ՀԱՅԱՍՏԱՆ

Քոչարյանի հատուկ առաքելությունը. Երեք սրբան մի սվինի վրա

  |

Դատելով Հայաստանի քաղաքական ողիմպոսում հաճախացած որոշ նշաններից, Մոսկվան այլեւս վստահ չէ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կառավարելի ընթացքին: Մոսկվային անհանգստացնում է հանրության մեջ հակագաղութային-հակառուսական գիտակցության բյուրեղացումը: Վտանգ կա, որ ռուսական ընդդիմության որդեգրած «խելացի քվեարկության» եղանակով ԱԺ մեծամասնություն կկազմի ներկայիս Փաշինյան-Քոչարյան զույգից տարբեր մի խմբավորում: Սա նշանակում է, որ ընտրությունների լինել-չլինելու հարցը դեռեւս բաց է

Ա

յդուհանդերձ արժե տեսնել, թե նախընտրական ինչ տեխնոլոգիական միջոցներ են ձեռնարկվել ռուսական սվինների վրա «հայկական» իշխանություն նստեցնելու համար, ինչը, համաձայն հայտնի ասացվածքի, գրեթե անհնարին բան է:

Պարզ է, որ Փաշինյանի հանդեպ պահպանիչ, այսինքն վերջինի առավելությունը ապահովող, առաքելությունը Վազգեն Մանուկյանից անցնում է անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանին: Մինչ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի «սլիվը» եւ ՌԴ դեսպան Կոպիրկինի հրապարակային հրահանգումը Մանուկյանը կրկնակի պահպանիչ էր, քանի որ պահպանում էր նախ Քոչարյանին՝ բառի ուղիղ իմաստով, հետո նոր Փաշինյանին՝ հիշյալ անուղղակի եղանակով: Կրեմլը այժմ գծում է նախընտրական սխեման, բերելով այն երկու հիմնական անդամի՝ գումարած մեկ ռեզերվայինը: Կան իհարկե որոշ քանակությամբ կուսակցություններ, որ նախընտրականի ընթացքին հեգելու են իրենց ավանդական «կալինկա-մալինկան», բայց դա օժանդակ համույթ է ընդամենը: Կարեւորը տեղի է ունենում տեխնոլոգիայի հիմնական բաղադրիչների միջեւ:

Մոսկվան նախատեսում էր նման սխեմա կիրառել Ռուսաստանում 2011 թվականի խժդժություններից հետո, 2012 երկփուլ նախագահական ընտրությունների ժամանակ: Դրա կարիքը առանձնապես չկար՝ պուտինյան ռեժիմից դժգոհների եռանդը արագ սպառվեց: Այնուհետեւ ընտրազանգվածին ներկայացրին Ղրիմի հաղթաթուղթը: Հիմա Ղրիմի ոգեւորությունը սառել է, իսկ Ռուսաստանի դրությունը փակուղային է ու «ընտրություններին մենք ու մերոնք ենք» սխեման օգտագործվելու է արդեն ՌԴ սեպտեմբերյան դումայական ընտրություններին: Հայաստանում կայանալու է տեխնոլոգիայի ընդհանուր փորձարկումը:

Հայաստանը՝ ռազմի դաշտ, գերեզմանոց ու նախընտրական պոլիգոն

Ենթավերնագրի առաջին երկու տարրերը բնորոշում են Հայաստանում ՌԴ հիմնական նպատակները, որոնք Լավրովյան ծրագրի ընդարձակված տարբերակն են: Երրորդ տարրը կոչված է ապահովել առաջին երկուսի իրականացումը: Բացի այս ֆունկցիայից պոլիգոնը, ինչպես նշեցինք, ծառայելու է ռուսաստանյան ընտրությունների նախապատրաստությանը:

Բացի Փաշինյանի առավելությունը ապահովող Քոչարյանից, ըստ ամենայնի, նախատեսված է նաեւ ՌԴ «կառուցողական» քննադատությունը մարմնավորող բաղադրիչը, որի դերում կարող է հայտնվել ներկայիս ներկապնակին պատկանող կամ որեւէ նոր խմբակ: Կարիք կա հակագաղութային հետպատերազմյան ընդվզումը պարփակել վերահսկելի եւ ֆինանսական զորեղ հնարավորություն ունեցող «ջրատարի» մեջ: Այսպիսով ծածկվում է քաղաքական ողջ սպեկտրը: Խոսել սոցիալական, գաղափարային տարբերակման մասին հայ իրողության մեջ առայժմ վաղաժամ է:

Ընտրական բնականոն ընթացքի, այսինքն զանգվածային «խելացի քվեարկության» բացակայության դեպքում ապահովվում է Նիկոլ Փաշինյանի համեմատական հաղթանակը՝ Ռոբերտ Քոչարյանի անցումը ԱԺ եւ «կառուցողական-հակառուսականների» որոշ ներկայությունը այնտեղ: «Խելացի քվեարկություն» տերմինը վերաբերում է պատահական կամ դիտավորությամբ ֆիքսված խմբավորման օգտին զանգվածային քվեարկությանը՝ անայլընտրանք վիճակը կոտրելու նպատակով [Էխո, 1]:

Փաշինյանի կենտրոնական դիրքը այն է ինչ հարկավոր է Մոսկվային: Չափավոր դարձած գործիչ, որի «սորոսական» ծագման շնորհիվ ՌԴ չի կրում Հայաստանի առջեւ որեւէ բարոյական պատասխանատվություն «ռազմի դաշտ եւ գերեզմանոցի» իրակականացման ընթացքում: Փաշինյանի չափավորությանը նպաստելու են երկու ընդդիմադիր թեւերը՝ մոլի ռուսական եւ պրագմատիկ հակառուսականը: Նկատենք, որ Քոչարյանը այս եռյակում կոալիցիոն վարչապետության ամենաանհարմար թեկնածուն է Մոսկվայի համար՝ նրա բացահայտ ռուսականության եւ նախագահ Պուտինին մոտ լինելու պատճառով: Մոսկվային «դասակարգային» իմաստով օտար է պետք:

Այսպիսով, ռուսական մեկ սվինի վրա ստիպված են տեղավորվել հայի երեք սրբան: Հայտնի ասացվածքը հայ իրականության մեջ կարող է հերքվել: Հայերը սիրում են հարմարվել, մանավանդ օտարի սվիններին:

Պավել Դալլաքյան
09.04.2021, Լրագրի համար

.

Կարդացեք նաեւ

  |