ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի եւ Թուրքիայի վախը. Փաշինյանի որոշել-չորոշելը

| Izvestia

 

Լրագիր, բնագիրը

Որքան կտեւի քաղաքական Երեւանի վակուումային վիճակը:
Եթե հավատանք աշխարհաքաղաքականության մեթոդաբանությանը՝ կարճ: Շրջապատը իր որոշումն առնելու է մոտ ապագայում: Վակուումը լցվելու է հայերից անկախ եւ հայերի դեմ գործող քաղաքական, ռազմական եւ տնտեսական նախաձեռնությունների մի ամբողջ փնջով, ինչից հետո Հայաստանը չգոյանալու է իրական քարտեզից: Իրականացվելու է արտաքին ուղիղ կառավարում: Փնջի ընդամենը սաղմերն են եռակողմ զույգ հայտարարությունների մեջ

2

015-ի պատմական մարտահրավերը չընդունելու արդյունքը 2020–ը եղավ: 2021 մարտ 16-ի մարտահրավերը, որի անտեսումը հայերին պարտադրում են ներքին շարունակական անկայունություն հրահրելու եղանակով, ավելի ծանր հետեւանք է ունենալու: Ակնհայտ է, որ քաղաքական Երեւանը պատրաստ է «ըմբոշխնելու» օտարուստ ներմուծվող անկայունությունը: Ի՞նչն է անելանելի թվացող իրավիճակի պատճառը: Ապիկար թիմ կազմավորած եւ երկու ոտքով ռուսական ծուղակն ընկած Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թույլ դիմադրողունակությունը:

Իսկանդերների մասին եռահարկ այլաբանության փոխարեն պետք էր ուղիղ ասել. դրանք թուրքերի դեմ օգտագործելու տեխնիկական արգելք ունեին: Շուշիի հանգամանքը պետք էր բացահայտ շարադրել. Վլադիմիր Պուտինը պնդում էր 1920թ. ցեղասպանության արդյունքում «հինավուրց թրքական» դարձած քաղաքի անկլավային հատուկ կարգավիճակը: Լավրովի ծրագրի գոյությունը ժխտող Պոպովի հարցազրույցին պետք էր ԱԳՆ կողմից ավելի շիտակ պատասխանել՝ սուտ է, պարոնայք ռազմավարական դաշնակիցներ: Եթե կան կառավարությանը զսպող հանգամանքներ, պետք էր որեւե կերպ տեղեկացնել հանրությանը՝ միեւնույն է վաղ թե ուշ դրանք հայտնի են դառնալու:

Այսպիսի բաց խաղի պատասխանը նույնն էր լինելու, ինչ հիմա է: Դրանք են. ռուսական մամուլում եւ պաշտոնական ատյաններում նոր պարտության սպառնալիքները [Լրագիր, 1], ԶՈՒ ԳՇ ելույթը, երեւանյան ռուսահայ ալիքների եւ 17-ի թամաշաները, իսկ գագաթին՝ ՀՀ նախագահի նեյնիմը: Տարբերությունն այն էր լինելու, սակայն, որ ժողովրդի առայժմ լուռ մեծամասնությունը քիչ թե շատ պատկերացնելու էր կատարվողի ակունքները:

Հայաստանի գոյությունը ՝Ռուսաստանի գոյության դիմաց

Արմատները տանում են բանակը ՆԱՏՕ չափանիշների եւ զենքի հիման վրա վերակազմելուն՝ քաղաքական անհրաժեշտ երաշխիքներով հանդերձ: Մոսկվայի ջղաձիգ ընդդիմությունը միանգամայն հասկանալի է: Սա Ռուսաստանի համար կենսական նշանակություն հարց է: Բառացի՝ կյանքի եւ մահու խնդիր:

Խնդիրը հազարամյակի վաղեմություն ունի [Լրագիր, 2]: Հարցը միայն զենքի վաճառքը չէ. հեռանալով Հարավային Կովկասից (արցախյան Պարտավում/Բարդա/ նրանք մարտնչել են հայերի դեմ դեռ 944-ին), ռուսները անմիջապես հեռանալու են նաեւ Հյուսիսային Կովկասից: Մնացածը թափվելու է դոմինոյի քարիկների նման: Առաջանում է նաեւ հայ բնակչության անվտանգության խնդիրը նշանավոր «պոգռոմ» միջազգային բառի ծննդավայրում:

Հայաստանի գոյությունը՝ Թուրքիայի գոյության դիմաց

1920-ին անկախ եւ տարածապես մեծ Հայաստանի ոչնչացումը ներկա վիճակում Ռուսաստանի եւ Թուրքիայի գոյության միակ հնարավորությունն էր: Եվրոպան ի վերջո նույնպես գերադասեց այդ տարբերակը՝ նոր Թուրքիան Սովետների դեմ հանելու հեռանկարով: Այսօր, Հայաստանի դիրքորոշումը վերաբերում է 2021 թվականի մարտ 16-ից հետո ավազի վրա գծած Թուրքիայի սահմաններին:

Հիշեցնենք, որ այդ սահմանների ներկայիս կոնֆիգուրացիան հիմնականում Վլադիմիր Լենինի՝ Մուստաֆա Քեմալին առաջարկածն էր, դեռեւս 1919-ին: Մոսկովյան 1921թ. պայմանագրում Ռուսաստանը ավելացրեց նաեւ Արարատի եւ Նախիջեւանի զիջումը: 1945-ի օգոստոսին Թուրքիայի դեսպան Սարփերը նախարար Մոլոտովին ուղիղ էր ասել. «Ինչու՞ եք հիմա հետ պահանջում, մենք այդ տարածքները ունենալու մեծ ցանկություն, կարծեմ, չենք ունեցել»:

Որոշումների ժամանակը

Հեշտ էր ՀՀ անունից անդրադառնալ անգոյ Սեւրի պայմանագրին, դիմելով Օսմալիի սուլթանական անգոյ կառավարությանը: Ահավասիկ, սպառման ժամկետը հատող գործող պայմանագիր եւ այն կնքած առոք-փառոք կողմեր՝ ՌԴ եւ ԹԱՄՄ Անատոլիական կառավարությունները:

Պիտի՞ արդյոք առաջադրվի հայկական տարածքների օկուպացիան վերացնելու որեւէ ճանապարհային քարտեզ: Ապառազմականացման եւ համատեղ տնօրինության մոդելը, օրինակ: Պետք չէ՞: Չէ որ Թուրքիան դրանից հետո պայթելու է քրդերի խնդրով, ոչ մի դեպքում, լուռ նստենք: Հիշենք, սակայն, 2015-ի անտեսումն ու ի պատասխան դրա 2020-ին կրած պատիժը: 2021-ի անտեսումը եւ երբեւիցե դրա անխուսափելի պատիժը՝ ահա ապագան:

Ինչպես համոզվում ենք, նվազագույնը երկու երկիր Հայաստանի դիրքորոշումից կախված գոյութենական խնդիր ունեն: Դա, ինչպես ասացինք, 1921-ի ոճրի հետեւանք է. մի անգամ ի հաշիվ Հայաստանը ոչնչացնելու գոյատեւեցին 100 տարի: Եւ ինչ որոշում պիտի ընդունեն դրանք քաղաքական Երեւանի նախադեֆոլթ լռության ու իդիոտիզմի հասնող ներքին գզվռտոցի պայմաններու՞մ: Պարզ է թե ինչ, եւ դա միայն ժամանակի խնդիր է:

Ուստի, ժամանակ չի մնացել: Դիրքորոշումը բոլոր այս հարցերով, Արցախի ճանաչումը ներառյալ, պիտի հստակ բարձրաձայնվի եթե ոչ գործադիրի, ապա ԱԺ ամբիոնից: Միայն իրական օրակարգի ակտիվացումը ընդունակ է մշուշի պես ցրել ներքին լարումները: Մնացած բոլոր կոմբինացիաները կեղծ, իրականությանը չաղերսած հարթության մեջ են գտնվում: Առայժմ հենց դա է տեղի ունենում: Թե ովքեր են արտաքին շահառուները, ինքներդ դատեք:

1963թ. Յալթա, Ղրիմ: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Բրեժնեւի եւ ԹՀ Սենատի նախագահ Ուրգուպլուի հանդիպումը վերջինիս 15-օրյա այցելության ժամանակ: Առաջին քարտուղար Խրուշչովը Ուրգուպլուին հավաստիացրել էր, որ Ստալինի տարածքային «հիմար» պահանջները այլեւս չեն կրկնվելու իսկ Մոսկվան կառուցելու է լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատ Իսքենդերուն (Աղեկսանդրեկ) քաղաքում, Կիլիկիա, Հայոց Ծոց,  Մուսալեռան մերձակայք

.

Կարդացեք նաեւ

  |