ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Հայկական անունների աղճատված գրությունները ուղիղ հարված են հայ ժողովրդի պատմությանը եւ ազգային ժառանգությանը

Ազգային անվտանգության ոչ նյութական հարթությանը անմիջապես վերաբերող այս ուսումնասիրություն-ահազանգը պատկանում է բազմափորձ լրագրողի, թարգմանչի եւ դիվանագետի: Երեք ոլորտներին շաղկապված տիրապետելը թույլ է տվել հեղինակին բառիս բուն եւ դրական իմաստով՝ թիրախավորել հույժ կարեւոր մի խնդիր

Ա

նուններն առհասարակ մաս են կազմում որեւէ ժողովրդի պատմության եւ ազգային ժառանգության: Մասնագետները կարող են վկայել, թե դրանք ինչ արժեք են ներկայացնում տվյալ ժողովրդի ծագումնաբանության, պատմության եւ քաղաքակրթության ուսումնասիրության, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման եւ ապագա սերունդներին փոխանցման տեսանկյունից: 

Անձնանունների գրության եւ օտար տառադարձման կարեւորությունը մինչեւ այժմ գիտակցվել եւ արտահայտվել է հատուկենտ անհատների կողմից, մամուլի հրապարակումներով կամ կաբինետային խոսակցությունների ձեւով, ապա պետությունը, որի անմիջական պարտականությունն է հետեւել ազգային ժառանգության պահպանմանը, առայժմ չտեսնելու է տալիս այդ հարցում տիրող խառնափնթոր վիճակը եւ շարունակվող ավերածությունները: 

Հայկական անունների շտեմարանը հիմնականում կազմված է նախաքրիստոնեական եւ քրիստոնեական շերտերից: Հայ ժողովրդի պատմությունը եւ քաղաքական ճակատագիրը խոր հետք է թողել այդ շտեմարանի վրա՝ ժամանակի ընթացքում գործածությունից հանելով անունների մի մասը եւ ավելացնելով նորերը, որոնց մեջ շատ հաճախ՝ օտար տիրապետողի անխուսափելի ազդեցությունները եւ պարտադրանքները: 

Հայոց լեզուն իր զարգացման տարբեր փուլերում տարբեր ձեւերով է արձանագրել փոփոխությունները 

Մինչեւ 1918թ. հայոց պետականության վերականգնումը հայկական կամ հայերի անունները հայերեն գրվում էին միայն եկեղեցական մատյաններում, պատմագեղարվեստական գործերում եւ մամուլում: Պաշտոնական գրանցումներն արվել են միայն օտար տառադարձումներով՝ ըստ բնակության երկրի լեզվի: Հայկական պատմական տարածքների վրա դա հիմնականում օսմաներենը եւ ռուսերենն էր: Պատկերացնել կարելի է, թե այդ առումով ինչ ժառանգություն էր ստացել Հայաստանի առաջին հանրապետությունը:

Այնուամենայնիվ, գրությունների այդ ձեւերը ժամանակի ընթացքում ձեռք են բերել ավանդության ուժ: Խորհրդային տարիներին համեմատականորեն մշակվեցին եւ գործածության դրվեցին հայկական անունների հայերեն գրության ձեւերը (թեեւ այդտեղ էլ իր հետքը թողեց 1922 եւ 1940թթ. ուղղագրության փոփոխությունները): Այդ ժամանակ միօրինականացվեցին նաեւ անունների գրության ռուսերեն եւ լատինատառ ձեւերը, որոնք հիմնվում էին ավանդության եւ գիտական-տրամաբանական տառադարձման սկզբունքների վրա:

Այդ ընդունված կանոններից շեղվելու առաջին նշանները, հատկապես անունների լատինատառ գրության մեջ, ի հայտ եկան Երրորդ Հանրապետության առաջին տարիներին, երբ սկսեցին տրամադրվել Հայաստանի Հանրապետության անձնագրերը: 

Հայերենով գրության աղավաղումները երեւացին սփյուռքահայերին տրվող «Կացության հատուկ կարգավիճակի» անձնագրերի մեջ, իսկ հետագայում՝ երկքաղաքացիներին տրվող քաղաքացիական անձնագրերում:

Գրության այդ աղավաղված ձեւերը կամաց-կամաց սկսեցին տարածվել գրավոր արտահայտչամիջոցների բոլոր ոլորտներում, ընդհուպ մինչեւ միջազգային տարբեր փաստաթղթեր, օտար մամուլ եւ գրականություն, ուր դրանք հակադրության մեջ մտան տեղերում գործածվող հայկական անունների գրելաձեւերի հետ՝ առաջացնելով քաղաքակրթական խզում, որը մի կողմից մեզ կտրում է մեր հայկական, ինչպես նաեւ համաքրիստոնեական անցյալից, մյուս կողմից եւս մի անջրպետ ստեղծում սփյուռքահայերի եւ մեր միջեւ:

Արդի վիճակ

Այսօր մեզանում անուն-ազգանունների գրության գործող համակարգը հենվում է մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքի վրա, առանց հաշվի առնելու օտար լեզուներում եւ հայերենում գրության եւ արտասանության յուրահատկությունները: Մի շարք լեզուներում (անգլերեն, ֆրանսերեն) գրությունն էապես տարբերվում է արտասանությունից, հատկապես ձայնավորների, ինչպես նաեւ որոշ բաղաձայների եւ երկհնչյունների դեպքում գործում են գրության եւ արտասանության յուրահատուկ կանոններ: 

Լատինատառ գրությամբ անունների հայերեն տառադարձման դեպքում այդ կանոնների անտեսումը աղավաղում է թե՛ օտար, թե՛ բուն հայկական անունները: Օրինակ, ֆրանսիական Jacques-Ժակ անունը, անտեսելով ֆրանսերենի արտասանության կանոնները եւ հայ իրականության մեջ ավանդված ֆրանսիական անունների գրության ձեւերը, մեր կողմից տրվող անձնագրերում դարձել է «Ջաքուես», Jean-Ժանը՝ «Ջեան», Alain-Ալենը՝ «Ալաին», Madeleine-Մադլենը՝ «Մադելեինե», Joseph-Ժոզեֆը՝ «Ջոսեֆ», Gerard-Ժերարը՝ Գերարդ, Antoine-Անտուանը՝ «Անտոինե», Gregoire-Գրեգուարը՝ Գրեգոիրե, Serge-Սերժը՝ «Սերգե» եւ այլն:

Ճշգրիտ չէ նաեւ սփյուռքահայերի անձնագրերում լատինատառ գրված հայկական անունների հայերեն տառադարձումը. Վաղարշակը դարձել է Վագարշակ, Կարապետը՝ Գարաբետ, Հակոբը՝ Ագոպ, Տիգրանը՝ Դիկրան, Գրիգորը՝ Քրիքոր, Սրբուհին՝ Սուրբուի, Գեւորգը՝ Կեվորկ, Հայկը՝ Հաիգ, Վրեժը՝ Վրեջ, Վարուժանը՝ Վարուջան եւ այլն: Ազգանունների դեպքում՝ Գեւորգյանը դարձել է Գուեվորկյան կամ Կեվորկյան, Պողոսյանը՝ Բողոսսյան, Պետրոսյանը՝ Բեդրոսսյան կամ Պետրոսսյան, Սարգսյանը՝ Սարկիսսյան, Ղուկասյանը՝ Ղուկասսյան, Գրիգորյանը՝ Կրիկորյան, Գեղամյանը՝ Գուեգուամյան եւ այլն

Դիվանագիտական ծառայության սեփական փորձից գիտեմ, որ սփյուռքահայ դիմումատուներից ոմանք, հայկական անձնագիրն ստանալիս հայտնաբերելով գրության աղավաղված ձեւ, հրաժարվել են վերցնել անձնագիրը՝ պահանջելով ուղղել իրենց անվան գրությունը:

Հայաստանի քաղաքացիների անձնագրերում անուն-ազգանունների լատինատառ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով գրությունը նույնպես առաջացնում է խնդիրներ՝ կապված հիմնականում Յ հնչյունի y-ով տառադարձման (-յան վերջածանց), ինչպես նաեւ հիմնականում Ժ, Ջ, Գ եւ Ս հնչյունների գրության հետ:

Ինչպես հայտնի է, հայկական յան վերջածանցը ավանդաբար լատինատառ տառադարձվում է –ian (Grigorian) եւ միայն երկու ձայնավորների միջեւ –yan (Balayan) ձեւով, ս-ն որպեսզի զ չհնչի գրվում է երկու s-ով՝ ss (Torossian), ջ-ն գրվում է dj-ով (Abadjian), իսկ գ-ն՝ որոշ անունների դեպքում փոխարինվում է k-ով (Avakian), սղված ի-ն բարեհնչունության համար վերականգնվում է (Sarkissian):

Գրության այս ձեւերը վաղուց ամրակայված են արեւմտյան լեզուներում, ավանդված են Հայաստանի եւ հայերին վերաբերող գրականության մեջ: Այդ սկզբունքով են տառադարձված արտասահմանյան երկրներում ապրող հայերի անուններն իրենց անձը հաստատող փաստաթղթերում եւ այդ ձեւով են նրանք ճանաչելի (հատկապես հայկական պատկանելությունը բնորոշող –ian վերջածանցով): -յան (դասական ուղղագրությամբ –եան) վերջածանցը հայերենում ցույց է տալիս պատկանելություն. նույն իմաստն ունի –ian-ըհնդեւրոպական լեզվախմբին պատկանող շատ ժողովուրդների մոտ: Հետեւապես –ian-ըփոխարինելով –yan-ով՝մենք ոչ միայն հեռանում ենք գրության ավանդական ձեւից եւ իմաստից, խորացնում անջրպետը հայության երկու հատվածների միջեւ, այլեւ մեզ անջատում մեր քաղաքակրթական միջավայրից: Ի դեպ, –yan-ը օտար լեզուներով ոչ միշտ է հնչում –յան, օր. արգենտինյան եւ ուրուգվայական իսպաներենով այն կարդացվում է -ժան (Sahakyan – Սահակժան): 

Հայկական անունների լատինատառ ավանդական գրությունից շեղումները ոչ միայն խզում են առաջացնում մեր ազգային ժառանգության եւ անցյալի հետ, այլեւ խրթինացնում մեր անունների հնչողությունը. օրինակ, Վարուժան անունը հայկական անձնագրերում լատինատառ տառադարձվել է Varuzhan (ժ-zh տառադարձության դեպքում որեւէ լեզվով հնարավոր չէ այն արտաբերել ժ): Օտարազգի որեւէ մեկը չի կարող կողմնորոշվել, թե ինչպես արտաբերել dzh հնչյունը, ասենք, Dzhigarkhanyan կամ Abadzhyan գրություններում: Արդեն իսկ լատինատառ գրություններին ոչ հատուկ d-z-h տառերի հերթագայությունը եվրոպացիների մեջ անընկալության զգացողություն է առաջացնում հայկական անունների հանդեպ, որոնք նրանց թվում են չափազանց խրթին: 

Մինչդեռ հայկական անունների մեծ մասն ունեն նույն համաեվրոպական-համաքրիստոնեական հիմքերը, եւ լատինատառ տառադարձելիս մեր խնդիրներից մեկը պետք է լիներ հնարավորինս պահպանել նրանց ճանաչելիությունը:

Հայերի մեջ օտար անձնանունների տարածվածության պայմաններում այդ անունների լատինատառ գրությունը հաճախ անճանաչելի եւ անհնչելի են դարձնում դրանք օտարների համար, օրինակ, Սերժ-Serzh, Ժան-Zhan, Ժոզեֆ-Zhozef եւ այլն (ճիշտ գրությունը պետք է լիներ Serge, Jean, Joseph):

(Այստեղ չենք անդրադառնում մի այլ երեւույթի, որ երկար ժամանակ տարածված է արեւմտահայոց մոտ եւ որն ավելացնում է խառնաշփոթը հայկական անունների լատինատառ գրության մեջ՝ պայմանավորված արեւմտահայերենին հատուկ հնչյունաբանությամբ, երբ դրամը գրում են tram, Գրիգորը՝ Krikor, Դավիթը՝ Tavit եւ այլն):

Մշակութայինից զատ նաեւ՝ իրավական եւ տեխնիկական արհեստածին խնդիրներ

Նույն անունների տարբեր գրություններն օտար եւ հայկական անձնագրերում եւ ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերում հաճախ իրավական բնույթի հարցեր է առաջացնում Հայաստանում եւ դրսում ապրող հարազատների միջեւ: Դրսում բնակվող Հայաստանի քաղաքացիներից կամ նախկին քաղաքացիներից շատերը հաճախ ՀՀ դեսպանություններ են դիմում անունների տարբեր գրությունների նույնականությունը հաստատող տեղեկանքներ ստանալու խնդրանքով:

Իմ կարծիքով, հայկական անձնագրերի եւ անձը հաստատող այլ փաստաթղթերի մեջ անունների հայերեն եւ լատինատառ գրության գործող թերի համակարգը հնարավոր է շտկել, թեեւ  այդ համակարգը գործում է տարիներ ի վեր եւ պատկերացնել կարելի է, թե զանազան բնույթի ինչ դժվարություններ կարող են առաջանալ այն փոփոխելիս: Գիտակցելով հանդերձ գործնական դժվարությունները՝ այնուամենայնիվ անունների սխալ եւ աղավաղված գրության որեւէ պատճառաբանություն չի կարող արդարացնել այդ «ընդունված կարգի» շարունակումը:

Հայկական մամուլում տարիներ շարունակ հրապարակվել են ահազանգեր, շարունակվեւմ են քաղաքացիների բողոքները, ինչը հիմք է տալիս ասելու, որ հայկական անձնագրերում անունների պատշաճ գրության հարցը դարձել է հանրային մտահոգության առարկա:

Հատկապես հայերիս համար, որ պատմության ընթացքում ունեցել ենք պետականության, ինքնության, մշակույթի ու լեզվի մեծ կորուստներ, ենթարկվել տեղահանումների ու ձուլման, մայրենի լեզվով անունների գրության եւ օտար տառադարձման հարցն ստանում է առաջնային կարեւորություն

Խնդիրը քանիցս արծարծվել է ԱԳ նախարարությունում, արդարադատության (20.05.2009թ.) եւ սփյուռքի նախարարարություններում (15.07.2009թ.). Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում (25.06.2018թ.), սակայն բավարար լուծում չի գտնվել:

Նույնիսկ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել է ազգային ստանդարտ եւ 2017թ.  հունիսի 23-ին կայացվել կառավարության N 725-Ն որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում եւ նույնականացման քարտում անվան եւ ազգանվան անգլերեն, ինչպես նաեւ անվան, ազգանվան եւ հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» (դրան կցվել է հայերենում գործածվող արական եւ իգական անունների անգլերեն եւ հայերեն համարժեքների ցանկ):

Սակայն դրանով գործնականում հարցի լուծում չի տրվել, քանի որ շարունակվում են անձնագրերում անունների աղավաղված գրությունները: 

Ընդ որում, հարցը ոչ թե պետք է թողնել միջին օղակի տնօրինմանը, որոնք կաշկանդված են գործող կարգի պարտադրանքով եւ հակված չեն նախաձեռնողականության, այլ լուծել երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշմամբ: 

Անունների գրության հարցը պարզ գործավարական խնդիր չէ, կամ առանձին քաղաքացու կամեցողության: Դա քաղաքակրթական եւ քաղաքական հարց է, որ, որպես ոչ նյութական ժառանգության մաս, պատկանում է ազգային անվտանգության տիրույթին:

Այն դեպքում, երբ զուտ քաղաքական եւ ծավալապաշտական նկատառումներով մեր որոշ հարեւաններ մեզ անվանում են «քոչվոր» եւ «եկվոր», մեզ փորձում կտրել մեր բնական պատմաքաղաքակրթական միջավայրից, վերջնականորեն յուրացնել-ոչնչացնել մեր Հայրենիքը եւ նրա մշակութային ժառանգությունը, լիովին անհասկանալի եւ անբացատրելի է մնում մեր հասարակության եւ պետական կառույցների անհոգությունն ու անտարբերությունն այս հարցում: 

Թեմայով կարդացեք նաեւ