ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Զարեհ Սինանյանը, քրիստոնյա արաբները, ասորիները, Նարեկ Մալյանը, ուղտը եւ ուրիշներ …

Սուրբ Միքայել կաթոլիկ մարոնական եկեղեցի, Բեյրութ | nagighorra

Ազգ օրաթերթի խմբագրական անդրադարձն է Մերձավոր Արեւելքի՝ հատկապես Լիբանանի հայ գաղութի կենսունակության եւ Հայաստանի ժողովրդագրական վիճակի խնդիրներին: Շոշափվում է նաեւ Հայաստանի էթնիկ-մշակութային, քաղաքակրթական սպեկտրի ընդլայնման հարցը: Փորձագետը՝ խնդրին լիակատար տիրապետող, Լիբանանյան պատերազմի ահեղ օրերին հայ համայնքը, հայ մամուլը պաշտպանողներից, ՌԱԿ ղեկավարներից գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն է

Ս

փյուռքի գծով վարչապետ Փաշինյանի հանձնակատար կամ անձնակատար Զարեհ Սինանյանը աղետյալ Բեյրութ մարդասիրական օգնություն տանելուց առաջ արած հայտարարությունը քրիստոնյա արաբներին եւ ասորիներին որպես հայրենիք Հայաստան բերելու վերաբերյալ՝ ձախավեր էր նույնքան, որքան այդ հայտարարությանը հետեւած մեկնաբանությունները։

Բացորոշ երեւաց, որ հանձնակատարը գաղափար անգամ չունի մեզ բարեկամ այդ պետության ներքին դրվածքի, համայնքային կառույցի, առավել եւս այն նուրբ հավասարակշռության մասին, որով այդ երկիրը եզակի է դառնում ոչ միայն մահմեդական արաբական մյուս 21 երկրների շարքում, այլեւ ողջ աշխարհում։ Մի երկիր, որտեղ ավանդույթի ուժով կամ իրավունքով, հանրապետության նախագահը քրիստոնյա մարոնիտ համայնքից է ընտրվում, վարչապետը՝ սուննի մահմեդական, իսկ խորհրդարանի նախագահը՝ մահմեդական շիա համայնքներից։

Հետեւաբար որեւէ խախտում քրիստոնյա եւ մահմեդական 17 համայնքների թվաքանակի հավասարակշռության մեջ՝ այդ երկիրը կվերածի շարքային արաբական երկրի՝ քրիստոնյաներին վերջնականապես վանելով իրենց հնավանդ բնակավայրերից։

Ճիշտ է, մահմեդականների բնական աճի, քրիստոնյաների շարունակական արտագաղթի պայմաններում այժմ խախտվել է քանակական այդ հավասարակշռությունը, եւ երկրում շիա համայնքը թվային անհամեմատ աճ է ունեցել, սակայն գեթ առայժմ, իմ կարծիքով՝ Իրանի ղեկավարության իմաստուն թելադրանքով, պահպանում-հարգում է ստատուս քվոն։ Այնուամենայնիվ, պետության կառուցվածքի պահպանումը ամենազգայուն հարցն է միշտ մնում այդ երկրում։ Հետեւաբար անխոհեմ որեւէ հայտարարություն, այն էլ օտար պետության ներկայացուցչի կողմից, ինչպիսին կարծում եմ հանդիսանում է Զ. Սինանյանը, դիտարկվում է որպես կոպիտ միջամտություն այդ երկրի ներքին հավասարակշռությանը։

Ավելին՝ Զ. Սինանյանը խոսում է լիբանանցի քրիստոնյաներին հայրենիք տրամադրելու մասին, առանց մտածելու, որ այդ մարդիկ անհայրենիք չեն. նրանք ունե՛ն հայրենիք, այն էլ՝ թեեւ դժբախտ, բայց այնքան սիրելի։ Նույնիսկ լիբանանահայերը պաշտոնական հայտարարություններում Հայաստանը կոչում են ոչ թե հայրենիք, այլ մա՛յր հայրենիք։ Հանձնակատարը զգո՞ւմ է տարբերությունը։

Նույն՝ Սուրբ Միքայել եկեղեցին Լիբանանյան պատերազմի ժամանակ (1975), Բեյրութ | naytamnehme

Իսկ հիմա՝ հարցերի հարցը. ինչո՞ւ է Զ. Սինանյանը Հայաստան-հայրենիք է ուզում բերել միայն քրիստոնյաներին։ Դարձյալ ողջախոհության եւ գիտելիքի պակաս։ Նա չգիտի եւ ըստ տպավորությանս չի հասկանում, որ լիբանանցին, լինի սուննիտ, մարոնիտ, դրուզ, հույն ուղղափառ, շիիտ, հայ առաքելական կամ կաթոլիկ, ասորի կամ քաղդեացի, առհասարակ հարգում եւ սիրում է իր նման լիբանանցուն, նույնիսկ երբ արտագաղթում է, ասենք… Գլենդեյլ։

Համակեցությունը բարեկեցության գրավականն է համարվել այդ երկրում, որը, ճիշտ է, խանգարվել է երբեմն, սակայն միշտ արտաքին եւ հատկապես Իսրայելի միջամտությունների եւ թույլ երկիր լինելու պատճառով։ Հետեւաբար կրոնական խտրականություն դնել այդ երկրի քաղաքացիների միջեւ՝ նշանակում է չճանաչել այդ պետությունը, որի հիմնադիրները եղել են բոլոր 17 համայնքները, որոնց թվում՝ հայ համայնքը՝ 6-րդը համայնքների շարքում։

Վերեւում ասացի, որ որքան ձախավեր էր հանձնակատարի հայտարարությունը, նույնքան ձախավեր էին դրան հետեւած մեկնաբանությունները, առաջին հերթին՝ Նարեկ Մալյանի արձագանքը եւ դրան կցված՝ ուղտի վրա նստած բեդվինի նկարը։ Վերեւի բացատրությունները ուղղված են նաեւ նրան ու նրա նման մտածողներին, որոնք քիչ չեն Հայաստանում։ Զ. Սինանյանին ծաղրելու մոլուցքի մեջ՝ Ն. Մալյանը վիրավորանք է հասցնում թե՛ լիբանանցի ժողովրդին, թե՛ ողջ արաբ ժողովուրդներին։

Սուրբ Գեորգիոս ասորական ուղղափառ (արեւելյան) եկեղեցու մուտքը, Բեյրութ | ninosaydi

Ոչ մի ժողովուրդ հայերիս այնքան բարյացակամ չի ընդունել, ցեղասպանությունից եւ բռնագաղթից հետո, որքան արաբ ժողովուրդը Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում ու Եգիպտոսում, հակառակ լեզվի, կրոնի, սովորույթների ու քաղաքակրթության տարբերությանը։ Ասենք 1915 թ.ից էլ առաջ հայերը հասատատված են եղել այդ երկրներում, պետական բարձր պաշտոններ են վարել, հարստացել ու հարստացրել։ Իսկ Եգիպտոսում՝ դեռեւս 9-10-րդ դարերից վարչապետեր ու նախարարներ ենք ունեցել, որոնցից վերջինը՝ Նուբար փաշան՝ կերտիչն է դարձել Սուեզի ջրանցքի։ Իսկ Համիդյան հալածանքների ժամանակ Եգիպտոսը առաջին ապաստան երկիրն է եղել հայ մտավորականների համար, վերջապես այնտեղ է հիմնվել հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպությունը՝ ՀԲԸՄիությունը, 1906 թ.ին։

Մուհամմադ ալ-Ամին սուննի մզկիթ, Բեյրութ | kravchuk

Իսկ ինչ վերաբերում է այժմ աղետահար Լիբանանին, 13-14-րդ դարերից ի վեր այն եղել է մայր երկրում հալածանքներից փախչող ապաստարանը, հետագայում արաբացած հայերի հայրենիքը՝ Լեռնալիբանանի լեռներում՝ Զղորթայում եւ Զմմառում։ Արաբացած այդ հայերից մեկն էլ 1977-1983 թթ.ին Լիբանանի հանրապետության նախագահ Էլիաս Սարգիսն էր։ Լիբանանցի արաբը, քրիստոնյա թե մահմեդական, եւ լիբանանցի հայը միշտ էլ հարազատ են մնացել միմյանց նկատմամբ, եւ այդ երկրում ոչ ոք չի զարմացել, որ, օրինակ, հանրապետության նախկին նախագահ՝ գեներալ Էմիլ Լահուդի մայրը եւ կինը եղել են հայ, վերջինը՝ Ամատունիների ընտանիքից։

Դժբախտաբար, լիբանանցի արաբը չի գա հաստատվելու Հայաստան։ Մեր երկրի համար նվեր կլիներ, եթե հին փյունիկեցիների առեւտրական գեները կրող բնիկ լիբանանցիները գոնե իրենց բիզնեսը տեղափոխեին մեր երկիր։ Վաղուց էր պետք, որ գործարարական արտակարգ տաղանդ ունեցող այդ ժողովրդի ներկայացուցիչներից ցանկացողներին շնորհել Հայաստանի քաղաքացիություն, ինչպես արել է Կիպրոսը, նույնիսկ Վրաստանը։

Եվ ընդհանրապես արաբ ժողովուրդը, որի նկատմամբ թյուր կարծիքը տիրապետող է Հայաստանում, նույնիսկ պետական մակարդակներում, հին թե նոր, ոչ միայն ազնիվ, այլեւ հին քաղաքակրթություն՝ հրաշալի չափազանց հարուստ եւ գրականություն ունեցող ժողովուրդ է, որի հանդեպ հարգանքը պարտադիր է։ Չմոռանանք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արաբական մամուլի շատ օրգաններ ոգեւորությամբ արձագանքեցին մեր բանակի հաղթանակին։

Մուհամմադ Հուսեյն շիա մզկիթի մինարեները, Բեյրութ | jounblat

Իսկ ինչ վերաբերում է ասորիներին, որոնց վերաբերյալ եւս եղան մեկնաբանություններ, նույնպես ձախավեր, ես ամոթ եմ զգում։ Առնվազն պետք էր հաշվի առնվեր ասորի համայնքի ներկայությունը մեր երկրում։ Այդ ժողովրդի հետ մենք հազարամյակների պատմություն ունենք, դավանանքային նույնություն (Արեւելյան եկեղեցիներ), նույնպես տառապած ժողովուրդ՝ միեւնույն թշնամու ձեռքին, լեզվական բազմաթիվ փոխառություններ։ Երանի՜ թե այժմ բեկորների վերածված ասորի ժողովուրդը ավելի մեծ համայնք ունենար մեր երկրում, եւ ոչ թե պարփակված Արզնիի գյուղերում, ինչպես հիմա։

Իմ կարծիքով, մեր պետության դժբախտություններից մեկն էլ հոմոգեն ազգաբնակչություն ունենալն է, որը մեզ զրկում է շատ ու շատ առավելություններից։ Ինչո՞ւ մեր երկրում ապրող փոքրամասնությունները գոնե յուրաքանչյուրը մեկ անձով ներկայացված չեն մեր խորհրդարանում, ինչպես հույները, հրեաները, քրդերը։ Մենք կորցրել ենք լայն, մեծ մտածելու մեր պատմական կարողությունը, մենք դարձել ենք նեղմիտ, ինքնամփոփ, մեզ զրկել ենք լայն մտահորիզոնից։

Նույնը վերաբերում է նաեւ մեր դիվանագիտությանը, որը իրեն գրեթե մեկուսացրել է արաբական աշխարհից, այնտեղ ապրող տարբեր ժողովուրդներից ու պետություններից։

Հանձնակատարի հայտարարությունը լուրջ չէ, իրականանալի չէ, մեր երկիրը պատրաստ չէ լիբանանցիներին ընդունելու։ Այդ հայտարարությունը պետք է ընդունել որպես շրթունքի ծառայություն, որին կընդառաջեն ընդամենը մի քանի հարյուրյակ լիբանանահայեր միայն։ Հետեւաբար լուրջ չեն նաեւ այդ հայտարարությանը հետեւած արձագանքները։

Հակոբ Ավետիքյան | Ազգ, 2020/08/12 

Կարդացեք այս թեմայով նաեւ.

Հալեպում եւ Բեյրութում հայրենազրկման 100-ամյա ծրագիր է. Ի՞նչ է Երեւանի դերը