Ամեն աստծո օր փողոցներում աչքի զարնող լեզվական անհեթեթության մասին հրապարակումը սպասվածի պես մտքերի եւ տեսակետների փոխանակություն է առաջացրել մասնագիտական շրջանակներում: Օտար տարրերի ներմուծումով առավել ընդգծված անփութությունը ստիպում է ներկայացնել գործնական բնույթի տեսակետները առաջնային նյութերի շարքում:
Առեւտրանշանների հիշատակումը գովազդի կամ նշավակման նպատակ չի հետապնդում
.
Անդրադարձ
Ե
ս այնպես եմ հասկանում, որ Ցուցանակները համընդհանուր գրագիտության վկա. Հայերենի հանրային տառապանքը նյութի մեջ հարցը օտարամոլությունից զատ նաեւ հանրային վայրերում տիրող լեզվական ընդհանուր անհեթեթությունը, բարձիթողությունն ու փնթիությունն է: Դա հավասարապես վերաբերում է հայատառին թե լատինատառին (կյուրեղյանին եւ ուրիշների). Shedevr-ը՝ դրա ցայտուն օրինակ:
Թերեւս, խնդրի լուծումը մի քանի մասի է բաժանվում.
• Բոլոր ցուցանակներում, անխտիր, հայերենը պետք է լինի առաջնային: Օտար լեզվով գրությունները Հայաստանում բնակվող օտարերկրացիների կամ օտար այցելուների համար բացատրական բնույթ ունեն եւ պետք է երկրորդեն հայերենին տառաչափով ՝ ձեւավորեւորման տարրերից զուրկ լինեն եւ այլն: Օտար լեզվով գրությունները կարող են առաջնային լինել, եթե դրանք համաշխարհային հայտնի բրենդների անուններ են, որոնք ընկալվում են որպես ապրանքային նշան. այս դեպքում հայերենը բացատրական բնույթով երկրորդում է օտարին:
• Լիովին անհասկանալի է, թե Քուինքեյք, ՄոբայլՍթոր, ՍթայլՀաուս, ԲրենդՐում, ՀոմմեյդԲեյքրի, ՍոլՔիչըն, ԷյԱրԷքս, ՖանԹրեվլ, ԷյՋիԷյջ, Էկշնֆիտնես… եւ այս բնույթի այլ անուններ ինչո՞ւ են անգլերեն համարժեքների կողքին հայերեն տառերով գրված: Անգլերեն չիմացող քաղաքացին ի՞նչ հասկանա դրանցից, ո՞րն է տրամաբանությունը, որը որից հետո է եւ արդյո՞ք սա է հայերենի առաջնությունը:
• Ինչ լեզվով էլ լինեն ցուցանակները, դրանք պետք է նախեւառաջ գրագետ լինեն, առանց բովանդակային եւ ուղղագրական սխալների:
Անշուշտ, ՀՀ Սահմանադրությունը, լեզվի մասին օրենքը, լեզվի կոմիտեն կոչված են կարգավորելու այս հարցերը: Վստահաբար պատկան մարմիններն այս ուղղությամբ քիչ ջանք չեն թափում, թեեւ հանրային միջավայրում այդ ջանքերի արդյունքներն առայժմ, ինչպես համոզվում ենք, համեստ են: Այս բարձիթողությունը հենց սկզբից կարող էր կանխել Մտավոր սեփականության գործակալությունը*, որտեղ գրանցվում են ապրանքային նշանները: Ի՞նչ լուր այնտեղից…
Բոլոր դեպքերում ինչ հիմնավոր/անհիմն բացատրություններ, նրբացուցիչ դեպք հանցանաց էլ բերեն, այս վիճակը կատարյալ խայտառակություն է հնուց շուրջբոլորը քաղաքակրթություն տարածող մի երկրի համար: Այն ակամա ստիպում է հավատ չընծայել այն մեծ-մեծ խոսքերին ու խոստումներին, որ մեր իշխանավորները սիրում են շռայլել Հայաստանի ներկայի եւ ապագայի, մեր ազգի շնորհքի ու կարողության վերաբերյալ:
«Սերմնացան»
—————
*)
Ինտերնետում փնտրտուք կատարելիս «Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր» անունով մի փաստաթղթի մեջ հանդիպեցի այսպիսի ձեւակերպման.
7. Գործավարության եւ հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման օրենսդրական պահանջների կատարման ապահովումը
Հ ի մ ն ա խ ն դ ի ր ն ե ր ը
1. Հրապարակային գրվածքների մի մասը ձևավորված է միայն օտար լեզվով:
2. Թեև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է, անհրաժեշտության դեպքում «որպես լրացում՝ գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով», բայց խնդրահարույց է սույն հոդվածի՝ գովազդի լեզուն հայերեն լինելու դրույթը ապրանքանշանների և մակնիշների վրա չտարածվելը: Տնտեսավարողները ցանկացած օտարալեզու միավոր գրանցում են որպես ապրանքանշան և հանրային գրվածքներում օգտագործում միայն օտար լեզվով, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ պետական լեզվով տեղեկույթ ստանալու սահմանադրական իրավունքը:
Գ ո ր ծ ո ղ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը
1. Հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման կարգի հաստատումը:
2. Տնտեսվարող սուբյեկտներին լեզվին վերաբերող օրենսդրական պահանջների իրազեկումը:
.
Ինչպես տեսնում ենք, խնդիրները թղթի վրա լավ են ձեւակերպված: