Uncategorized

Նախիջեւանը դե-յուրե ՀՀ մաս չէ. Պարզ լուծումները ժողովրդաշահ են, բայց արժե մարդիկ ստույգ կողմնորոշվեն

.

ԱԺԲ կուսակցության ղեկավարներից դեսպան Արա Պապյանը այն եզակի գործիչներից է, որ ասպարեզի վրա է պահել այնպիսի մատերիա, ինչպես Վիլսոնի իրավարար վճիռն է, կամ Կարսի մարզի հանդեպ համատիրություն, կոնդոմինիում սահմանելու գաղափարը: Բաներ, որ ուրիշ ոչ ոք չի արել: ՔՊ-«ընդդիմադիր» տեղեկատվական աղբով շրջապատված հայ հանրությունը կարիք ունի ներկայիս Հայաստանի ոչ միայն ապագայի, այլեւ անցյալի ճշգրտման, մանավանդ երկուսն էլ շաղկապված են միջազգային իրավական աղերսներով: Լրագրին իր տված հարցազրույցում պարոն Պապյանը աշխատել է հնարավորինս պարզեցնել իրողությունը՝ ընթերցողի ընկալումը շատ չծանրաբեռնելու միտումով: Մոտեցումը հասկանալի է, բայց բոլոր պարզեցումները հակված են ինչ-ինչ բովանդակային կորուստների:

Փորձենք անդրադառնալ դրանց, ընկալումը դարձյալ չծանրաբեռնելով:

Դ

եսպանի հիմնական մեկնակետը 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերի անօրինականությունն է այն պահին առկա միջազգային-իրավական հիմնադրույթների տեսակետից: Սրան ավելացվում է նախկին ռուսական տարածքներին անկախացած երկրների ռազմական օկուպացիայի, նույնպես, ճշմարիտ դրույթը: Բանն այն է, սակայն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության հիմնական օրենսդրության կոմպոզիցիան, Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, ուղղակի չի հղում ոչ Մոսկվա/Կարսի պայմանագրերի անօրինականությանը, ոչ էլ, մանավանդ, երկրի օկուպացված լինելուն: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Կարսի պայմանագիրը [Օսկանյան, 1] եւ նույնիսկ ՄԱԿ-ում իբրեւ պաշտոնական փաստաթուղթ համապատասխան հուշագիր, մեմորանդում է տարածել: Հակառակ բնույթի հայտարարություն պաշտոնական Երեւանը երբեք չի արել:

Այլ բան է, որ այդ պայմանագրերը եւ դրանց գծած սահմաններն ու առանձին տարածքային միավորների քաղաքական կարգավիճակները կարող են ուժը կորցրած լինել: Սա այն դեպքում, եթե պայմանագրերն ունեին չհրապարակված գլուխներ, կամ, ավելի բարդ դեպք՝ կողմերից միայն մի մասի կողմից ստորագրված եւ ժամկետի հիշատակում պարունակող գաղտնի հավելվածներ: Մասնավորապես, պայմանագրերի գործողության ծայրագույն ժամկետի վերաբերյալ առկա գրականությունը 4×25 տարի գնահատականն է տալիս: Որքան մեզ հայտնի է՝ այս խնդրով եւս պարոն Պապյանը զբաղվում է եւ ցանկալի կլիներ ծանոթանալ հարուցված դատական պրոցեսի շուրջ նրա գրավոր նկատառումներին:

Ինչպես համոզվում ենք, պայմանագրերով գծած սահմանները վիճարկելու համար անհրաժեշտ է կամ ճշտել հավելվածների առկայության ու ժամկետի խնդիրը, կամ դենոնսացիայի ենթարկել Կարսի պայմանագիրը՝ վերջինից բխող միջազգային բարդությունների հեռանկրը սթափ գնահատելով: Իրոք, հարկ կլինի դատական հայց ներկայացնել Անկարային եւ Բաքվին: Եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի արվում, Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը, կամ ինչպես այն անվանվում էր արաբական աշխարհի վրա Երեւանի Ռադիոտան եւ Նորադուզի հաղորդիչ կենտրոնի միջոցով սփռվող ծրագրերում, պարզապես Նախիջեւանի Հանրապետությունը՝ անկախ պետություն է: ՀՀ դե-յուրե մաս չէ: Ադրբեջանական Հանրապետության մաս էլ չէ՝ պրոտեկտորատ է: Այդուհանդերձ, այն ենթակա է նաեւ ՀՀ՝ իբրեւ պրոտեկտորատի ռեժիմի երաշխավորի որոշ իրավասության: Երեւանը իրավասու է արգելափակել հանրապետությունը լուծարելու եւ Նախիջեւանն աննեքսիայի ենթարկելու Բաքվի որեւէ փորձ: Նվազագույնը՝ վերահաստատել Արցախի ՀՀ պատկանելը: Իբրեւ մասնակի նմանություն հիշատակենք Աջարիան, կամ Ուզբեկստանի մաս Կարակալպակիան:

2022-ի աշնանը վերջինը լուծարելու Տաշքենդի փորձերը տապալվեցին, ասում են, Մոսկվայի ջանքերով: 2004 թվականին Աբխազիան հակառուս Սահակաշվիլիի իշխանության տակից հանելու Մոսկվայի փորձերը, իրենց հերթին, արժանացան արդեն Անկարայի կոշտ հակադարձման Տրապիզոնում [Ezerk.am 2]: Թուրքական պաշտոնյաները պնդում էին, որ Անկարան խոսքի իրավունք ունի նաեւ Արցախի խնդրում: Ասենք, որ դա հնարավոր է միայն գաղտնի հավելվածների առկայության դեպքում՝ Արցախը պայմանագրերի մատչելի տեքստերում չկա: Բերված երկու օրինակները վկայում են նախկին ԽՍՀՄ կազմի ինքնավարությունների բավականին դիմացկուն կարգավիճակը, որքան էլ դա դուր չգա քպ-ական վերխուշկային: Դա վերաբերում է նաեւ Արցախի առնվազն ինքնավար կարգավիճակին: Ավելին՝ Արցախի խնդրի «տաքացումը» սկզբնապես կանգնած էր անմիջապես Նախիջեւանի կողքին, երբ նախագծվեց իբրեւ ԽՍՀՄ կառավարելի կազմաքանդման հիմնական միջոց: Այնուհետեւ այն ետ քաշվեց, եւ միանգամայն իրավացիորեն, հենց Մոսկվա/Կարսի միջպետական պայմանագրերի օբյեկտ լինելու հանգամանքով: Հայերի ձեռքով ԽՍՀՄ կազմաքանդումը պիտի ներքին գործ մնար:

ՀՀ ներկայիս իշխանություների նպատակը Նախիջեանի հանդեպ հայկական իրավասության բոլոր հիմքերի ոչնչացումն է

Դեսպանի պնդումը Արցախի շուրջ բանակցությունների խնդրում Նախիջեւանի կարեւորության մասին ճշմարիտ է: Արժե միայն մանրամասնել, որ Արցախի հետ սիմմետրիա պահպանելը, այսինքն ՀՀ եւ Բաքվի կազմում փոքրամասնության ինքնավարութունների համանմանություն սահմանելը միակ ճանապարհը չէ: Հնարավոր է նաեւ փոխանակությունը, ընդ որում ՀՀ համար Նախիջեւանի ստրատեգիական դերի առավելության գիտակցումով: Միջանցքը իր երկարության պատճառով ինքնաբերաբար կորցնում է իմաստը: Այդ դեպքում ինչու չլինի Գյումրի-Տրապիզոն կամ դեպի համշենական նավահանգիստ Ռիզե ավտոմոբիլային ազատ երթեւեկության միջանցք եւ առանց մաքսի առեւտուր երկու պորտո-Ֆրանկոների միջոցով:

Այսպիսով, Արցախի եւ Նախիջեւանի իրավական կծիկը, որ ընդամենը թռուցիկ ներկայացրինք [ավելի մանրամասն՝ 2 եւ 3], Երեւանի համար հնարավորությունների լայն դաշտ է բացում՝ թե Կարսի պայմանագրի գործող, թե չգործող կարգավիճակների դեպքում: Եւ «հիմքում Սովետական Հայաստանի հայեցակարգը» ունենալու դեպքում անգամ, հակառակ հարգարժան դեսպանի պնդման, պաշտոնական Երեւանը իր ձեռքին ունի Նախիջեւանն ու հետեւից Արցախը առաջ տանելու հիասքանչ խաղաքարտեր, որոնցով պարտվելը հնարավոր է միայն «պոդդավկի» խաղալիս: Կարելի է հենց դրանցով սկսել խաղը, հընթացս նոր, այդ թվում Վիլսոնյան հորիզոններ բացելով: Իրավունքը ավելի ու ավելի հայերի կողմն է դառնում, որքան խորանա իրավական գործընթացը եւ, նույնիսկ, պառլամենտական, անգամ իսկ, հանրային քննարկումը: Սա շատ կարեւոր հանգամանք է թշնամուն երկարատեւ խաղաղություն պարտադրելու իմաստով: Պապյանը ճիշտ է, երբ դիվանագիտությանը եւ իրավունքին վերագրում է տաք զենքին հավասար կարեւորություն:

Ներկայիս կուրսը պահող քպ-ականները, բնականաբար, դա հասկացան, անշուշտ Անկարայի հուշարարների գործուն օգնությամբ: Հարաբերությունների իրավական հիմքը մշտապես գտնվում է բանագնացներ Ռուբինյանի եւ Քըլըչի ուշադրության կենտրոնում: Եթե շաբաթներ առաջ ընդամենը կանխագուշակեցինք դրանց մտքի եղածը, ապա 12.11.22 հեռուստահարցազրույցում ՀՀ վարչապետը տառացի հարցականի տակ դրեց ՀՀ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի իրավազորությունը, հետեւապես, ժխտեց մեր երկրի ոչ միայն Առաջին հանրապետության, այլեւ Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունը: Այս դեպքում, իրոք, ոչ ծովի ելքով Արեւմտյան Հայաստանի, ոչ Կարսի ու Արարատ լեռամբ Ցոլակերտի (թրք. Իգդիրի – խմբ.), ոչ Նախիջեւանի, ոչ էլ Արցախի խնդրում Երեւանը որեւէ դեր ունենալ չի կարողանա: Լեւոնական մուրազի ճանապարհին, սակայն, փոքր մի խոչընդոտ կա:

Բանն այն է, որ երկնքից ընկած անտեր ու դուզ, «եթիմ» Հայաստանի նիկոլական լինի, լեւոնական լինի առաջարկվող «հայեցակարգի» շրջանակում հօդս է ցնդում նաեւ մատի փաթաթան 29 ամբողջ 8-տասնորդականը: Սրանք ի՞նչ թվեր են, ի՞նչ Հայկական ԽՍՀ իրավահաջորդություն: Այն, որից 12.11.22-ին հեռուստահիպնոսի միջոցով հրաժարվելու փո՞րձ արեցին: Մնում է Ռեջեփ-բաբան ինչ տա՝ տա, միայն թե Կոպիրկինի հոգեզավակ, ազգի զարդ ԱԺ-ն կարողանա դա վավերացնել եռակցված դռների հետեւում: Ֆեյսբուքյան եթերներում շողշողալու են ինչ եք կորցրել, ինչ եք փնտրում, նաեւ՝ եղունգ ունեք, գլուխներդ քորեք եւ գավառական իմաստության ուրիշ գոհարներ: Բայց, եթիմ հռչակվելու իրավունքը, թերեւս, անհատի առանձնաշնորհն է եւ 3-ը Հարավային Կովկասում, եւս 7 կամ 8 միլիոնն էլ այլուր, հազիվ թե ցանկանան բաշ-քպականի հետ ախպերովի եթիմանալ: Մեկը-մեկին էդքան ապուշ մի տեղում հազիվ գտնվի:

Նախիջեւան. Ագուլիսի մերձակայքում Օձաժայռը Մասիսի համայնապատկերի վրա

.


Կարդացեք նաեւ՝

 

Leave Comment

Your email address will not be published. Required fields are marked *