ՀԱՅԱՍՏԱՆ

Հանգուցալուծո՞ւմ, թե պետության կազմաքանդման ընթացք՝ անխուսափելի հետեւանքներով

Խմբագիր Հայկազն Ղահրիյան |

 

.

Լրագիր էլեկտրոնային թերթի 2021 մարտ 10-ի խմբագրականը

Վ

արչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված: Իր հերթին, հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմը, ըստ որի՝ նախագահը դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արմեն Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՍԴ, սակայն երկու անգամ էլ բարձր դատարան չի ուղարկել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը: Ոչ ձեզ, ոչ ձեզ՝ սա է նախագահի «դիրքորոշումը»:

Երեկ Երեւանում, «ՍԴ դիմելու վերջին օրվա», ԳՇ վճռական քայլի եւ պլան Բ-ի թեմայով 17-ը փակեց Ազգային ժողովի մյուս մուտքը եւս, բազմաքանակ ոստիկանության առկայությամբ ու մեդիադաշտի մեծ աղմուկի ներքո, Ազգային ժողովը չպետք է աշխատի կարգախոսով:

Սա հանգուցալուծո՞ւմ է, թե ներքին ճգնաժամի խորացում: Ինչ որ իրավիճակներում հնարավոր է ԶՈՒ Գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմը կարող էր հանգուցալուծել իրավիճակը, հատկապես կոլաբորանտական բնույթի քաղաքական դասի պայմաններում, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական, ինտելեկտուալ համապատասխան պատրաստվածություն եւ պետության ապագայի հայեցակարգի հստակ պատկերացում, ինչպես նաեւ ինքնիշխան որոշումների կայացման ունակություն: Մեր սպայակազմը տիրապետո՞ւմ է այս հատկանիշներին՝ ներքին ու հատկապես արտաքին մարտահրավերների կծիկը քանդելու եւ ԳՇ հարցը ներքին դեգրադացիայի միջոցի վերածելը թույլ չտալու համար:

Հայաստանի ներքին քաղաքական գործընթացի մասնակիցները, ինչպես ասել է Կրեմլի խոսնակը, ձեւ են անում, թե ներկայում կա ներքին քաղաքական գործընթաց: Եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում 4 ամիս շարունակվող ու խորացող ներքին անկայունությունը, իրականության մեջ՝ պետության կազմաքանդումն անշուշտ արտաքին շահառուների ստվար շարքեր ունի: Քաղաքականությունը փաստն է, ասում էր Սերժ Սարգսյանն ինքզինքն արդարացնելու համար: Քիչ-ինչ շտկելով այս կիսաքրեական ձեւակերպումը՝ ինչպես քաղաքականությունը, այնպես էլ ամեն ինչ որոշվում է արդյունքով: 

Ո՞րն է ներքին քաղաքական գործընթացի մասնակիցների այս 4-ամսվա դիմակայության արդյունքը՝ սա է հարցը: Արդյունքը բոլորի աչքի առաջ է՝ Հայաստանի ներքին նման իրավիճակը ռուս-թուրքական տանդեմի ծրագրերի անխափան իրականացման երաշխիքն է, Հայաստանից զրո դիմադրության պարագայում: Նկատենք՝ այս ընթացքում հայկական իրավունքների ու պահանջների կապակցությամբ որեւէ օրակարգ չներկայացվեց ոչ կառավարության, ոչ էլ 17-ի կողմից:

Երեւանյան երեկվա աղմուկի տակ ստվերվեց Տավուշում ռուս զինվորների առկայության եւ սահմանին ինչ որ գործողությունների տեղեկությունը: Հայաստանում հարցադրումներ հնչեցին՝ ինչու են այնտեղ ռուս զինվորականները: Ինչո՞ւ են այնտեղ, բացի «ռուսները կանխեցին թուրք-ադրբեջանական ներխուժումը»-ից, կա՞ն այլ վարկածներ, մարտի 16-ի շեմին պատահականությո՞ւն էին այդ համընկնումները, թե՞ նման հարցերը հետաքրքիր չեն: Ընդհանրապես, ի՞նչ պլան են իրագործում Մոսկվան ու Անկարան Հայաստանի հանդեպ, եւ ո՞րն է դրա իրականացման տեխնոլոգիան ու բնույթը: 

Եթե Հայաստանի կառավարությունն ու քաղաքական դասն «ինքնամեկուսացել» են այս խնդիրներից կամ չեն պատկերացնում դրանք, չեն բարձրացնում հայկական իրավունքների եւ Հայաստանի դեմ ագրեսիայի հարցերը, ի՞նչ արտաքին աջակցության եւ Ռուսաստանին ու Թուրքիային զսպող քայլերի մասին կարող է խոսք լինել:

Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան զույգը, մեդիադաշտի գերակշիռ մասը եւ Բաղրամյանը զբաղեցրած ՀՓՇ-ն շարունակում են պետության կազմաքանդումը՝ սա է արդյունքը: Մնացածը շատ մանր հարցեր են աղետի ֆոնին: Բոլորն իրենց տեղում են, բոլորը մերն են, կարեւորը ոտքի տակ չընկնեն ու չխանգարեն՝ սա էլ Կրեմլի դիրեկտիվն է՝ երկու օր առաջ պաշտոնապես հղված «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցներին»:

.

Բնագրի հղումը

  |