ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Անսպասելի հայտարարություն. ռուս-թուրքական պայմանագրի վախճանը

«Թագավորական ողջ զորախումբը» հեղափոխությունից 5 ամիս առաջ: Երեւան, Բաղրամյան 26 | նախագահական

«Տասի հայտարարության» հանգամանքները հիշեցնում են 2016 փետրվարի մի դրվագ, երբ ռուսական SU-24 ռմբակոծիչի խոցումից հետո Կրեմլը հանձնարարեց Պետդումայի՝ անվանապես ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինին եւ Սերգեյ Օբուխովին Նախագահական ապարատ եւ ԱԳՆ ներկայացնել Մոսկովյան 1921թ. պայմանագիրը չեղարկելու առաջարկություն: Իր արմատականությամբ եւ ստորագրակազմով անակնկալ հայտարարության դրդառիթների այս եւ ուրիշ վարկածներ է դիտարկում Լրագրի ռեպլիկը

Օ

գոստոսի 12-ի երեկոյան տարածվեց Հայաստանի տասը կուսակցությունների անսպասելի հայտարարությունը Սեւրի պայմանագրի վերաբերյալ: Անսպասելի առաջին հերթին այն առումով, որ հայտարարությունը տարածվեց պայմանագրի 100-ամյակի օրից՝ օգոստոսի 10-ից երկու օր անց: Հայտարարությունը ստորագրել են Ազատություն, ԱԺՄ, Հայրենիք, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Մեկ Հայաստան, Երկիր Ծիրանի եւ Ժառանգություն կուսակցությունները: Հետաքրքիր տասնյակ է, անշուշտ: Հետաքրքիր է նաեւ հայտարարության տեքստն իր շեշտադրումներով:

Օրինակ, տասնյակը արձանագրում է, որ պայմանագիրը լոկ պատմական փաստ չէ, այլ «այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով»:

Այդ արձանագրումն ուշագրավ է օգոստոսի 10-ին Երեւանում տեղի ունեցած գիտաժողովին վարչապետ Փաշինյանի ուղերձի համատեքստում, որտեղ վարչապետն արձանագրել էր պայմանագրի «պատմական փաստ» լինելը:

Նշմարվում է աննախադեպ մի վիճակ, երբ Հայաստանում իբրեւ կոշտ ընդդիմություն դիրքավորվող ուժերի մի համախումբ դրսեւորում է իշխանությունից ավելի կոշտ վերաբերմունք մի խնդրի հանդեպ, որի հանդեպ կարող է բավական զգայուն լինել Ռուսաստանը:

Ի վերջո, Սեւրի պայմանագրի առումով առանցքայինը հենց դա է, ոչ թե Թուրքիայի հանգամանքը: Որովհետեւ Թուրքիայի պարագայում այստեղ ինտրիգ չկա՝ Սեւրը թուրքերի կապիտուլյացիան է, եւ նրանք մերժելու են դա հնարավոր բոլոր ձեւերով: Իսկ Ռուսաստանը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում ներկայում, Թուրքիայի համար եղել է Սեւրից փրկօղակ, մեկ տարի անց կնքելով Սեւրին բացարձակ հակոտնյա պայմանագիր՝ ռուս-թուրքական պայմանագրերը, որով փաստացի բաժանվել են հայկական տարածքները եւ գծվել հայ-թուրքական ներկայիս սահմանը:

1920 հուլիս 22, Անտանտի ռազմանավով Կ.Պոլսից Փարիզ մեկնող օսմանյան պատվիրակությունը՝ փադիշահի գերագույն հանձնակատար, վեզիր Դամադ Ֆերիդ փաշայի (թասակով) գլխավորությամբ: Ֆերիդ փաշան Մուստաֆա Քեմալի կողմից 1922-ին ազգի դավաճան հռչակվեց եւ ստիպված էր փախչել երկրից |

Ռուսաստանի դիրքորոշումն է Սեւրի հարցում ներկայում «ինտրիգայինը», ոչ թե Թուրքիայի: Ըստ այդմ, հայտարարել, որ Սեւրը ուժի մեջ է, նշանակում է մարտահրավեր նետել ռուս-թուրքական պայմանագրին, ըստ այդմ դրա ոչ միայն մեկ կողմին՝ Թուրքիային, այլ մյուսին՝ Ռուսաստանին:

Ստացվում է, որ օրինակ Հայաստանում «հակառուսականության» ինչ որ ալիքի դեմ պայքարի դրոշ բարձրացնող ԲՀԿ-ն բարձրացնում է «հակառուսական» հա՞րց, Սեւրի ուժի մեջ լինելու իմաստով: Որովհետեւ, եթե Հայաստանը դնում է այդ հարցը, ապա անխուսափելի պետք է լինի ռուս-թուրքական պայմանագրի մերժման առարկայական դիրքորոշումը: Երբ կուսակցությունների տասնյակը խոսում է Սեւրի միջազգային արդիականացման գործընթացի անհրաժեշտության, դրան մասնակցելու պատրաստակամության մասին, ապա այդ արդիականացման գործընթացի էական եւ առաջնային քայլերից մեկը պետք է լինի ռուս-թուրքական պայմանագրի հստակ մերժումը, ըստ այդմ Ռուսաստանի առաջ հարցի հստակ շարադրումը:

Տասնյակը պատրա՞ստ է դրան: «Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը», հայտարարում է տասնյակը։ Տողատակում իհարկե ռուս-թուրքական պայմանագրերի մերժումն է:

Հայաստանը դրանք մեծ հաշվով չի էլ ճանաչել, որ ինքնին լինի դե յուրե մերժման խնդիր: Բայց ամբողջ հարցն այն է, որ Սեւրի քաղաքական արդիականացումն էապես պայմանավորված է այն միջավայրով, որ կապահովի Հայաստանը, իսկ դրա առանցքային գործոններից մեկն էլ պետք է լինի Ռուսաստանի առերեսումը Լենին-Աթաթուրք պայմանագրին, որի վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինը ջերմորեն է արտահայտվել մինչեւ այսօր: Փոխվե՞լ է նրա վերաբերմունքը, թե՞ Հայաստանում որոշ քաղաքական ուժերի վերաբերմունքն է փոխվել հայկական հարցում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ:

Թե Հայաստանի քաղաքական դասն ընդամենը «հագնվում» է ռուս-թուրքական եղանակին համահունչ, ըստ եղանակի ռուսական տեսության, որտեղ Մոսկվան պատրաստվում է Թուրքիայի վրա հնարավորինս թանկ վաճառել հայաստանյան քաղաքական դասի դիրքորոշումը:

Կարո՞ղ է արդյոք գոնե Սեւրի արդիականացման հարցը դառնալ այն համազգային ինքնիշխան կոնսենսուսի հիմքը, որի մասին 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակոբ Բադալյան | Լրագիր, 13.08.2020