Թե ինչպիսին են պայմանագրի տարբերակները, ոչ ոք ստույգ չգիտի: Շրջանառվում են ռուս Խովաեւի անվամբ արաջարկներ, Փաշինյանը ասում է ո՛չ ռուսներին, այնուհետեւ կեցցե՛ն ռուսներ: Որքան էլ տարօրինակ թվա, առավել կարեւոր են բոլորովին այլ, հանրության ուշադրությունից միտումնավոր թաքցվող հանգամանքները
–
Խ
աղաղության պայմանագիրը, կամ միջպետական հարաբերությունների նորմալացման համաձայնությունը սովորաբար կնքվում է պատերազմած սուբյեկտների միջեւ: ՀՀ եւ այսպես կոչված «Ադրբեջանը» չեն պատերազմել: Իսկ եթե պատերազմել են, ապա Արցախի պատկանելության համար: 29.8-ի մեջ Արցախը իր բնակչությամբ չկա: Ինչ է այդ դեպքում համաձայնության նյութը եւ, առավել կարեւոր հարց՝ ինչ են իրենցից ներկայացնում պայմանավորվողները:
Այս վերջին հարցադրումն է կարեւոր, որ վերաբերում է սուբյեկտության կամ ինքնիշխանության հռչակված սահմաններին: Պատասխանը ավելի քան հետաքրքիր է: Բաքուն չի ճանաչում ԼՂԻՄ՝ Ադրբ. ԽՍՀ-ից դուրս գալու ակտը, չի ճանաչում ՀԽՍՀ 1989 դեկտեմբեր 1-ի ակտը, չի տեսնում ՀՀ ներկայիս սահմանները, առհասարակ՝ Ադրբ. ԽՍՀ իրավահաջորդ իրեն չի համարում, հղելով Ադրբեջանական Դեմոկրատական հանրապետության ներկայացրած եւ ոչ մեկի կողմից չճանաչված մի քարտեզի:
Երեւանը, իր հերթին, նույնպես չի ճանաչում 1989 դեկտեմբեր 1-ի ակտը, հրաժարվում է նաեւ կողմնորոշվել իր իսկ ստորագրած 1921 թվականի Կարսի պայմանագրով Բաքվի հովանավորությանը ժամանակավոր հանձնած Նախիջեւանի հայկական ինքնավարության խնդրում: Մերժում է նաեւ Արցախի իրավական կարգավիճակի եւ Բերձորի էքստերիտորիալ միջանցքի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի մանդատը: Իր արեւմտյան սահմանին հեղափոխական Երեւանը չի ճանաչում 1921 թվականի պայմանագրերի ժամկետի առավելագույն չափը սպառվելու հետեւանքով առաջացած Կարսի եւ Արարատի հանդեպ իր իրավունքը:
Ուրացվում են նաեւ Անկախության հռչակագրում ամրագրված Մեծ Եղեռնի եւ Արեւմտյան Հայաստանի եւ անուղղակի՝ Սեւրի պայմանագրի ու Վիլսոնյան իրավարար վճռի խնդիրները: Այլ կերպ ասած, Երեւանը հրաժարվում է թե Առաջին Հանրապետության, թե Հայկ. ԽՍՀ իրավահաջորդությունից: Մեջտեղ է բերվում եթերային մի գոյացություն՝ ԱՊՀ, որը մասնակիցների միահամուռ բնորոշմամբ ավելին չէ, քան բանավեճային հարթակ:
Այսպիսով, ենթադրյալ պայմանագրի կողմերը հավասարապես հրաժարվում են գոյություն ունեցող իրավական ակտերի կորպուսից՝ կարծես երկնքից են իջել երկիր: Ընդ որում, եթե Բաքվի պարագային դա իրոք «երկինք» է, ապա Երեւանի դեպքում՝ կամավոր իրավազրկում: Դրությունը վճռորոշ յուրահատկություն ունի: Այսպիսի ընթացքով Բաքուն փորձում է հնարավորինս ընդլայնել իր իրավասության, ինքնիշխանության կամ ազդեցության եզրերը: Այլ կերպ ասած, ընդլայնել կենսական արեալը, տարածքը, ոչ միայն բուն աշխարհագրական իմասով, այլեւ՝ քաղաքական ու հոգեբանական:
Ընթացիկ նպատակը՝ Մոսկվա-Բաքու-Երեւան համատեղ ջանքերով Ֆրանսիայի Սենատում արցախյան փաթեթի քվեարկությունը կանխելն է
Մինչդեռ, Երեւանը, ընդհակառակը, հնարավորին չափ սղում է իր արեալը՝ հակառակ գոյություն ունեցող հարստագույն պատմական եւ աշխարհասփյուռ ներկայության իրողությունների եւ հակառակ բոլոր միջազգային-իրավական նախադրյալներին: Ավելորդ է ասել, որ նման պայմաններում երկու ազգերի մրցակցության ելքը կանխորոշված է նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով:
Ինչ խոսք, յուրօրինակ Երեւան է: Ալամ-աշխարհի մասին իրենց խորապես գեղջկական պատկերացումների գրկում մնացած եւ թամանյանական ու գրիգորյանական հոյակերտ պալատներում բիրդան հայտնված մարդկանցից այլ բան սպասելը, համաձայնենք, անմտություն կլիներ: 2-3 սերնդի հաջորդական երթ էր հարկավոր, որի ժամանակը, բնականաբար, չկա: Իսկ մինչ այդ, քաղաքական չտեսները նախշուն լորիկ ու սիրունիկ կաքավիկ են դառնում որսի ելած օտար ծառայությունների համար: Արդյունքը մեր աչքի առջեւ է:
Ինչեւէ, այսպիսին է հայոց պատմության ներկա փուլի տրամաբանությունը եւ հարկ է գտնել այն բեկելու եղանակներ: Կա, սակայն, հարցերի հարցը. իսկ արժե՞ արդյոք բեկել: Մի գուցե բավական կլինի նշաձող իջեցնել, 29.8 գոչել, ժողովրդի մեջ առավել արմատավորել քարթվելա-քրդական «դուխով» ռաբիզը, ու ամբողջովին կենտրոնանալ մեր սեղանին շոշափելի բդի ու տոլմայի վրա, ինչպես նաեւ համառուսաստանյան «Արմենիա» երկիր-պանդոկի վրա՝ տանից դուրս:
Մենք, հայերս հաճախ մեղադրում ենք միմյանց ռազմավարական տեսողություն չունենալու համար: Հանիրավի մեղադրանք է: Իրականում, ռազմավարական ընտրությունը կատարված է: Այո, պանդոկ-երկիրը նույնպես ռազմավարություն է: Ինչու չէ: Շտապեմ, սակայն, հիասթափեցնել: Գործը Տրապիզոնով, Էրզրումով, Վանով, Կարսով, Արարատով, Նախիջեւանով ու Արցախով չի սահմանափակվի: Սեղաններիս չեն թողնի ոչ բուդ, ոչ տոլմա, ոչ էլ առաջին հարկում պանդոկ կմնա: 2020 թվականի սեպտեմբեր 27-ը՝ հապացույց: Մեր աշխարհագրական դիրքում կծկված մնալ հնարավոր չէ, մանավանդ թղթիկից կարդացող վարժապետի հրամանատարության ներքո գտնվող «առաջադեմ» հնդկական զենքի պաշտպանությամբ: Նույնիսկ, խաչմերուկի տեսքով հնարավոր չէ գոյատեւել՝ հատկապես խաչմերուկի տեսքով:
Երեւանը հրաժարվում է թե առաջին հանրապետության, թե Հայկ. ԽՍՀ իրավահաջորդությունից
Էլ չասած, որ բուն «հայ» ինքնանույնացման մասին խոսելը ավելորդ կլինի՝ նիկոլական երանգի կուլտուրան կրող ռաբիզ հանրությանը շրջապատող ազգերը շատ շուտով հայ համարվելու ավելի իրավունք կունենան, քան մենք: Օտարների այդ ձգտումը ակնհայտ է Արցախում մշակութային ժառանգությունը յուրացնելու օրինակով: Նույնը 29.8-ի մեջ է լինելու՝ ընդամենը մեկ սերնդի հասունացման ժամանակահատվածում:
Ռազմավարական կենսունակ լուծում ձեւավորելու համար կարեւոր է ճշգրիտ պատկերացում կազմել տեղի ունեցողի վերաբերյալ, ինչի փորձն էլ կատարվում է: Սա դյուրին խնդիր չէ, քանի որ թե «արեւմտամետ» ներկայացող իշխող խմբակը, թե նրան սպասարկող սազանդարների բազմախոս մեդիան, թե բացեիբաց ռուսապատկան «ընդդիմությունը» ջանք չեն խնայում հանրությանը ապակողմնորոշելու համար: Այս երեք հատվածների նպատակը մեկն է՝ դեմագոգիայի, քարոզչական փուչ աղմուկի քողի տակ ոչնչացնել Հայաստանը: Սա պիտի ասվի առանց ծածկագրի: Ռուս-թուրքական-իսրայելական շահերը սպասարկող «եռամիասնությունը» մոտ է բաղձալի նպատակին՝ ընդարձակել եւ օրինականացնել 1921 թվականի Մոսկովյան/Կարսի պայմանագրերով Հայաստանին հասցված վիթխարի վնասը: Սա ընդհանուր ծրագիրն է, իսկ ընթացիկ նպատակը՝ Մոսկվա-Բաքու-Երեւան համտեղ ջանքերով Ֆրանսիայի Սենատում արցախյան փաթեթի քվեարկությունը կանխելն է:
Փոշուց մաքրած հայելու մեջ նայելով, դժվար չէ նկատել նաեւ դրությունը շտկելու ուղեցույցները: Դրանք մատչելի են տրամաբանելու ընդունակ յուրաքանչյուր մարդու: Արա արվողի հակառակը եւ ճիշտ կանես: Մանրամասները՝ հաջորդիվ:
.
Կարդացեք նաեւ՝