ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Լրագիր. Անկարան ռազմական ներկայություն է հաստատում Անդրկովկասում

Իտալա-բրիտանական AugustaWestland եւ թուրքական TAI արտադրության T129 Atak գրոհային եւ հետախուզական ուղղաթիռի բեռնաթափումը Airbus A400M Atlas փոխադրանավից Նախիջեւանի միակ՝ Շեքերաբադ օդակայանում  | militaryleak

Լրագիր առցանց հրատարակությունը (գլխ. խմբ. Հայկազն Ղահրիյան) օգոստոս 18-ին խմբագրական անդրադարձ է կատարել Տավուշի սահմանային սրումին հաջորդած թուրքական ներխուժմանը Անդրկովկաս, որը մենք կգնահատեինք որպես ռազմական եւ դիվանագիտական պլանավորած ճակատային գործողություն

Լ

րագիրը շաղկապում է թուրքական լրատվական առաջխաղացումը եւ Աբշերոնի վարչախմբի ներքին քաղաքական եւ տնտեսական վազվզուքը, որ ծայր առավ ՀՀ Զինուժի տավուշյան ապտակով:

Նկարագրելով Էլմար Մամեդյարովի ղեկավարած ԱԳՆ վատնումների սկանդալը, թերթը գրում է. 
«… հասկանալի է, որ կոռուպցիան միայն առիթ է, այլապես աշխատանքից կազատվեր ու քրեական հետապնդման կենթարկվեր ողջ վարչակազմը, այդ թվում Ալիեւների ընտանիքը, որի կոռուպցիոն գործունեությունը միջազգայնորեն «փաստաթղթավորված է»: Խնդիրն այստեղ Կասպիցից արեւմուտք այդ [ա.կ. «Ադրբ. Հանրապետություն» – Եզերք] կազմավորման ներքին ու արտաքին վերադասավորումներն են, որի առաջին գծում հայտնվել է Արտաքին գործերի նախարարությունը:

Ալիեւը փոխում է քաղաքականությունը, ինչն արտահայտվել է նոր հայեցակարգում, ըստ որի՝ Ռուսաստանն այլեւս չի համարվում առաջնային գործընկեր, այլ միայն՝ հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար: Բաքուն ներկայում լիովին «ինտեգրվում» է Թուրքիային, որը ռազմական ոլորտից բացի ընդգրկելու է նաեւ տնտեսական ոլորտը, Բաքվի պետական էներգետիկ սեկտորի մասնավորեցման ձեւով: 

Թուրքիան արդեն հայտարարվել է Բաքվի հիմնական ռազմական գործընկեր, իր հերթին՝ Անկարան հստակեցրել է, որ փաստացի գոյություն ունի այլեւս մեկ բանակ: Թուրքիան վերցրել է Նախիջեւանը եւ այդպիսով հաստատում է իր ռազմական ներկայությունն Անդրկովկասում:

Այս գործընթացները լիովին փոխում են ոչ միայն առկա իրավիճակը, այլեւ ռուս-թուրքական հարյուրամյա պայմանավորվածությունները ստատուս-քվոյի վերաբերյալ: Տավուշի ռազմական գործողություններն այս գործընթացի յուրատեսակ «ճամփաբաժան» են, ինչի վկայությունն էր ռազմական գործողությունների համեմատաբար լոկալ բնույթի բաղդատությամբ միջազգային բավական լայն արձագանքը:

Այսպիսով, շրջանում առաջանում է նոր իրավիճակ, եւ Հայաստանը ռազմա-քաղաքական առումով բարձրանում է նոր մակարդակ՝ այլեւս ոչ թե Բաքվի, այլ Թուրքիայի: Թերեւս դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի հայտարարությունը Թուրքիային զսպելու նոր ձեւաչափերի անհրաժեշտության մասին: Խոսքը թե քաղաքական, թե նաեւ ռազմական բաղադրիչի մասին է:»

Թերթը անդրադառնում է նաեւ Ալիեւ-Պուտին «400-տոննանոց» նշանավոր հեռախոսակապի մասին հաղորդագրությանը: Բացի Հայաստանին կամ Հայաստան մատակարարված արդիական զինատեսակների Բաքվի կասկածից նշվում է նաեւ հետեւյալը.

«… այդ հաղորդագրությամբ Ալիեւն իր համար «ալիբի» էր ստեղծում թուրքական սպառազինության անցնելու համար»

Անդրադարձում ասված է.
«Թուրքիայի ռազմական ներկայությունն Անդրկովկասում նոր իրավիճակ է ստեղծում, դրանից բխող հետեւանքներով: Թուրքիային զսպելու նոր ձեւաչափերը Հայաստանի քաղաքականության առաջնահերթությունն են թե քաղաքական, թե ռազմական տեսանկյունից»: 

Ավարտելով սյունակը, խմբագիրը ստիպված է արձանագրել Մոսկվայի քաղաքականության ֆիասկոն Անդրկովկասում, որը մեր կարծիքով, նաեւ ՀՀ առաջին երեք վարչակարգերին բնորոշ «դուլ չեզոքության» գործելավոճի հանրագումար ֆիասկոն է.
«Ռուսաստանը հույս ուներ «Ադրբեջանի խորհրդայնացումն» իրականացնել իր հռչակած՝ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ հավասար հեռավորության քաղաքականությամբ, որը տապալվեց»: