Սեպտեմբեր 27-ի ագրեսիայով ակտիվացել են Արցախ-Սիրիա աղերսները: Մենք հետեւում ենք թուրքական եւ միջազգային մամուլի հրապարակումներին, որոնցից շատերը վկայում են ռուս-թուրքական երբեմնի անխռով հարաբերությունների զգալի խաթարումը
.
Մ
ասնավորապես, մամուլը Լիբիայում թուրքամետ ուժերի նահանջի համար մեղադրում է Ռուսաստանին և նույնիսկ Միացյալ Նահանգներին, որոնք իբր անդրկուլիսյան գործարքներ են ձեռնարկել:
Մոսկվայի հետ կապված մեկ այլ թեմա է տնտեսությունը: Սեւ ծովում Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում բնական գազի մեծ պաշարների հայտնաբերումը առաջացրել է թուրքական մամուլի հաղորդագրություններ, թե գազի ներմուծման եւ մատակարարման պետական ցանցի հիմնական օպերատոր BOT A.S. (Բոթաշ) ընկերությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ արտահանողների հետ գազի գնի մեծ զեղչերի պահանջով:
Այս հանգամանքը, ենթադրում ենք, դուրեկան չէ Գազպրոմին եւ Կրեմլին: Ռուսաստանից Թուրքիա գազի ներկրումը կտրուկ նվազել է: Սա այն դեպքում, որ 2020-ի հունվարին նախագահներ Էրդողանի եւ Պուտինի մեծ շուքով բացած «Թուրքական հոսք» գազամուղը նախագծածի եւ հիմնականում կառուցածի արդեն ընդամենը կես հզորությունը ուներ: Գազատարի երկրորդ թելի խողովակները ապամոնտաժվեցին եւ հատուկ վայրերում գետնի մեջ թաղվեցին: Շինարարության վրա ծախսած փողի հետ միասին:
Ռուս-թուրքական հարաբերությունները ստուգվում են հայտնի, կարելի է ասել, ունիվերսալ փորձաքարի ՝ Սիրիայի շուրջ վեճին բախվելով: Ստորև ներկայացված նյութերի համաձայն, Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ, թե ինչ են անելու Իդլիբի հետ: Այսպիսով, հորիզոնին երեւում է հոկտեմբերին եւս մեկ արյունալի բախման ուրվականը: Հիշենք 2020-ի գարնանային գրեթէ ուղղակի ռուս-թուրքական մարտական բախումները Իդլիբի հարավում, ինչի համար Անկարան ուղղակի մեղադրեց Մոսկվային:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների [Al-Monitor, Washigton], սեպտեմբերի 16-ին Անկարայում կայացած բանակցությունների վերջին փուլում Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է զգալի նահանջ կատարել Իդլիբում: Մասնավորապես, լուծարել թուրքական անցակետերը Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում, նվազեցնել զորքերի քանակը եւ հետ քաշել ծանր զենքը տարածաշրջանից: Հատուկ պահանջ է թուրքմեն զինյալների հեռացումը M4 ռազմավարական մայրուղուց:
Ըստ հաղորդագրւթյունների, [Եզերք, Երեւան] սիրիական թուրքմեն վարձկանները կազմում են օդային կամրջով դեպի Բաքու տեղափոխվող իսլամիստական վաշտերի կորիզը
Հակառակ ռուսական պահանջներին, թուրքական կողմը Անկարայում Մոսկվայից պահանջել է լիովին մաքրել Մանբիջի եւ Թել Րիֆաաթի գրավված շրջանները Դամասկոսի կառավարական եւ քրդական YPG ուժերից, որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված: Երկու կողմերն էլ հրաժարվեցին միմյանց պահանջները ընդունելուց:
Arab News (Էր-Ռիադ) հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան չկարողացան Անկարայում համաձայնության գալ վերջինիս ռազմական ներկայությունը նվազեցնելու մասին Ասադի դեմ ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում, որտեղ տեղակայված է ավելի քան 20,000 թուրքական զորք:
Ռուսաստանն ակնկալում է, որ թուրքական զորքերը դուրս կգան M4 մայրուղուց հարավ ընկած հատվածներից՝ համաձայն երկու երկրների միջև Սոչիի 2020 մարտի համաձայնության, բայց Անկարան ընդդիմանում է:
Արաբ Նյուզը վկայակոչում է Ալեքսեյ Խլեբնիկովին՝ ռազմավարական ռիսկերի անկախ խորհրդատու, Ռուսաստանի Արտաքին գործոց խորհրդի փորձագետին, որը ասում է, թե Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան կցանկանա Իդլիբի մասին Ռուսաստանի հետ համաձայնության գալու դիմաց:
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ այսպես կոչված «Ադրբեջանի» նկատմաբ ռուս կամ թուրք ազդեցությունը հանդիսանում է Միջինարեւելյան սակարկային «հավասարության» մաս: Այս կապակցությամբ, Կասպիցի Արեւմուտքի խնդրի առանցքը կազմում են Արցախը եւ հայ բանակի ուժը:
Մոսկվային չի կարելի երկմտանքի հնարավորություն թողնել. գուցե զիջե՞լ Արցախը՝ «Ադրբեջանում» ազդեցությունը վերականգնելու եւ Իդլիբում թուրքական նահանջի հասնելու դիմաց:
Արցախի եւ Կասպիցի Արեւմուտքում միֆական «ադրբեջանական» [Տարասով, Ռեգնում] պատմությամբ օժտված թյուրք կազմավորման հարցը տեղային, լոկալ չէ, այլ ունի ընդգծված աշխարհագրական-քաղաքական ընդգրկում: Այս հանգամանքը պետք է շարունակ աչքի առաջ ունենանք: