ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

«Աստանայի» ուրվականը Արցախի հորիզոնում. Նորի՞ց ռուս-թուրքական միջամտություն Հայաստանում

Սիրիայի խնդրով «Աստանայի եռյակը» Սոչիում շրջանցում է Միացյալ Նահանգներին, 2017 | TASS

 

2020 թվի հուլիսյան տեղային միջադեպը արդեն կարելի է բաղդատել սեպտեմբեր 27-ին սկսաց անհամեմատ ավելի լայնածավալ պատերազմական գործողությունների հետ: 2020-ի սեպտեմբերը, իր հերթին, պետք է համեմատվի 2016-ի ապրիլի հետ: Առանցքայինը այսպիսի համեմատության մեջ Ռուսաստանի դիրքորոշման վարիացիաները, տարբերություններն են

.

Հ

ակիրճ ուրվագծենք այդ տարբերությունները: 

2016-ին պրեմիեր Դմիտրի Մեդվեդեւը հրապարակավ մեղադրում էր Թուրքիային՝ Բաքվին պատերազմի հրահրելու համար: Բոլորին, սակայն պարզ էր, որ Աբշերոնի ռազմական ակտիվացման հիմքում զենքի անհավասարաչափ մատակարարումն էր հակամարտ կողմերին: Սա սարցաբեկորի միայն երեւացող մասն էր, անշուշտ: Քաղաքական բաղադրիչի մասին կարելի էր միայն ենթադրություններ անել:

2018-ի հուլիսյան լոկալ ընդհարումը անհամաչափ արձագանք ստացավ ռուսաստանյան կառավարամետ փորձագիտական շրջանակներում: Թուրքական մամուլի զննումները թույլ տվեցին պարզել մոսկովյան աղմուկ-աղաղակի պատճառը: Կրեմլում անհանգստացած էին Անկարա-Վաշինգտոն քաղաքական, հնարավոր է նաեւ ՆԱՍՕ-ի գծով՝ ռազմական համագործակցությամբ կովկասյան ուղղությամբ: Ենթադրելի միջամտության առիթը՝ Երեւան-Բաքու լարվածությունն էր:

2020-ի սեպտեմբերը, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում ուղեկցվում է մամուլի անխտիր բոլոր միջոցներում, անկախ դրանց աջուձախ երանգավորումից, լայնածավալ ագրեսիայի նշանակության շինծու նվազեցմամբ: Մամուլը պնդում է ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայի չեզոքության մասին: Եւս մի նշան է կատաղի հակահայ քարոզչության «գյադայական» նմուշների առատությունը՝ դարձյալ բոլոր կարգի միջոցներում անխտիր: Նման ունիսոնը վկայում է իշխանական խիստ, ամեն տեսակ ժուռնալիստական մասնավոր նախասիրություններից գերակա ուղղուրդման մասին: 

Այսպիսի մեդիա նախապատրաստությունը ենթադրում է ինչ-որ քաղաքական նշանակալից իրադարձության մոտեցումը պատերազմի հետագծի վրա: Այս ենթադրության օգտին են խոսում ռուսաստանյան պաշտոնյաների, այդ թվում Կրեմլը ներկայացնող լիազորի հայտարարությունները: Որո՞նք են դրանք:

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հորդորեց «արտաքին խաղացողներին չմիջամտել» Երեւան-Բաքու հակամարտությանը: Միաժամանակ, նախագահ Պուտինի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը, իրեն ուղղված այն հարցին, թե «չի գտնու՞մ արդյոք, որ արտաքին մի կողմ փորզում է Կովկասում բարդություններ առաջացնել Ռուսաստանի համար», պատասխանել է. «ոչ, մենք նման տեսակետ չենք կիսում»:

Պեսկովը ավելացրել է, թե «Ղարաբաղյան խնդրով Կրեմլը մշտական շփման մեջ է գտնվում Անկարայի հետ: Անհրաժեշտության դեպքում Պուտինը կբանակցի Ալիեվի հետ»: Այս հայտարարությունը կատարվել է Էրդողանի՝ Արցախից հայկական զորքերի անհապաղ դուրսբերման մասին Հայաստանին ուղղված պահանջի ֆոնին: Էրդողանը անիմաստ է համարում Մինսկի համանախագահության միջնորդությունը: •Բախումը պետք է կարգավորեն շրջանի ազդեցիկ երկրները», ավելացրել է Թուրքիայի նախագահը: Փոխնախարար Ռուդենկոյի «արտաքին խաղացողները», այսպիսով, Վաշինգտոնն ու, հնարավոր է, Փարիզն են: 

Պեսկովի հնչեցրած բանաձեւը ենթադրում է «անկախ մեղավոր-անմեղի որոնումից, անհապաղ զինադադար եւ [Պուտինի] բարձր միջնորդությամբ բանակցությունների վերսկսում»: Բանաձեւը տառացի համընկնում է դեսպան Տողանյանի Էխո Մոսկվի կայանի եթերում հնչեցրած դրույթի հետ: Կարելի է ասել, որ կամ Պեսկովը արտաբերել է պատերազմի ավարտի՝ Երեւանի հետ արդեն իսկ համաձայնեցրած մի դիրքորոշում, կամ Տողանյանը ստանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պարտականությունը: Սակայն հիմա խոսքը Տողանյանի մասին չէ:

Ակնհայտ է, որ 2020-ի հուլիս-օգոստոս միջակայքում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ դիրքորոշման բյուրեղացում: Թուրքական հոխորտանքների շուրջ ռուսական դիրքորոշման փոփոխությունը հենց դրանով է պայմանավորված:  Կարող ենք հղել Արցախ-Սիրիա շաղկապման դրույթի կարճ ակնարկին, ըստ որի Իդլիբի շուրջ 2020-ին Անկարայում չկայացած ռուս-թուրքական համաձայնությունը կարող էր հետեւանքներ ունենալ Լիբիայից Կովկաս ձգվող աղեղի Արցախյան ծայրում: Ինչպես ընդունված է ասել, խճանկարը, կամ «փազլը» լրանում է: 

Ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները տեղիք են տալիս մտածելու, որ բացառված չէ Ասադի շահերի հաշվին Իդլիբում ռուսական պահանջների մեղմացումը՝ Փաշինյանի հաշվին Արցախում ռուսանպաստ իրավիճակի առաջացման դիմաց: 

Բացառված չէ մեկ այլ կոմբինացիա, սակայն նման շիլա եփելու համար էրդողանին պիտի դիմակայեն երեք Պուտին ու յոթ Փաշինյան, թերեւս: 

Առանց մանրամասներին անդրադառնալու կարելի է ասել, որ Մոսկվա-Անկարա համաձայությունը, իր «ծայրահեղ բարեկամական, լենին-աթաթուրքյան» տարբերակով, կարող է արդյունքոմ հանգեցնել Սիրիայի վերաբերյալ «Աստանայի գործընթըցի» կիրառմանը Արցախում, ինչը ենթդրում է ռուս-թուրքական ռազմական-ոստիկանական ներկայություն հայկական հողում՝ Արցախում, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդրի «լուծման» հնարավոր տարբերակները առաջացնում են «այդ դեպքում ո՞վ հրահրեց սեպտեմբերյան պատերազմը» օրինական հարցը: 2016-ի ապրիլի պարագային պատասխանը ավելի պարզ էր:

Պատմությունը հակված է կայուն այսպես կոչված «փաթերնների» կրկնությամբ իրականանալ: Մեր մեծ շրջանի համար՝ Բալկաններից, Հյուսիսյին Աֆրիկայից մինչեւ Կովկաս այդ «փաթերնները» ամենաբացասական երանգն ունեն հայության համար

Մեզ հետապնդող փաթերնին պետք է անդրադառնալ, անշուշտ: Այժմ միայն նշենք, որ մի քանի դարի երկարություն ունեցող այս արյունալի պատումի մեջ առաջին անգամ հայկական շահը ձեւավորված է թող ոչ անթերի, բայց 30-ամյա պետության եւ անձնազոհ, բավականին մարտունակ բանակի տեսքով: Սա բազմադարյան կարծրացած «փաթերնի» հուսադրող բեկում է: 

Սեպտեմբեր 27-ի պառլամենտական դեբատները եւ հաջորդ օրվա մի քանի ելույթ, թող հուզական եւ ոչ միշտ գիտակցված, այդուհանդերձ պետության շուրջ բազմազգ, հայերի քաղաքակրթական առաքելութայնն համահունչ համախմբման լիցք են պարունակում: Իր նախնական, «քարանձավաբնակ» վիճակին բերված, «ադրբեջանցի» հպարտ անունն վերցրած մեզ դիմակայող ցեղը անդեմ մեդիում է ընդամենը:

Հարկ է պատկերացնել, թե նախորդ դարերից եկող ի՛նչ ահռելի բեռ ենք շալակն առել հիմա եւ իրականում ի՛նչ ուժերի ենք դիմակայում: Սպառնալից իրողության աչքերի մեջ պիտի ուղիղ նայենք՝ ինչպես զինվորը ճակատում: Կաշխատենք շարադրել խնդրի մանրամասների մեր տեսողությունը, թե՛ պատմական, թե՛ ընթացիկ քաղաքական առումներով: