ՀԱՅԱՍՏԱՆ__ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոմերսանտ-Քոչարյան. Ընտրական մանեւր, թե առերեսում ռուսական վակուումին

| RIA

Ռուսանպաստ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայկական փիս սովորության համաձայն, երկրի հիմնային շահերը շոշափող հարցզրույցը տվեց օտար մամուլին: Մոսկովյան Կոմերսանտի հարցերն ու պատասխանները վկայում են Հայաստանում Ռուսաստանի դիրքի հարաճուն անկայունության մասին

Ը

Ընդդիմության «կեցցե նոյեմբեր 9-ը» ընդհանուր հռետորաբանությունից զգալի տարբերվող շեշտադրումների ակունքը պարզ է: Խնդիրն ըստ էության ընդդիմության ինքնապահպանմանն է վերաբերում: Ռուսանպաստ ընդդիմությունը միայն մեկ հնարավորություն ուներ մինչեւ ընտրության օրը իբրեւ ընդդիմություն գոյատեւելու համար: Այդ հնարավորությունը անվանական թշնամուն` Բաքվին հարելն էր, կրկնելով Ալիեւի եւ Պուտինի քարոզչական դրույթները «արցախյան հակամարտությունը այլեւս սպառվելու», կորուստների հետ հաշտվելու, արժանապատիվ խաղաղության եւ այլ ցնորքների տեսքով:

Այդպես էլ պատահեց. հայ նախագահների փառապանծ եռյակը շատ արագ Բաքվի մամուլի հերոսի դերում հայտնվեց: Ըստ մոսկովյան պարզունակ մտահղացման, «ռեքվիեմական» ընդդիմությունն ու Բաքուն մեկ ճակատ պիտի կազմեին Ռուսաստանի խաղաղարար հովանու, իսկ իրականում՝պատերազմական նոր շանտաժի ներքո: 1921-ի բոլշեւիկյան սցենարը այլընտրանք չպիտի ունենար: Ինչ-որ բան, սակայն, կոտրվել է: Հայաստանում Ռուսաստանի շուրջ գոյացած վակուումը ակներեւ է դարձել: Բավական է հետեւել ինքնաբավարարում հիշեցնող ռուսաց դեսպանի քաղաքական կենցաղին:

Կոմերսանտի հարցազրույցում Քոչարյանը Փաշինյանի «փարիզյան հրատարակության» ոգով Արցախի խնդիրը բաց է համարում, կրկնում է խնդրի լուծման Փաշինյանի «եռանդամ» բանաձեւը, Մոսկվային՝ դաշնակցային պարտավորություններից զլանալու «փաշինյանական ֆիրմային» թաքուն կշտամբանքներ է հղում, Փաշինյանին ընդօրինակելով մնում է «թուղթ» բառն օգտագործեր: Այլ կերպ ասած, վարչապետության ռուսանպաստ հավակնորդը բավարարում է հայ անկախ մամուլի կողմից զույգ ախոյաններին առաջադրվող անվանապես հակառուս, իրականում՝ հակագաղութային պահանջների մի ստվար բաժինը:

Պուտինի հետ շարունակական հեռախոսակապի մեջ գտնվող քաղգործիչը հազիվ թե էքսպրոմտների դիմեր: Բաքվի մամուլը այդ դեպքում չէր լռի եւ անմիջապես կհնչեր մեռելամոլ հիստերիկի մուղամը: Ավելին, Կոմերսանտի խմբագրաոճին ծանոթ որեւէ մեկը չի կարող չնկատել թե՛ ժուռնալիստական սվաղի, թե՛ հապճեպ ռեժիսուրայի ճերմակ կարերը: Վերոհիշյալ ստվար բաժնի փակագծերից դուրս են մնացել ռազմավարական կողմնորոշման կարեւորագույն՝ ռազմական եւ տնտեսական անվտանգության ապահովման հարցերը:

Մնացել են ռուսական կայսրության մշուշոտ ապագային վերաբերող եւ հայ-ռուսական երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցեր: Հանրությունը, որ տարբեր աղբյուրներից եւ, ցավոք, բուն դրամատիկ ընթացքներից օր-օրի գիտելիք է կուտակում, դրանց արծարծումն է պահանջում: Քոչարյանը, որ ռուսանպաստի դեր է ստանձնել, պետք է գիտակցի, որ գրիբոեդով-լազարեւ ռուսական հեքիաթները մնացել են անդառնալի անցյալում: Պատերազմը արյան գնով ջնջել է փրկչի պատրանքը:

Լավրովյան իդիլաին աչքի առաջ խարխլվում է հայ ժողովրդի կողմից իրադրությունը ճիշտ գնահատելու շնորհիվ: Ռուսանպաստ-թուրքանպաստ ընդդիմությունը գաղափարային սուր ճգնաժամ է ապրում: 

Թե ինչ են անելու ախոյանները, ընդամենը երանգի տարբերությամբ միմյանց թեզերը կրկնելիս՝ իրենց գործն է: Ավելի կարեւոր է, թե դրանք հատկապես ինչ թեզեր են լինելու, որքանով են իրատեսական հանրային պատկերացումները: Ժողովուրդը հսկայական ծավալի անելիք ունի: Համարձակվենք հնչեցնել «ժողովուրդը՝ հավաքական Նժդեհ» տեսլականը, որին հարկ է ձգտել:

.

.

Կարդացեք նաեւ
ինչպես նաեւ

  |