ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Բաշկիրները՝ իրար. «Բեզ նասար տուգել էրմենդերզեն», հայերից ինչո՞վ ենք պակաս

Բնապահների շղթան Ղուշտաու հանքավայրի մոտ   | ՏԱՍՍ

Ստերլիտամակ քաղաքի մերձակայքում Արայի լեռը հիշեցնող սարը իրականում Ամուլսարն է: Անշուշտ, «բաշկիրական Ամուլսարը»: Իսկական անունը Ղուշտաու՝ երկսապատ լեռ: Լեռան շուրջ ծավալվել են բնապահպանական եւ ոչ միայն բնապահպանական թեժ մարտեր ցուցարարների, մասնավոր զինյալների եւ պետության իրավապահների մասնակցությամբ:

Ա

զգային հանրապետության գլուխ Ռադիյ Խաբիրովը հանքավայրը շահագործող ԲՍԿ ընկերության պահակազորի եւ բնապահների միջեւ ամսվա սկզբին ծագած բախումների մեղքը բարդել էր «վահաբիականների» վրա: Վահաբիականներ պիտակը Ռուսաստանի մահմեդական հանրապետություններում համարժեք է «նժդեհականներին» Հայաստանում կամ «ֆաշիստներին» նախկին ԽՍՀՄ մնացյալ բոլոր վայրերում:

Հազարավոր ցուցարարներից կազմված շղթայի մի մասը մեկ օրում ազգային դարձած եռագույնի ներքո   | նովգազ

Բախումներին ակամա եւ հպանցիկ, առանց տանջալից մտորումների կրոնական աստառ տված ղեկավարին շտապ կանչել են Կրեմլ, ուր պերճ ռուսերենով հրահանգել  բախումը «խաղաղ եւ ապաքաղաքական» հունով տանել դեպի առժամանակյա սառեցում:

Այստեղ է, որ բացի «Ղուշ-տաուն մնալու է տաու» եւ «Ղուշտաուն՝ մե՛րն է» կարգախոսներից մեջտեղ է բերվել «Հայերից վատը չենք» վանկարկումը, որը մեկ այլ՝ «Ուզում ենք Հայաստանի պես» 2018-ի թավշյա կարգախոսի նմանակն է

Ավելի քան վճրական ցուցարարների ճնշման տակ հանքի պահակազորը հեռացվել է, վրանաքաղաքը վերականգնվել իսկ լերան գագաթին պարզվել է բաշկիրական եռագույնը: Պետք է հաշվի առնել, որ Ղուշտաուն եւ դրա նման էլի մի քանի մերձակա սարեր անփոխարինելի են Ռուսաստանի քիմիական արդյունաբերության համար:

Հիրավի, դժվար է պատկերացնել, որ դաշնային կենտրոնի նման նահանջ պատահեր առանց Հայաստան-2018-ի՝ տիկին Մարգարիտայի շնորհիվ  մշտադալար վերհուշի եւ Մինսկ-2020-ի կենդանի պատկերների: Խաբարովսկից Ամուլսարով՝ Մինսկ եւ Ղուշտաու երթուղին կարող է ռեզոնանսի խողովակ դառնալ անկանխատեսելի հետեւանքներով: Զանգվածային ընդվզման շնորհիվ նախկին ԽՍՀՄ կազմալուծման երկրորդ փուլի բանալին Երեւանում է: Չմոռանանք, որ 30-ամյա հեռավորության վրա է առաջին փուլը, որի «կարգավորիչը» նույնպես Երեւանն էր:

Ահավասիկ, Հայաստանի առջեւ հազվադեպ գեղեցկության մի բնապատկեր է բացվել, այն ինչ կոչում են “war of choice”, այսինքն՝ կռիվ ըստ ցանկության: Ուզում ես՝ կլինի կռիվ, չես ուզում՝ կռիվ չի լինի: Ի՞նչ է Հայաստանի ցանկությունը: Կամ, ինչ գի՞ն կարելի է պահանջել հայկական «ավանդական» խաղաղասիրության դիմաց: Կարծում ենք, նվազագույնը զենք, լավ զենք: