Անկախության 30 տարիներին իբր բանակի վրա հիմնված, իսկ հիմա՝ բանակից իբր ծնվելիք հայկական պետության մասին պատկերացումները ինքնախաբեության վառ օրինակ են: Ոչ Բարսեղ Մակեդոնացի, ոչ Հովհաննես Չմշկիկ, իսկ օտարների շարքից՝ «գոնե» Մուստաֆա Քեմալ հայկական ռազմական էլիտայում չկա եւ լինել չէր կարող: Բանակ-պետության հայ ավանդույթը 1000 տարի է ինչ չկա
–
Ն
իկոլ Փաշինյանի սիրելի Տիգրանին չհիշենք՝ դա եւս մեկ հազարամյակով ավելի վաղ էր: Կայսրներ Մեծն Բարսեղի, Չմշկիկի, Մենամարտիկի (հուն. մոնոմախ -խմբ.) ռազմական հանճարի հիման վրա կառուցված եւ ժամանակի միակ գերտերություն դարձած Հռոմեից Արեւելյան անծայրածիր իմպերիան այլեւս անցյալում է: Նույնը վերաբերում է Բագրատունյաց թագավորական տանը՝ մեր ավելի «համեստ» պարծանք օկուպացված Անիով:
ՀՀ ԳՇ քայլը, իսկ մինչ այդ վարչապետ Փաշինյանի հասցեին ռուսական անլուրջ, շինծու մեղադրանքներին միանալը, ընդամենը մեկ մոտիվացիա ունեին: Փաշինյանը հանդգնել էր, թող այլաբանական ոգով, բայց հայտարարել, որ հայկական բանակի սպառազինության եւ ռազմագիտական մակարդակները անթույլատրելի ցածր էին: Նշվել եր նաեւ պատճառը՝ ռուսական ծագումը:
Ինչի համար էր արվել Փաշինյանի հայտարարությունը: Շատ պարզ նպատակով. «ֆրունզեական» ակադեմիաներից սերած հայ գեներալիտետի խողովակով հայկական բանակը «ռեյդերական» զավթմանը ընդդիմանալու համար: Ռուսական բանակից դուրս գրվող խլամի եւ երկրորդ-երրորդ տեսակի սպաներով լցնելուն դեմ:
Նաեւ՝ անցյալի չարաշահումները սվաղելու դեմ, հիշենք գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հիշատակած «ատկատի» ռուսական առաջարկները: Հիշենք նաեւ մեկ այլ գեներալ-գնդապետի՝ Սեյրան Օհանյանի դիտողությունը առ այն, որ եթե հայ զորավարների մեջ ռազմագետի միտք լիներ, ապա պատերազմը այլ ավարտ կունենար: Երկուսն էլ հիմա չեն իջնում Երեւանի ռուսահայ զլմ-ների էջերից ճիշտ հակառակ թեզերով: Հյուսիսից փչող քամին փոքր-ինչ փոխել է ուղղությունը: Հայ գեներալները նույնպես:
ՀՀ ԳՇ դեմարշի պատմությունը շատ պարզ է: Այն Արցախի աղետի հետեւանքով ռուսական զենքի վաճառքի կատաստրոֆիկ անկման, Հայաստանի վրա ռուսական ռազմական ազդեցության պահպանման, մարտ 16-ին լրացող Մոսկովյան պայմանագի ժամկետին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի չափանիշների հավանական արմատավորման շուրջ է:
Անշուշտ, այսպիսի շրջադարձը, բացի միլիարդավոր դոլարների կորուստից, նշանակելու է Կովկասում ռուսական ներկայության ավելի քան 200-ամյա էռայի ավարտը: Լավրովյան պլանը նախաձեռնելիս, Կրեմլում չեն կարողացել հաշվարկել հետեւանքները: Սրանք հանաք բաներ չեն եւ Հայաստանի քաղաքական էլիտայից պահանջում են հիրավի արվեստին հավասար հմտություն:
Կա՞ այդպիսին: Անշուշտ ոչ: Կասկածելի սկզբունքով հապճեպ դզմռտված վարչախումբը կարելի է բնութագրել շատ կարճ՝ կատարյալ ապաշնորհություն: Սակայն մեկ «կատարելությունը» ավելի անհեթեթ ուրիշ «կատարելությամբ»՝ ինչ է թե զինված կառուցվածք է, փոխարինելը անմտություն կլիներ:
ԳՇ դեմարշը տեղի ունեցավ կապիտուլյացիայից ամիսներ անց միայն: Եթե անմիջապես լիներ, դրդված լիներ ազգային, այլ ոչ օտար շահով, տաներ գեներալական «բռունցքի», այսինքն խունտայի իշխանության, ապա կարելի էր իմաստ տեսնել: Սակայն, ինչպես ասացինք, դրա համար Բարսեղներ, Չմշկիկներ ու Մոնոմախներ են հարկավոր: Չիք դրանք, յոխ, նետու:
Հարց է առաջանում. ուրեմն լսենք բաքվեցի Իլհամին ու ցրե՞նք բանակը, հետո էլ դեսպան Կոպիրկինին Հայկոմկուսի առաջին քարտուղա՞ր նշանակենք:
Լրագիրը իր խմբագրականով մեջ է բերել Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքը, ավելի վաղ ՀՀ ԱԺ ամբիոնից հանդես եկած Հրանտ Խաչատրյանի, Հրաչյա Արզումանյանի, ուրիշ շատերի մտքերը, որ կարող են հիմք դառնալ հայ պետականության նոր սկզբունքների համար: Պատրաստի լուծումներ, պատրաստի կառույցներ, ավաղ չկան:
Ի դեպ, կոտրած գդալ Ալիեւի եւ Էրդողանի մասին: Նրանց արտահայտությունները օգտագործվում են հակաթուրքականություն բորբոքելու միջոցով ցասումը Մոսկվայի վրայից հանելու համար: Դա ակնհայտ է փողոցային կարգախոսներից: Թուրքիայի խնդիրը, նկատի ունենալով մարտ 16-ի մոտենալը եւ ռուս-թուրքական սիրո հավանական նորոգ բոցավառումը, մեծ ուշադրության կարիք ունի:
Այստեղ նշենք միայն հետեւյալը: Բնականաբար, հայկական նոր բանակը ՆԱՏՕ չափանիշներով պիտի կառուցված լինի, որպեսզի կարողանա դիմակայել հավանական հակառակորդ Անկարայի եւ նույն չափանիշները ընդունող Բաքվի բանակներին: Ահա ինչու է Ալիեւը պահանջում բոլորովին ապառազմականացնել Հայաստանը: Մոսկվայից հուշել են, որ ՆԱՏՕ Հայաստանում պետք չէ, ավելի լավ է առհասարակ բանակ չլինի: Իրենք ՆԱՏՕ-ի դեպքում ու՞ր գնան:
Փոխադարձ անէացման ուղղությամբ է, ցավոք, ընթանում քաղաքացիական եւ բանակային իշխանությունների հակամարտությունը Հայաստանում: Ո՞վ պիտի շիջի օտարուստ ձգած կրակը: Երկրի փոքրությամբ հմայվող եւ ստորագրության իրավունքից հանդիսավոր հրաժարված ՀՀ նախագա՞հը: Միգուցե, մտածող մարդիկ, որ մամուլով եւ սոցիալական ցանցերով հանդես գալու հնարավորություն դեռեւս ունեն:
.
Կարդացեք նաեւ