ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Հալեպում եւ Բեյրութում հայրենազրկման 100-ամյա ծրագիր է. Ի՞նչ է Երեւանի դերը

Հայաստանի դրոշը «Հայաստան» փողոցում: Մոդայիկ համարվող բեյրության Մար Մխայիլ թաղամասը | wikimedia-Leon_petrosyan

Պաշտոնական Երեւանի մեղմ ասած մշուշոտ դիրքորոշման հետեւանքով Սիրիայի եւ Լիբանանի գաղութները բռնում են իսկական սփյուռքի ճանապարհը: Արդյունքում՝ դեռեւս 1890-ականների վերջին առաջացած հայկական արտասահմանը, որ առանց այդ էլ կենդանության սոսկ նշաններ է ցուցաբերում, կարող է մոտենալ իր ազգային վախճանին

Ն

շված, ինչպես նաեւ մերձավորարեւելյան այլ համայնքների «սփյուռք» բնորոշումը, որը պարտադրվեց Լոզանի 1923թ. կոնֆերանսի որոշումներով եւ բոլշեւիկ Ռուսաստանի Դաշնության հատուկ շահագրգռությամբ, տակավին լայնորեն ընդունված է հայ հանրային կարծիքի կողմից: Նույն պատկերն է նաեւ պետական մակարդակի վրա, որտեղ պարբերաբար արտաբերվում է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնություն անհեթեթ բանաձեւը: Բացի Հայաստանի եւ Արցախի տարանջատումից այն իբրեւ սփյուռք է որակում ՀՀ եւ ԱՀ տարածքներից դուրս բնակվող բոլոր հայերին: Այս պրիմիտիվ մոտեցմանը ի՞նչ են հակադրում շրջանի դերակատարները:

Թուրքական դիրքորոշում

Մինչ Երեւանում «սփյուռքի հարցը» գրեթե անփոփոխ խորհրդային վիճակում էր, «ահեղ» 2015-ի նախաշեմին թուրքական իշխանությունները ճշգրտեցին իրենց պատկերացումները: Հայերի սփյուռք համարվեցին, այն էլ «մեր՝ թուրքական, օսմանյան» հանգամանքով, Մերձավոր Արեւելքից եւ Իրանից դուրս գտնվող հայ գաղութները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Լատինական Ամերիկա [1, Ա.Դավութօղլու] : Մնացած գաղութները դիասպորա չէին, այլ ցեղակիցների հազարամյակների հայրենիքում վերստին արմատներ արձակած եւ Թուրքիայի համար անմիջական եւ նոր երանգներ պարունակող սպառնալիքի խտացումներ

Երեւանում եւ Ստեփանակերտում հայկական պետականության հաստատումը, հայկական լոբբին Վաշինգտոնում եւ Փարիզում առավել մեծացրեցին նախկին օսմանյան տարածքներում տակավին բնակվող հայերի կշիռը Անկարայի աչքերում:

Համաձայն այս, իրականությունը ճշգրիտ նկարագրող դասակարգման էլ գործում է պաշտոնական Անկարան, հետապնդելով հայերին իրենց բնօրրանից եւ քաղաքակրթական մեծ արեալից հեռացնելու ստրատեգիական նպատակ:

Թուրքիայում Հայաստանի կառավարման մակարդակը նկատում են իբրեւ ծայրաստիճան ցածր: Այս բերումով, Անկարայի համար ընդունելի է հայերի տեղաբաշխումը նույնիսկ ՀՀ կամ ԱՀ տարածքում: Այստեղ Անկարային ոգեշնչողը հայության տարբեր հատվածների քաղաքակրթական օբյեկտիվ խզումի հանգամանքն է, որը գրեթե անտեսվում է Երեւանում:

Մերձավորարեւելյան հայության ստրատեգիական վտանգը Թուրքիային Երեւանում չի ընկալվում իբրեւ հայկական ստրատեգիական ակտիվ, ինչի մասին է վկայում Կառավարության Տան հանձնակատարի այցը Բեյրութ մեկ տարի ուշացած՝ այն էլ միայն արտակարգ առիթով

Այժմ, մեր ակնարկած «նոր երանգների» մասին: Մեծ Եղեռնի հետեւանքով հայերի մեծհայքյան եւ քաղկեդոն-բյուզանդական հատվածների հետնորդները հայտնվել են իրենց միացյալ քաղաքակրթական արեալի մեկ շրջանում: Անվանաբար հայերը ապրում են անվանաբար օտար, սակայն թե էթնիկ սուբստրատի, թե կրոնա-մշակութային ժառանգության իմաստով նմանակ միջավայրում:

Այս երեւութը կարոտ է մշակութաբանական-քաղաքագիտական մանրազննին ուսումնասիրության: Միջինարեւելյան հայերի խնդիրը ոչ միայն ակադեմիական չափում ունի, այլեւ պրակտիկ, թող թույլ տրվի ասել՝ ռեալ պոլիտիկ նշանակություն Հայաստանի համար: Պարզ է, որ Երեւանից այս պատկերը հստակ չի երեւում, այդուհանդերձ ներկայացնում է հսկայական եւ անսպասելի ներուժ:

Անկարայի «հայկական ռազմավարության» կարեւոր տարրը՝ նախկին հպատակների ժառանգների «օսմանացումն» է Մեծ Եղեռնի ժխտողականության եւ «անատոլիական ընդհանուր պատմության» պլատֆորմի վրա: Այս հանգամանքը, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանին մանյովրի ասպարեզ է բացում «հյուսիսափայլ սիրո» հնարավոր նոր պոռթկումները դիմագրավլու համար: Անշուշտ նման մանյովրները քաղաքական խաղի մեծ հմտություն են պահանջում Երեւանից:

Մերձավոր Արեւելքի հայ գաղութների վերաբերյալ ռուսական տեսակետները

2015-ին, Սիրիայում Ռուսաստանի միջամտության շրջանին, Կրեմլի ղեկավարությունը բավականին արագ ընդունեց, որ սիրիահայությունը ամենեւին սփյուռք չէ՝ հասկացության նախկին, խորհրդային իմաստով, այլ տեղի քաղաքակրթական ժառանգության կրող համայնք: Քաղաքագիտական լեզվով ասած՝ ստրատեգիական նշանակություն ունեցող տեղաբնակ տարր: Խոսքը, անշուշտ ռազմավարական շահերի ռուսական տիրույթի մասին էր: 

Այդուհանդերձ, հայկական շահը Սիրիայի պարագային լիովին համընկնում էր ռուսականի հետ, ընդ որում իր ռազմավարական բովանդակությամբ բազմապատիկ ավելին էր, քան ռուսականը: Ավաղ, դրվագը որեւէ կերպ չդարձվեց ի նպաստ Երեւանի: Հայաստանյան վարչախմբերի իրար հաջորդած կոպիտ սխալների եւ վրիպումների մասին՝ առանձին նյութով:

ԱՄՆ դիրքորոշում

Միացյալ նահանգների դիրքորոշումը ետպատերազմյան տարիներին պայմանավորված է եղել ԽՍՀՄ հետ առճակատմամբ: Այժմ այն պայմանավորված է Ռուսաստանի հետ մրցկցությամբ եւ Թուրքիայի Հանրապետության հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ երկկողմ հարաբերության պահանջներով: Թե նախկինում, թե այժմ Նահանգների դիրքորոշումը այնքանով կարող է հայանպաստ լինել, որքան թույլ են տալիս հայազգի քաղաքացիների էլեկտորալ հնարավորությունները:

Եթե կարճ բնութագրենք ԱՄՆ գործադիր իշխանության վերաբերմունքը Միջին Արեւելքում հայկական գործոնի նկատմամբ, կարող ենք հիշել 2018 հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Բոլթոնի ուղերձը հայերին. «Սիրիական իրադրության մեջ եւս մեկ կողմ [հայկականը] առաջացնելու կարիք չկա»: Մեկնաբանությունները ավելորդ են: 

Սա ամենեւին չի կանխորոշում Նահանգների դիրքի կարծրութունը: Սա ընդամենը հետեւանք է հայկական դիրքի ավանդաբար գավառական կրավորականության: Շտկելով երկրորդը կարելի է փոխել առաջինը:

Հանրագումար վիճակ

Առավելապես ԱՄՆ, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերով պայմանավորված եւ մեզ հետաքրքրող իրադարձություններիը հետեւյալն են: Լիբանանյան 1975-1990թթ. պատերազմի ընթացքին՝ ԱՄՆ հետ համաձայնեցված  լիբանանահայության արտագաղթը, այնուհետեւ Իրանի շահական ռեժիմի 1979-ին տապալման հետեւանքով առաջացած իրանահայության գաղթը լուրջ հարված հասցրեցին մերձավորարեւելյան հայ համայնքներին:

Մինչ այդ եւ դրանից հետո թե Եթովպիայում, Եգիպտոսում, Սիրիայում, թե Իրաքում՝ այսինքն Արեւելքում ամենուրեք, ցանկացած ներքաղաքական ալեկոծման ժամանակ ի գործ է դրվել թուրքական ռեակցիան, որ ուղեկցվել է հայերի հեռացմամբ՝ շահագրգիռ տեղական կամ արտաքին ուժերի օժանդակությամբ: Ի հակակշիռ ամերիկյան եւ թուրքական ծրագրերին, Մոսկվան ստիպված եղավ օժանդակել տեղի հայ զինյալների կազմակերպմանը՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության օրինակով եւ վերջինին զուգահեռ:

Ոշագրավ է, որ եթե խորհրդային շրջանին հայությունը ինքնուրույն նախաձեռնության հնարավորություն գրեթե չուներ, ապա ետխորհրդային շրջանում, ընդհակառակը, գրեթե ազատ էր պետական դրսեւորումների հարցում: Հակառակ դրան, երեւանյան պատկերացումները, ինչպես արդեն նշեցինք, մնացել են խորհրդային, այսինքն ազգային ինքնուրույնությունից զուրկ վիճակում: Պատկերը, որ հիմա դիտում ենք Լիբանանում դրա ուղղակի հետեւանքն է:

Այս լույսի ներքո, հայ հանրության միջից, կամ պետական մարմիններից բխող լայնածավալ տարհանման եւ զանգվածային հայրենադարձության կոչերը այլ կերպ քան չմտածված կամ թշնամական որակելն դժվար է:

Զարեհ Սինանյան. «[մենք] զանգվածային հայրենադարձության եւ համայքների պահպանման միջեւ ենք, նուրբ հարց է»

2019 հունիս, Գլենդեյլ, Կալիֆոռնիա: Քաղաքագլուխ Զարեհ Սինանյանը հայտնում է լիազորությունները վայր դնելու եւ իբրեւ Սփյւռքի գործերով հանձնակատար ՀՀ կառավարությունում աշխատելու մասին. | Glendale News-Press

Հայկական պետության դիրքորոշումը նույնքան հակասական է որքան եւ դրական ազդեցությունից զուրկ:  Դա ցավալի փաստ է: «[Ներկայիս] Հայաստանը հայերի հայրենիքն է՝ ուրիշ չունեն», «դեպոպուլացիայի խնդիրը կլուծեն օտար ներգաղթյալները» եւ նման պաշտոնական կարգախոսները վկայում են դիրքորոշման առայժմ անմշակ վիճակը: Հայկական Արեւելքում ներգրավված բոլոր կողմերի դիրքերին հակառակ, հայկականը առավել անորոշն է:

Որոշ եզրակացությոններ

Պարզ ներգաղթը, առանց հայկական առաջին հերթին տնտեսական մոբիլիզացիայի, նպատակահարմար չէ հայկական պետականությունը համահայկականության հիման վրա կայունացնելու ռազմավարության տեսանկյունից: Եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն որդեգրվել է: Եթե հակառակն է որդեգրվել, դա արդեն այլ բան է:

Հսկայական արեալի հյուսիս-արեւելյան «պուճախում» պարփակվելը մեզ համար անթույլատրելի շռայլություն է: Հայերին մշակութազուրկ գավառական ազգի վերածելու նկրտումները պետք է մերժվեն՝ որ ուղղությունից կամ ումից էլ դրանք բխելու լինեն: