերը». Տոքսիկ «իզմի» պատանդը

.

Շահերը, իրոք, «դա» են պահանջում՝ այն էլ ինչպես են պահանջում: Հարց է միայն, թե հատկապես ո՞ր երկրի շահերը: Տպավորություն է, որ ոմանց գլխում «հայ-թուրքական» սահմնանը վաղուց բացվել է եւ նրանք կորցրել են պատկանելության զգացումը, եթե ինչ-որ սաղմեր ունեցել են, անշուշտ

.

Վ

երջին կասկածը ամենեւին մտացածին չէ, եթե նկատի առնենք, որ ՔՊ քաղաքական եւ մշակութաբանական հիմնարար դրույթներից է «հայերը կովկասյան ժողովուրդ են» պնդումը: Այս վերջինը, իր հերթին տանում է դեպի խիստ տոքսիկ մի «իզմ», որը 1997-ից ի վեր միառժամանակ քնած էր: Մոռանանք «իզմերին» չհետեւելու 2018 թվականի Փաշինյանի խոստումը, դա մոլորեցնող հնարք էր: Իրականում նա, ավելի ստույգ՝ թիկունքում կանգնած քյոյնա ձեռնածուները համառությամբ հետապնդում են հայտնի «իզմի» հեռուն գնացող նպատակները: Սխալ է մեր հերոսի մասին խենթի կամ կույր կատվակի պատկերացումը: Նրա քայլերը առնվում են տեսական հիմնավոր հողի վրա:

Ո՞րն է այն երկիրը, որի շահերի մասին է խոսում Նկոլ Փաշինյանը «նորմալացման» առնչությամբ: Եթե այդ երկիրը գոյություն ունի եւ Թուրքիան կամ Ռուսաստանը չէ, ապա պարփակված է Սարդարյան-Տեր-Պետրոսյան դոկտրինի տեսական կորպուսում: Ոչ մի դատ եւ հատուցման պահանջ ազգային կամ միջազգայն կառույցներից եւ ատյաններից: 1915-1923 թվականների արյան ծովի եւ հողերի բռնազավթման վրա կառուցված Մոսկվա/Կարս/Լոզան 1921-1923 թվականների պայմանագրային հենքի անվերապահ իրավական ճանաչում: ՀՀ եւ հայ ժողողովրդի հանդեպ բոլոր պահանջների անվերապահ եւ անհատույց ընդունում եւ բավարարում՝ երբ եւ ում կողմից էլ դրանք առաջադրվեն: 

Ահա այդ երեւակայական երկրի «ողնաշարը»: Ո՞վ է բնակեցնում երանելի երկիր-ռեզերվացիան: Մարդկանց մի համայնք, որ պետք է բնութագրվի «հայը՝ սովորական ժողովուրդ» բանաձեւով: Սովորականացման եւ բնօրրան Միջագետք-Առաջավոր Ասիայից աշխարհագրական-քաղաքական-մշակութային անջատման միջոցն էլ, ահա, նիկոլական «կովկասացումն» է: Պարզ է, որ սեփական ոչնչացման հանդեպ հանդուրժողական ժողովուրդը ոչ այնքան «սովորական», որքան ապուշ պետք է լինի: Խնդիր է նաեւ, որ ոչ մի «սովորական» ժողովուրդ երբեւիցե այսպիսի մոլեռանդությամբ չի ոչնչացվել:  

Էրդողան. «Մենք այդ վոճիրը չենք գործել: Ով գործել է, կարող է մեղայի գալ: Բայց Թուրքիայի Հանրապետությունը, թուրք ազգը այդ խնդիրը չունեն»

Միանգամայն բնական է, որ երեւակայական երկրի եւ ժողովրդի տերպետրոսյանական բնորոշումը հուզիչ ներդաշնակության մեջ է գտնվում 1915-1923 թվականների վայրագությունները իրականացրած երեք հիմնական երկրներից առնվազն մեկի՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարության հետ: «Հայաստանը աշխարհին հայտնի է միայն 1921 թվականից» եւ «հայերը Օսմանյան կայսրությունում առանց հայրենիքի, դեսից-դենից եկած թափառական ժողովուրդ էին» պնդումները պատկանում են հայ-թուրքական «նորմալացման» պահանջատեր Ռեջեբ Թայիբ Էրդողանին [Մերիլենդ, 1]: Մեկ այլ պահանջատեր, արդեն Կասպիցի ափերից, իր համոզմամբ հայերին այլեւս օժտել է «հավերժ պարտված ժողովրդի անջջելի խարանով» [Ալիեւ, 2]: 

Գյումրիում ապաստանած տասնյակ հազարավոր որբերից մեկ խումբ ամերիկյան NER մանկատան բակում | ցանց

Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի ունիսոնը դեռ որեւէ իրավական հանգրվանի չհասած, արդեն հուժկու հարված է հասցրել հայ սփյուռքին: Առանց Արեւմտյան Հայաստանին սահմանակից Կարսի, Բայազեթի, Նախիջեւանի՝ 1921 թվականի իրողություններից էլ վատթար (խոսքը ոչ միայն Արցախի անցալ այլ եւ Նախիջեւանի ներկայիս կարգավիճակի աննպաստ փոփոխության մասին է) պարտադրանքը հայկական որեւէ դոկտրինալ ընդգրկում ինքնաբերաբար մղում է կովկասյան պերիֆերիա: Դա էապես վտանգում է հայության 10 միլիոնանոց, այսինքն ռեզերվացիայից դուրս, մեծագույն հատվածի ճակատագիրը: Այս առումով, առանց հայկական, ընդգծենք՝ հայկական նախապայմանների նույնիսկ սովորական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը խնդրահարույց է: Կան հարաբերվելու այլ եղանակներ, ավելի ցածր մակարդակի վրա: Հակառակ դեպկում, սփյուռքը, հայրենիքի խարիսխը կորցրած մակույքի պես ծվեն-ծվեն է լինելու մեկ սերնդի կյանքի ընթացքում: Արամ Ա Կիլիկիայի Պատրիարքը տագնապում է. «Երիտասարդութիւնը սկսած է հեռանալ մեր կեանքէն, մեր հաւաքական կեանքէն, մեր կառոյցներէն»: [Անթիլիաս, 3]:

Բավականին կուռ, այն է՝ բանակը զինաթափելու, ժողովրդի պաշտպանական բնազդը եւ հմտությունը ապամոբիլիզացնելու, հյութեղ քյաբաբի տոտեմը միակ դավանելի դարձնելու, էսթետիկական կողմնորոշիչները օտար՝ քարթվել-քրդական համակարգի մեջ խցկելու, տնտեսությունը ռուս-թուրքական կոմպրադորներին հանձնելու ծրագիրը Առաջավոր Ասիայի պես շրջանում «խաղաղության դարաշրջանի» փոխարեն որեւէ ժողովրդի տանում է ուղիղ դեպի բնաջնջում, ցեղասպանություն: Մանավանդ, հայերի նման «սովորական» ժողովրդին: 

Նոր աղետից հետո՝ արդեն նոր տերպետրոսյաններն ու փաշինյանները առաջադրելու են «սովորական ժողովրդի» իրենց տեսլականը: Միայն թե, ուղղելու են այն հայ ժողովրդի՝ ազգային զատիչ հազիվ նշմարելի հանգամանքը կրող, ցաքուցրիվ մնացորդներին: Դարձյալ Արամ Ա Կաթողիկոսից. «Սակայն այսօր դժուար է յստակ չափանիշներ հաստատել հայուն ո՛վ ըլլալուն մասին: Միայն հայերէն խօսո՞ղն է հայը»:

Տոքսիկ «տերպետրոսյանիզմի» եւս մեկ իտերացիա հայ ժողովուրդը պարզապես չի վերապրի, եթե նկատի ունենանք, որ առաջինը կիրառկվել էր նախորդ դարաբաժանին «միլլեթ-ի սադիկային» եւ ռուսական մետրոպոլիային հավատարմության շրջանակներում: Չկան ոչ տաճկաց պադիշահը, ոչ էլ ռուսաց ցարը, բայց ահա ամենակուլ «իզմի» դեւը նորից բացել է իր գարշահոտ երախը, այս անգամ ի դեմս դուխն իրեն կերած հոգեզավակի:

2021 հունիս, տոքսիկ «իզմի» հովանավորներից երկուսը գրավյալ Քարինտակի համայնապատկերի վրա | AP

…………
Լուսանկարում՝ կոլաժ. ամբոխավար հմայման դիմողը ստիպված է ձուլվել կերպարի հետ

.

.
.

Կարդացեք նաեւ՝