
Հռոմում Կոլիզեումի պատին փակցրած քարտեզը ներկայացնում է համեստ Հայաստան
Հակառակ նրան, որ վարչապերը դեռ պտտում է իր ճաքած ձայնապնակը, իսկ իբր հայկական, բայց իրականում 99%-ով օտար մեդիայի լվացած մեր ուղեղներում ծվարել են վիրուսակիր նիկոլիկներ, «նիկոլից հետոն» արդեն ընթացքի մեջ է։ ԻՆչ է ուրվագծում ապագան և ինչպե՞ս է այն միահյուսվում հայոց պատմությանը։
.
Ն
ախքան մոտալուտ գալիքին անդրադառնալը, հայացք նետենք ներկային: Հայաստան պետություն, որպես ինքնիշխանության գեթ փշրանքի կրող, գոյություն չունի: Կա 2018-ին լիակատար օտար կառավարման տակ անցած մունիցիպալ միավոր իր անորոշ կարգավիճակով եւ տարածքով՝ յուրատեսակ «հսկա Արցախ»։ Այս գոյացության գործառույթները երկուսն են. ՔՊ իշխանության երկարաձգում եւ ԿԳՄՍՆ քայքայիչ օրակարգի ապահովում:
Չկա նաեւ Հայաստան երկիր, որպես որոշակի էթնոսին պատկանող հող, ու խնդիրը «կադաստրի թուղթը» չէ: Էթնոսը, ցեղը ինքը չկա: Էթնիկ նույնացումը ձեւավորող անցյալը, հավատամքը, լեզուն, ավանդույթը, այբուբենը («այբուբենը ստորադաս է պետությանը» Փաշինյան, 2021)՝ բոլորը հայտարարված են մնացորդային բեռ («մենք չպետք է ծառայենք պատմությանը» Փաշինյան, 2022) եւ պաշտոնապես հերթագրվել են ոչնչացման ԿԳՄՍՆ դիակիզարանում:

Ն.Ս.Օ. Տ.Տ. Կաթողիկոս Գարեգին Բ հայ հանրության «դինամոն» իրականացնող ռուսապատկան բազմաթիվ խմբակներից մեկի կենտրոնում, Էջմիացին 2023 թվական
Եթե այդպես է, արդյոք սա վերջն է: Իսկապես, ազգապահպան, ազգային պետական որեւէ բովանդակությունից ի սկզբանե զուրկ սերժա֊ռոբա-նիկոլական «Մերժիր» մանիպուլացիան միտված էր դավադիր պատերազմի եւ դրանում՝ «հայերի հավիտենական պարտության» (Ալիեվ, 2021): 2013-2015 թվականներին օտար հատուկ ծառայությունների ընդերքում մշակված ծրագրերը հայոց պետության ու ազգի հետագա կազմալուծման եւ երկրի տարածքային մասնատման նպատակն էին հետապնդում:
Այդուհանդերձ, նկատենք, որ իշխող շրջանակում տիրող տենդն ու զառանցագին շատախոսությունը հատուկ է մահապարտների ճամբարներին եւ հուշում է մեզ այլ՝ ավելի հաճելի գալիք: Ինչն է լավատեսություն եւ իրավիճակի բեկման նախադրյալը, եթե ոչ ազգ կա, ոչ էլ երկիր:
Հայոց պատմության թաքցվող փառահեղ 90 տոկոսը
Նախադրյալն ինքը կատաղի գրոհի թիրախն է՝ պատմությունը, դրա կայուն փաթերնները: Դա է պատճառը,որ ազգի հիշողությունը այսպիսի ջանասիրությամբ է ոչնչացվում: Տեղի ունեցողը ամենեւին նորություն չէ հայոց պատմության համար: Մեկ անգամ չէ, որ մենք անցել ենք անկման եւ վերելքի փուլերով: Ավելին՝ նման պարբերականությունը հատուկ է բոլոր ժողովուրդներին եւ, սկզբունքորեն, կարող է ունենալ տարբեր ելք: Մեր բարդությունը այն է, որ պատմության նույնիսկ «կանոնիկ», երեւացող մասը պետական մակարդակով աշխարհագրորեն խցկվում է սովետական Հայաստնի սահմանների մեջ, մինչ պատմության գերակշիռ մասը ավանդաբար թաքցված է:
Թաքցնողները բոլորն են՝ օտարները («հայը թափառական ցեղ է, որ XIX դարի վերջում քոչով եկել-հայտնվել էր Եվրոպայում եւ Անատոլիայում ու դեպքերի բախվել, ընդ որում որպես երկիր Հայաստանը պատմությանը հայտնի է դարձել միայն 1921 թվականից՝ շնորհիվ Թուրքիայի գթասրտության»․ Էրդողան 2019, Մերիլենդ, ԱՄՆ), նաեւ իշխանավոր դրածոները, մարքս-լենինյան «ազգային» ակադեմիան եւ ինքնամփոփության մեհյան՝ Էջմիածինը: Այս պահին այդ չորս ուժերն են գործում հայի վրա խաչ քաշելու համար:

Ռուսական դեսպանատնից ուղղորդվող եւս մեկ խմբակ «դիմադրության» անվան տակ իրականացնում է հայ հանրության ուժերը ջլատող քաղաքային զբոսանքներ
Ո՞րն է թաքցվող պատմական իրողության կորիզը՝ ինչու են թաքցնում: Դա հետեւյալն է. միշտ, վստահ կարող ենք ասել, միշտ հայկազյան ցեղը գտնվել է հայկական կայսրական աշխարհակալության եւ հայկական ինքնամփոփության երկընտրանքի առջեւ: Այդուհանդերձ ցեղը հաջողությամբ կըանքի է կոչել մեզ հայտնի առնվազն երեք կայսրությունների նախագծեր: Դրանցից ամենամեծը, որին միջնադարի արաբները «Մուլք Արմանի» էին կոչում, իսկ XIX դարում գերմանացիները «Բյուզանդիա» անվանեցին, հասավ հսկայական չափերի՝ տիրեց լիակատար աշխարհակալության ու գոյատեւեց կայսրություններին առավելագույնս հասանելի 500 տարին՝ VIII-XIII դարերին: Իտալացիների եւ ֆրանկների հարվածներից 1204 թվականին ընկավ հայկական արդեն զառամյալ գրեթե միլիոնաբնակ Կոնստանդնուպոլիսը։ Նրան ժառանգեցին հունական Նիկեան եւ դարձյալ հայկական Տրապիզոնը, որոնք, սակայն, վիթխարի կայսրության ընդամենը անկենսունակ բեկորներն էին, որւնք արդեն XVI դարի կեսին ենթարկվեցին օսմանյան փոխակերպման: Լատինական Արևմուտքը անսպասելիորեն հայտնվեց հին աշխարհի իր Վերածնունդով, որը նյութական, ժողովրդագրական և հոգևոր առումներով տեղահանվել էր կայսրության Հայկական Վերածնունդի կենտրոն՝ Կոստանդնուպոլսից։
Իր պետական գաղափարախոսությամբ նախադեպը չունեցող բազմադավան մինի-իմպերիա էր Հայոց Թագավորությունը (Կիլիկիա, Լեվանթ XI-XV): Այդ թագավորությունը հայ քաղաքական մտքի, պետականաշեն ավյունի, կայսերական հինավուրց ջիղի, առեւտրական տաղանդի, էսթետիկական ընդգրկման եւ ռազմարվեստի բարձրագույն դրսեւորումն էր: Ամենեւին պատահական չէ, որ օտարների նիզակներից ավելի սուր էին Կիլիկիո Մեծի Տանն ուղղված հենց հայկական, «մշտնջենական» ինքնամփոփության, առաջին հերթին «մայր հայրենյաց» եկեղեցու, սլաքները:
Օրինաչափ է նաեւ, որ Երվանդունյաց եւ Արշակունյաց շրջանի հսկայածավալ բազմադավան կայսրությունը միայն XIX դարավերջի անգլիական պատմագրության շնորհիվ է, որ այսօրվա հայ իրողության մեջ «հայկական» բնորոշումն է կրում, այլապես կորչելու-գնալու էր իբրեւ «պարսկական», ճիշտ այնպես ինչպես քիչ առաջ նկարագրած երկուսը՝ «հունական» ու «ֆրանսիական» են ներկայացվում: Մինչդեռ, հրեաները չեն մոռացել ավելի քան երկու հազար տարի առաջ Երուսաղեմի գլխին իջած հայկական գավազանի ծանրությունը: Ամենեւին չեն մոռացել հայ Տիգրանեսի «սիրասուն» այն կնիքը, որը վերջին պրպտումների համաձայն ասպարեզ բերեց հրեից դիմադրության կրողին՝ Հիսուս Նազովրեցու անանուն նախակարապետին:
Մարդկանց մոլորեցնելու նարատիվները թելադրում են մոռանալ, չհիշել, խունացած անցյալ համարել ամեն բան, ինչ առնչություն ունի հայ ցեղի պետական հիմքերի հետ: Սահմանագիծը տարվում է ընդհուպ 387 թվական՝ որպես հայոց պատմության օտարի կողմից որոշված ավարտ: Իրողությունը սակայն այլ է. դեռեւս մինչեւ կիլիկյան հերոսապատումը, աշխարհակալ եւ մեկուսի հայ պետականության բախման առավել վառ դրսեւորումն էր 1071 թվականի Մանազկերտի (Մուշի մերձակայք) ճակատամարտը, որում Կոնստանդնուպոլսի եւ սելջուկ թուրքերի կողմից բախվեցին հարյուր հազար կազմող հայկական բանակները:
Նույն երկվության ճիրաններում էին գտնվում հարյուր հազարանոց հայկական այն բանակները, որոնք Խաչակրաց արշավանքների ընթացքում հիմնական զինված ուժն էին հանդիսանում միաժամանակ հակամարտող երկու կողմերից՝ լատինականից եւ մահմեդականից: Հռոմեական շրջանից ի վեր օժանդակ համարվող հեծելազորը հայկական այրուձիու շնորհիվ դարձավ մեկ հազարամյակ շարունակ իշխող ռազմատեսակ: Հենց այս «կենտավրոսներն» էին գրոհել Սիցիլիան՝ հարձակվելով ափի վրա հայկական դեսանտային նավատորմի տախտակամածներից։ Այնուհետև Ներսես սպարապետի հայկական հեծելազորն ու հետեւակը գրավեց Հռոմը և Միլանը՝ ամբողջությամբ մաքրելով Ապենինները օստգոթերից։
Պակաս փառահեղ եւ, միաժամանակ, հակասական չէ նաեւ ազգի արեւելյան հատված պարսկահայերի՝ հայրենի պետականության վերականգնմանը միտված շարժումը XVI-XVIII դարերին: Հայտնի՞ են հայոց պատմության այս հանգամանքները լայն հանրությանը: Հազարից մեկին թերեւս հայտնի են, այն էլ խիստ մոտավոր եւ դիտավորյալ գլխիվայր շրջած տեսքով: Փոխարենը՝ ավելի հարազատը «որտեղ հացի» ու «եղունգ ունեսի» ոգով ռուս-թուրքական պրոպագանդա տարածող տաքսիստն ու վարսավիրն են, իսկ հայրենիքը՝ ընդամենը նվիրական «հայաթն» է ու, առավելագույն ընդգրկմամբ, դիմացի մայթի հացի խանութը:
Մեզ արածեցնում են աչքերը ամուր կապած եւ այդպես ուղղորդում դեպի սպանդանոց: Բավական է հանել կապանքը աչքերից, եւ աշխարհագրական ու պատմական հեռանկարը այլ կերպ կներկայանա: Հայոց պատմությունը ընթացքի թափի, կամ բնագիտական լեզվով ասած՝ մոմենտումի հսկայական պաշար ունի, որպեսզի մեկ օրում ավարտվի: Մեզ հենց այդ թափի պաշարից են փորձում զրկել:

Ն.Ս.Օ. Տ.Տ. Կաթողիկոս Գարեգին Բ հայոց պատմության նշանավոր կեղծարարների եւ հակահայ քարոզիչների՝ Մոսկվայից առաքված եւ տեղաբնակների ժողովի կենտրոնում, Էջմիացին 2021 թվական
Խաղաղասեր հայ ազգի միֆը
«Դե մեզ միշտ հալածել են, մենք միշտ էլ պարտվել ենք ու տուժՎած կողմ ենք եղել, արդեն 17 դար է պետություն ու բանակ չունենք»: Ծանոթ նարատիվ, խոսույթ կամ ասույթ՝ հերթապահ տրտունջ, կամ անտարբերության մեծ մեղքից ազատող փաստարկ։ Եզրակացությունն այն է, որ մեզ «հալածել են», դա արել են «միշտ», և դա ինչ-որ «նրանք» են եղել։ Կեղծ ժամանակագրությունն ու կեղծ աշխարհագրությունը մի կողմ դրած, ինքնին ենթադրվում է, որ օտարն էր մեզ հալածողը: Մինչդեռ իրականությունն այն է, որ հայը երբ արժանի ախոյան չի ունեցել, ապա հարյուր հազարանոց բանակներ է հանել ցեղակցի դիմաց: Երկու կողմերում էլ «մենք» ենք ։ Թվարկենք մի քանի զուտ հայկական գզվռտոց և դրանց վերջնական շահառուներին։ 988․ Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Բարսեղ II Բուլղարասպանը և զորավար Վարդան Սկլիրոսը, բախման արդյունքում՝ ռուս ազգի արարումը մկրտության երկրորդ փորձից։ 1071․ արդեն հիշատակված կայսր Ռոմանոս IV Դիոգենիսը և թագավոր Գագիկ II Բագրատունին, արդյունքում՝ սելջուկների հաստատումը Փոքր Ասիայում։ 18-րդ դարի վերջ․ Խամսայի հայ մելիքների կռիվը եւ արդյունքում՝ խաների իշխանության հաստատումը Արցախում։ Յուրատեսակ քաղաքացիական պատերազմը տեւել է հարյուրամյակներ շարունակ: Ներքին կռիվների հետևանքներն են կազմում մեր իրականությունը և դեռ առաջացնում են նորերը, առաջին հերթին՝ կայուն օրինաչափություններից, փաթերններից անտեղյակության պատճառով։
Իրականում, հայը միշտ ամենից կռվազան, ամենից դաժան զինված էակն է եղել, իսկ նրա մարտի դաշտը ծավալվել է ցամաք ու ծովում Ապենինյան թերակղզուց ու Բալկաններից մինչեւ Արաբական անապատ: Հայի անունը մեկ հազարամյակ չէ, որ սարսափ է սփռել շուրջբոլոր: Ահա իրական «միշտը» եւ իրական «նրանք մեզը»: Կեղծ «միշտը» 5 հազարամյակի կտավի վրա մի ակնթարթ է, իսկ «նրանքը» որպես կանոն դարձյալ «մենք» ենք եղել: Խնդիրը միայն ֆիզիկական ինքնաոչնչացումը չէ: Շարունակաբար օտարվել, հատվել է հայ ազգի մեծագույն մասը՝ հույնի, արաբի, սիրիացու, վրացու, ասորու, մեկ խոսքով, այլադավան քաղկեդոնի, հերետիկոսի անվան տակ: Այդպիսինն են հայոց պատմության վերիվայրումները, որ այժմ հանգել են մեկ միլիոն քառակուսի կիլոմետր կազմող հայոց աշխարհի խուլ ծայրամասում ոմն ենոքավանցու ծննդյան: Դա հուշում է, որ սա իրականում բեկման կետ է: Խնդիրը «նիկոլից հետո» շրջանի անորօշության ճիշտ տնօրինումն է, հաջողության պատմական փաթերնին վերատիրանալն առանց սխալվելու իրավունքի:
«Հայի խաղաղասիրությունը», այսպիսով, ներմուծված եւ ներսից շարունակաբար սնուցվող նարատիվ է: Բավական է ասել, որ երբ 1930-ական թվականներին ԽՍՀՄ ժողովուրդներին «բաժանվում» էին ազգային էպոսներ, հայերի համար ընտրվեց եղածներից ամենաանատամը՝ Սասունցի Դավիթը: Սա Խալիֆայության չափազանցված հարկերի դեմ հայ ֆեոդալական վերնախավի դժգոհությունը նկարագրող պատում է ընդամենը: Այն՝ պետականազուրկ ազգային փոքրամասնության կարգավիճակով, մշտապես պաշարված ամրոցում գտնվելու ճակատագրի պատվաստում է եւ անցյալից դեպի ապագա տանող ազգային իղձերի համար յուրահատուկ կոլոտիկ նշաձողի սահմանում. «տեղից մի բան չենք, ի՞նչ ենք երազում»: Սա հաղթական կայսրությունների փառահեղ պատմության ժխտումն է հոգուտ ինքնամփոփման եւ ոչնչացման:
Ով է իրականում կայսերական ազգը
Որպես թշնամական պատվաստման հետեւանք, եթե հայ մարդուն ասես, թե նա երկրագնդի ազգերի կայսերական տեսակին է պատկանում, կենթադրի, որ խոսքը օտար կայսրին հպատակվելու մասին է: Ոչ, ընդհակառակը: Ապացույցը կարելի է ստանալ, եթե նույնիսկ պատմությունը մի կողմ դնենք: Այժմ ՀՀ տարածքը վերածվել է վիթխարի հասարակագիտական եքսպրեսս-փորձադաշտի: Հազարավոր օտար եկվորների միահամուռ կարծիքով, հայերը ճնշող մեծամասնությամբ ընդգծված հանգիստ, բարյացակամ, ձեռքները բաց, օտարատյացության նշույլ անգամ չկրող ազգ են: Նկատենք, որ ՀՀ հայերը իշխող, 98 տոկոսանոց հանրույթ են եւ օտարին հարմարվելու բնավ կարիք չունեն: Երեւույթը բոլորովին այլ արմատ ունի:
Բազմազգ ու բազմադավան օտարին տիրելու, նրանց հանդեպ կայսերական քաղաքականություն իրականացնելու հազարամյակները դաջված են հայ մարդու մտածելակերպի մեջ: Անկախ նրանից՝ գիտակցում ենք մեր կայսերական ազգ լինելը, թե ոչ: 2022 թվականի փետրվարի 24-ից ՀՀ տարածքում իրականացվող եզակի բնական փորձարկումը վստահելի ապացույց է տալիս:
Մեր ֆոնին թուրքերը կոմպլեքսավորված, կեղծ կայսերական ազգ են եւ դեռ առերեսվելու են անվանապես հայանալու պատմական անհրաժեշտությանը: Նույնը վերաբերում է ռուսներին: Թուրքերն ու ռուսները ընդամենը «ջարդի կայսրություններ» կառուցեցին: Լինելով Կոստանդնուպոլսի հայկական պետականության ածանցյալներ, երկուսն էլ, հակառակ հայերի անխոնջ ջանքերին, այնպես էլ ընդունակ չեղան քաղաքակրթություն կերտել: Երկու դեպքում էլ հայատյացության ակունքները թաքնված են ետադարձ կոլապսի՝ իր հայկական նախատիպին վերադառնալու արքետիպային վախի մեջ՝ սա առաջինը։ Այնուհետեւ, հայ ժողովուրդը Բրիտանիայից մինչև Չինաստան ընկալվում է վերը նկարագրված իր պատմական և աշխարհագրական ամբողջականությամբ, անկախ նրանից, թե հայերն իրենք ինչպես են իրենց ընկալում այս պահին։ Սա երկրորդ հանգամանքն է, որ պետք է նկատի ունենալ հայկական պետականությանը դիմադրելու ծագումն ու ուժգնությունը գնահատելիս։ Ոչ ոք նոր աշխարհակալ չի ուզում։
Եթե դառնանք ռազմավարությանը, ապա Թուրքիայի, Ռուսաստանի ու Վրաստանի ճակատագրերը պետք է տնօրինվեն: Այս պարտականությունից մեզ ոչ ոք չի ազատել: Տնօրինվեն ի՞նչ հիմունքով: Արդեն միայն մեկ հիմունքով՝ հայ ցեղին մեր պատկանելությամբ: Խնդիրը սա է՝ ոչ ավել ոչ էլ պակաս։ Պատահական չէ, որ հայի ինքնանույնացման հենց վիթխարի աշխարագրական ու պատմա-ժամանակագրական ընդգրկումի դեմ է ուղղված թշնամու հիմնական հարվածը («հայը կովկասյան ցեղ է»․ Փաշինյան, 2018): 1919 թվականի Էրզրումի սխալը չպիտի կրկնվի: Այն ժամանակ ռուս եւ թուրք ցեղերի լինել-չլինելը կախված էր հայի մազից (Տարասով, Regnum,): Անցյալի և ներկայի, մասնավորապես, դրա ձևավորման մեջ սեփական դերի թերագնահատման արդյունքում (ընդգծումները մերն են, Պ․Դ․), տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ կնքվեց 1921 թվականի ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը, կամ Լենին-Աթաթուրք կործանարար պակտը։ Շարունակությունը տեղի է ունենում հարյուր տարի անց։
Պավել Դալլաքյան
Տես նաեւ ռուսերեն թարգմանությունը
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝