ՀԱՅԱՍՏԱՆ

Ցուցանակները համընդհանուր գրագիտության վկա. Հայերենի հանրային տառապանքը

ՀՀ Կառավարության ցանցային պաշտոնական միջոց. հանդես է գալիս պետական պաշտոնյա: Միջոցի մեսրոպյան մակնիշի որոնումներն իզուր են |

Օտար մշակույթի հետ առերեսման եւ անխուսափելի համակեցության խնդրի մեկ դրվագին անդրադարձել ենք «Հայկական անունների աղճատված…» նյութով: Այս անգամ թիրախում անհարկի «արեւմտացման»  ողբալի եւ, միաժամանակ, զավեշտալի երեւույթն է: Վարչախումբ-վարչապետ, քաղաքապետարան-ճարտարապետ, նախարարություն-նախարար ունեցող հանրությունը մատնված է անզուսպ ինքնագործունեության: Օտարամոլության խորքում, իհարկե, կառավարման որակի սրընթաց գավառացումն է, որի ընդգրկումը տարածվում է լեզվից մինչեւ ճարտարապետություն՝ ռուսացումից կամ արեւմտացումից մինչեւ քրդացում:

Առեւտրանշանների հիշատակումը գովազդի կամ նշավակման նպատակ չի հետապնդում

.

Հ

այաստանի Հանրապետության Սահմանադրությունը ազդարարում է, որ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» (Հոդված 20), եւ որ «Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգութ յունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են» (Հոդված 15, պարագրաֆ 2)։

Հիմա, շրջելով Երեւանում, տեսնենք, թե պետական կամ պատկան մարմինները ինչպես են կատարում այդ սահմանադրական նորմերը:

Սկսենք ցուցանակներից

Ամեն քայլի հանդիպող հայատառ Քուին քեյք, Մոբայլ Սթոր, Սթայլ Հաուս, Բրենդ Րում, Հոմմեյդ Բեյքրի, Սոլ Քիչըն, Էյ Ար Էքս, Ֆան Թրեվլ, Էյ Ջի Էյջ, Էկշն ֆիտնես… գրությունների մի մասը անգլերեն զույգի հետ է՝ անգլերենն իհարկե բազմած հայերենի վրա, մյուսները հպարտ միայնության մեջ: Անցորդը եթե ցուցափեղկում կամ կողքերը չփնտրի ուրիշ հուշող նշաններ կամ պատկերներ, հազիվ թե հասկանա դրանց իմաստը:

Մարշալ Բաղրամյան պողոտայով իջնելիս, նախկին ամերիկյան դեսպանության հետեւից, ուր հիմա տնավորված է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, մի խաչակիր շինություն է ծիկրակին տալիս, ուզում ես իմանալ ինչ է. պարսպի կանաչ ցուցանակն ասում է՝ եկեղեցաշենք (հավանաբար բողոքական house of prayer լեզվական կալկա. հարկ էր, թերեւս, աղոթատուն  – Եզերք): Հայերենը ճկուն եւ հարուստ լեզու է, ով կուզենա կճկի, ով էլ կուզենա՝ կհարստացնի:

Իսկ այս խանութի անունն ի՞նչ է. Հեռմանո, մյուսինը՝ Դոռա: Հայերենում ր չկա՞, կհարցնեք: Կա, բայց ոչ Հեռմանո ու Դոռա գրողի պայուսակում: Մի այլ խանութի մուտքին բազմել է Մարկետը: Հայերը հյուրասեր ժողովուրդ են, Խանութը հանել են, հեռու տեղից եկած Մարկետին տեղ տվել:

Իսկ այս մեկը Գլոբալ Բյութին է, անգլերենի կողքին, գրեթե հավասար: Բացատրելու կարիք չկա, փողոցի քնձռոտ շունն էլ հասկանում է, որ դա գեղեցկության սրահ է՝ էն էլ գլոբալ, այսինքն՝ ալամ աշխարհի:

Ահա Կաստորիա ֆուրսը. Ի՜նչ կարիք կա հայերենի, ցուցափեղկի մուշտակազարդ տիկինն ասում է, թե ֆուրսը ինչ է:

Ըհը, վերջապես անգլերենին տակներս դրեցինք. Քայլ հնչեղ ու խիստ պահանջված անվան տակ չուզենալով ծվարել է Qayl-ը (Օքսֆորդի բացատրական բառարանում պիտի նշվի փոխառություն նոր հայերենից):

Օ՜, բարեւ, Ռովիգո շուզ: Կոշիկ չէ, շուո՜ւզ, հարգանք է ներշնչում…

Աութլեթ. մի չնաշխարիկ բառով էլ հայերենը հարստացավ… հերն էլ անիծած, թե խեղճուկրակ անցորդի համար դա ինչ է նշանակում:

Ճիշտ է, հատուկենտ պատահում են նաեւ ճիշտ կազմված (առանց հայերեն անհարկի տառադարձման՝ նաեւ օտարի որոշակի ստորադասմամբ – Եզերք) ցուցանակներ. Բաղրամյանի վրա՝ Ակադեմիայի դիմաց, ՇրջանակներРамкиFrames, Մաշտոցի վրա՝ Իմ գաղտնիքը My secret, բայց աչքաչափով դրանք քիչ են ու եղանակ չեն ստեղծում:

Օլ այզ օն մի, այսինքն՝ «սաղի աչքը վրես է», էստի համեցեք է անում ոչ այն է ամերիկյան դոլարի, ոչ այն է մասոնական աչք-եռանկյան վրա մեսրոպատառ դաջված ցուցանակը: Իսկ թե ինչո՞ւ հայերեն տառերով անգլերեն տեքստ. անհասկանալի է մնում… 

Բայց գլուխգործոցը Շեդեվրն է, որ լատինատառ ոչ ավել ոչ պակաս դարձել է Shedevr, ֆրանսերեն բնագիր Chef-d՛oeuvre-ի հայկական տեսակը՝ ազգային, համով-հոտով, որ բազմել է Վազգեն Սարգսյան 7-ի կամարի տակ:

Օրինակները հազարներով են՝ պարկերով, խրձերով, մայրաքաղաքի կենտրոնում, թաղերում, դրանցից դուրս՝ տանող ու բերող ճամփեքի վրա… Պրծում չունես, գլուխդ առ փախիր: 

Ներկայացված նմուշների առեւտրային անբասիր վարկանիշը եւ ծառայությունների բարձր որակը քննարկման առարկա չեն | սեփ. լուս.

«Արեւելյան խոհանո՞ց», թե Արեւելքում գտնվող խոհանոց

Այդ անունով Կոմիտաս պողոտայի վրա դեռ խորհրդային տարիներից սրճարան կա: Չէ, տեղն ու դերը չեն փոխվել. ամեն ինչ նույնն է, բացի անգլերեն ցուցանակից, որ եկել բազմել է հայերենի եւ ռուսերենի կողքին: Միայն թե Արեւելյան խոհանոցը անգլերենով դարձել է Արեւելքում գտնվող խոհանոց, Oriental cuisine-ի փոխարեն դառնալով Eastern cuisine: Մենք գիտենք ֆրանսիական, չինական, հունական, ռուսական, հայկական, վրացական եւ այլ խոհանոցներ, բայց աշխարհի ոչ մի երկրում Eastern անունով խոհանոց հայտնի չէ: Հավաքական անունով Արեւելյան խոհանոց – Oriental cuisine մեզ մոտ հասկացվում է սիրիական կամ լիբանանյան խոհանոցը, որ ժամանակին իրենց հետ բերել էին այդ երկրներից ներգաղթած հայերը (հիշողներ կլինեն, որ այդ ճաշարանի ամենահայտնի ուտեստը լահմաջոն էր):  

Ո՞վ է որոշում այս անունները, ո՞վ է անգլերենի վերածում եւ ո՞վ է հաստատում՝ ենթադրել կարելի է: Քանի որ առաջին երկուսի դեպքում որոշումը կամայական է, մնում է միայն հույսներս դնենք քաղաքային իշխանությունների աչալրջության վրա, որոնց վերջնական ստորագրությունը մեզ «պարգեւում» է այսպիսի «գոհարներ»:

Ենթադրել կարելի է նաեւ, որ Լեզվի կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայում այս աղաղակող սխալագրության մասին զգուշացնելու պատկան մարմիններին: Բայց քանի որ արդյունքները համեստ են, եւ մեր շուրջը առատության եղջյուրի նման հորդում են հայատառ զանազան «հաուսներ», «ռումեր», «ֆեյշն բուտիկներ», «շուզեր», «մարքետներ», «մոբայլներ», «սթորներ», «բեյքրիներ» եւ այլ «թրեւլներ» ու «քեյքեր», առաջարկում ենք հանրային արշավ սկսել այս երեւույթի դեմ՝ սոցցանցերում զետեղելով ձեր նկատած վրիպակը եւ դրա ճիշտ գրությունը, լինի դա հայերենով, թե այլ լեզվով: 

Այդ «լեզվական գոհարները» ոչ թե առանձին անհատների չիմացության ու անտարբերության հետեւանք են, այլ հանրային գրագիտության մակարդակի ցուցանիշ, քանի դեռ կենտրոնական եւ տեղական իշխանությունների անտարբեր հայացքի ներքո դրանք մնում են, բազմանում ու տարածվում:

Այդ «մանր», «իրենից կարեւորություն չներկայացնող հարցը» իրականում խոսում է մեր ազգային արժանապատվության կամ դրա բացակայության մասին: Քանի դեռ մեր պետությունը միջոցներ չի ձեռնարկում շտկելու այդ «մանրուքները», դժվար թե «մեծ հարցերում» կարողանա շատ առաջ գնալ…

Աշխարհի որեւէ երկիր իր լեզվի նկատմամբ այսպիսի արհամարհանք, այսպիսի քամահրական վերաբերմունք թույլ չէր տա: Ամենուրեք առաջինը սեփական լեզուն է, հետո, եթե կարիք կա, միջազգային որեւէ լեզու, այսօր հիմնականում անգլերենը:

Հարցը սոսկ լեզվական չէ, այլ քաղաքական-քաղաքակրթական: Եթե դու քեզ համարում ես անկախ պետություն, ազատ եւ զարգացած ազգ, ապա պարտավոր ես խնամք տանել ու հարգանք ներշնչել քո իսկ ազգային հատկանիշների նկատմամբ՝ լինի դա լեզուն թե մշակույթը: Եւ հատկապես լեզուն եւ մշակույթը, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ… 

Մինչդեռ հայոց լեզվի տառապանքներն ու նվաստացումները սրանով ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում: Եւ ոչ միայն լեզվի… Ամբողջ երկրով մեկ ուր նայես շուրջդ տիրում է ընդհանուր փնթիություն ու ամենաթողություն: Տպավորություն է, որ ինչին մարդ ձեռք է տվել՝ փչացրել է:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով… 

«Քաղհան»    

Թեմայով կարդացեք նաեւ