ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Կարս-Երեւան. Կանխել գրոհը «անսահման» Հայաստանի վրա

Մզկիթի վերածված Կարսի ռուսական գնդային եկեղեցին | getty

Շարունակություն, նախորդը ՝ տես եւ այստեղ

 

100-ամյա վաղեմության ակտերի եւ դրանց հետխորհրդային ածանցյալների վրա հիմնված ՀՀ ռազմական (նախարար Դ.Տոնոյան) եւ անվտանգության (քարտուղար Ա.Գրիգորյան) հայեցակարգերը 2020 նոյեմբեր 9-ին գրանցեցին կատարյալ ֆիասկո: Առավել եւս անհրաժեշտ է խոսել «առանց սահմանների Հայաստանի» հանդեպ թշնամու ռազմական պլանների եւ առկա միջոցների մասին: Կարսի «Քիշ-2021» զորախաղերը այդ ծրագրերը ծածկող քարոզչական քողի տակ թափանցելու մասնակի հնարավորություն են տալիս

Տ

ակտիկական զորախաղերը որպես կանոն փորձարկում են պարտադրվող կամ սեփական նախաձեռնությամբ ամենամոտ ապագայում իրագործելիք գործողությունների հավանական տիպերը: Եթե տիպերը հարձակողական են, ապա վստահ կարելի է խոսել գրոհի պատրաստվելու ընդհանուր տրամադրության մասին: Նախորդիվ անդրադարձանք Անկարա-Բաքու համատեղ զորախաղերի շուրջ առկա քաղաքական դրությանը: Ինչպիսի՞ն էր Կարսի «Քիշ-2021»-ը ռազմական առումով:

Բաքվի եւ Մոսկվայի պաշտոնական եւ վերլուծական մարմինները դրանք որակել են իբրեւ առօրեական եւ ոչ մեկին ոչնչով չսպառնացող [ՌԴ ՊԴ, Սլուցկի, 1]: Այս բնորոշումներին հակառակ, Անկարայի պաշտոնական Անատոլիական գործակալությունը դրանք բնութագրում է իբրեւ «աննախադեպ ընդգրկում ունեցող»: Դատելով հրապարակված նյութերից, թուրքական գործակալության գնահատականը ճշմարիտ է [Անատոլիական, 2]. ռազմական պլանավորման տեսակետից զորախաղերը բացառիկ էին:

Ահա թե ինչու: Փորձարկվել են Արցախյան երկրորդ պատերազմում տեղ չգտած տակտիկական սխեմաներ: Դրանք են՝ ավիացիոն գրոհային հարվածները եւ օդային տակտիկական դեսանտները: Այս ամենին գումարվում է Անկարայի եւ Բաքվի համատեղ հրամանատարության տակ գտնվող գումարտակների, առանձին տանկային վաշտերի մասնակցությունը: Այսպիսով ուրվագծվում է զորախմբային օպերացիայի մի պատկեր, որի առաջին փուլում կիրառվում են ավիացիա եւ բարձր շարժունակությամբ հատուկ ստորաբաժանումներ թիկունքում, իսկ գրոհը շարունակվում է տանկային հարվածների միջոցով՝ հակառակորդի զորքերի հիմնովին կազմալուծված դիմադրության պայմաններում: ԱԹՍ-ները կիրառվում են առավելապես հետախուզական եւ նշանառության նպատակով:

Թուրքիայի օդուժի ֆրանկ-գերմանական արտադրության Eurocopter AS 532UL եւ ամերիկյան արտադրության Sikorsky UH-60 Black Hawk ուղղաթիռները կոմանդոյի դասակի դեսանտ են իրականացնում AgustaWestland T129 Mangusta իտալա-բրիտանական մոդելի հիման վրա թուրքական արտադրության  TAI ATAK հարվածային ուղղաթիռի պաշտպանության ներքո  | լուս՝ Անատոլիական գ-ն

Թուրքիայի ցամաքային ուժերի ամերիկյան արտադրության M60A1/A3 (շուրջ 1000 միավոր) եւ Բաքվի ռեժիմի Shtora պաշտպանական համակարգերով համալրված ռուսական արտադրության T90C (շուրջ 100 միավոր հայկական մեկ միավորի դիմաց) տանկերը Կարսի զորախաղերին  |  լուս՝ Անատոլիական գ-ն

Սա կայծակնային օպերացիայի պատկեր է, ի տարբերություն Սիրիայի եւ հատկապես Արցախի դեմ կիրառված տեւական ճնշման թուրքական մարտավարության, որի ժամանակ կոմանդոներն ու նշանառուների խմբերը տեղաշարժվում էին համարյա հետիոտն, իսկ ԱԹՍ-ները ի վիճակի էին 44 օրվա ընթացքին իրացնել գրեթե անպաշտպան տեխնիկայի եւ մարդուժի խոցման ընդարձակ «պլան»:

Ինչ նպատակով է մշակվում կայծակնային հարվածը: Դժվար չէ նկատել, որ Կարսը խոշոր հանգույց է Գյումրի տանող երկաթուղու վրա: Համաձայն Թուրքիայի զինված ուժերի բազավորման սխեմայի [Bul, 3], Կարսում է տեղակայված թուրքական 9-րդ բանակային էրզրումյան կորպուսի 14-րդ մեքենայացված բրիգադը: Եթե այն համալրվի վաղորոք Մուշում, Նախիջեւանում, Կասպիցի արեւմուտքում տեղաբաշխված մեկ գնդի հասնող ավիացիոն միջոցներով եւ Նոյեմբեր 9-ի հուսալի պաշտպանության տակ գտնվող Բաքվի տանկային շարասյուներով, ապա Կարսում փորձարկվածի լայնամասշտաբ իրականացումը ՀՀ դեմ ավելի քան հավանական է դառնում: Հայկական ուժերի թիկունքում իջեցված դեսանտները կոչված են լինելու ապահովել թուրքական կորպուսի միավորումների անարգել փոխադրումը Կարսից Գյումրի՝ երկաթուղով:

Ալեքսանդր Խրամչիխին, – «Բաքվի բանակի ներուժը ներկայում ավելին է, քան նույնիսկ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և 102-րդ ռազմակայանի համատեղ կարողությունը», 2020 մարտ 16

102-րդ ռուսական զորակայան կոչվող ՌԴ ԶՈՒ նախկին 73-րդ մոտոհրաձգային բրիգադի եւ ՖՍԲ սահմանապահների մասնակցության հարցն է առաջանում: Այստեղ թուրքերը կարող են կիրառել Սիրիայի իրենց փորձը: Գրոհի են ենթարկվելու բացառապես հայկական ուժերը: Ռուսական ստորաբաժանումների միջամտությունը կանխելու նպատակով կիրառվելու է հռետորական սպառնալիք: Դա բավարար կլինի: Ռուսների հավանական կորուստները կազմելու են հարյուրավոր զինծառայող եւ տասնյակ միավոր տեխնիկա, այդ թվում ավիացիա: Հանուն ինչ-որ հայերի, որոնց ռուսական մամուլը օրնիբուն ագրեսո՞ր է որակում եւ ցեխի հետ խառնում: 

«Սահմանային լոկալ միջադեպ» բնորոշման դեպքում նույնիսկ, եթե նկատի առնենք Ռուսաստանում տիրող ներքին քաղաքական իրադրությունը, այդ կորուստները ի վիճակի են սասանել ցարական գահը: Հայաստանը Սիրիա չէ՝ այս համեմատության ամենահոռի շեշտադրումով: Ուստի ռուսական միջամտությունը բացառվում է: Դա պարզ է թե թուրքերին, թե, նույնիսկ, հին սապոգներով պաշտպանական նոր համակարգ ստեղծելու մասին խոսող նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ռուսների օգնությունը, լավագույն դեպքում, հանգելու է ՀՀ տարածքի մասնատման շրջանակներում՝ Արցախից հայտնի խաղաղարարությանը:

Թուրքիայի օդային ուժերին պատկանող 4 ամերիկյան-իսրայելական Boeing 737AEW&C Peace Eagle վաղ հայտնաբերման եւ կրակի կառավարման թռչող կայանքներից մեկը  | 

Կարսում կայացած Անկարա-Բաքու բանակային համաձուլման վարժանքին հարկ է գումարել Երկրորդ Արցախյանի ընթացքին թուրքերի իրականացրած զենքի լայնամասշտաբ փորձարկումը: Չմոռանանք նաեւ ՀՀ մայրաքաղաքն ու Մեծամորը պաշտպանող ՀՕՊ միջոցների մարտական հետախուզման եւ պարտադրված գործարկման, Զվարթնոց եւ Էրեբունի օդակայանների մասնակի թռիչքազերծման, ՀՀ եւ Արցախի տարածքում մարտական գործողությունները Թուրքիայի տարածքից Boeing 737 Peace Eagle թռչող կայանքի միջոցով համակարգելու փորձերը: Ի հեճուկս Միացյալ Նահանգների՝ Թուրքիային վաճառված C-400 ՀՕՊ համակարգերը այդ երկիրը փորձարկեց ընդհուպ մինչեւ Ղրիմ եւ Կրասնոդարի երկրամաս թռիչքազերծ գոտի առաջացնելու ուսումնական ծրագրով:

ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ շրջանում այլ խաղացողների հետ համագործակցված Հայաստանի անվտանգության համակարգի ձեւավորումը եւ հայության ընդհանուր «Միացումի» խնդիրները շաղկապված են: Դրանք հավելյալ մանրամասնման եւ մշտական դիտարկման կարիք ունեն՝ կաշխատենք անդրադառնալ: Այսպիսի հրապարակումները լոկ տագնապ հնչեցնելու կամ խուճապ տարածելու նպատակով չեն արվում: Խուճապի եւ «հաղթումենքի» արանքում գտնվում է իրականության սթափ գնահատման եւ նախապատրաստության ընդարձակ «ոսկե միջինը»: Խոսքը հավասարապես է վերաբերում սեղմ ժամկետներում նախապատրաստության ստորին հարթակին եւ ռազմավարական «բարձր մակարդակի» պլանավորմանը:

Շարունակելի

.

Կարդացեք նաեւ

  |