Թուրքական եւ «ադրբեջանական» ստորաբաժանումների տեղակայումը ՀՀ սահմանների երկայնքով եւ ռուսական զինվորական ներկայության ձեւավորումը նշանակում են Լավրովյան ծրագրի ընդլայնված գործադրման հուսահատ ճիգեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաթաթաները՝ ենթարկվել ռուսին, այլապես վատ կլինի, ուղղված են ոչ թե ապագային այլ մատնում են նվիրվածությունը կոտորածի շարունակությանը
–
Ն
ախկին նախագահների եռյակի եւ Co ջատագոված պայծառ ապագայի պարամետրերը գնահատելու համար հակիրճ անդրադառնանք այն անցյալին, որ կանխորոշել է ներկա ծանրագույն վիճակը:
Ամեն ինչ միանգամայն թափանցիկ է. Ղարաբաղյան թնջուկը մեկուսի երեւույթ չէր: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ հանձնելու մասին ՎԿՊ(բ) Կավբյուրոյի 1921թ. որոշման մեջ իբրեւ հայկական հողը թուրքի նորաստեղծ կազմավորմանը հանձնելու պատճառաբանություն բերվել է երկու հայտնի կետ: Պակաս հայտնի է, որ դրանք հիմա էլ նույնն են:
Առաջին կետը «հանուն ազգերի միջեւ խաղաղության պահպանման» ձեւակերպումն ուներ: Երկրորդը՝ «հովտային եւ լեռնային Ղարաբաղի տնտեսական կապի ապահովումն» էր: Թվում է, ընդամենը սոցիալիզմի կառուցման տարիներին բնորոշ ձեւակերպումներ են: Պարզվում է, սակայն, որ դրանք սոցիալիզմի հետ կապ չունեին եւ ունիվերսալ էին գաղութային պրակտիկատի համար:
Նույնիսկ խորհրդայնացման դաժան տարիներին չակերտները բավականին լայն էին բացում: Առաջին կետի վերաբերյալ կուսակցական մամուլը նշվում էր «հայկական նացիոնալիզմը բազմազգ Ադրբեջանի կուսակցական կազմակերպության ուժերով չեզոքացնելու անհարաժեշտության» մասին: Քեմալական ֆաշիզմը նացիոնալիզմ չէր համարվում եւ ազգամիջյան խաղաղությանը չէր սպառնում: Երկրորդ կետը վերծանվում էր նույնպես անկեղծ՝ անասնաբուծությամբ զբաղվող էթնիկ թյուրքերը ճնշող մեծմասնությամբ հայաբնակ «Լեռնային Ղարաբաղի արոտավայրերի հետ անխափան հաղորդակցության» կարիքն ունեին՝ մեկ պետական կազմավորման շրջանակներում: Այլ կերպ ասած, մի էթնոսը մյուսի հանդեպ լիակատար «հախ» ուներ՝ ինչ սոցիալիզմ:
Եթե կոպտացնենք պատկերը, ապա կարելի է ասել, որ քոչվոր, անգրագետ, անանուն զանգվածը օգտագործվեց ցեղասպանության ենթարկված քաղաքակիրթ Շուշին ներկայացնող արցախյան հայությանը ճնշելու համար: Նույն սկզբունքը 1921-1936 թվականներին կիրառվեց խորհրդային Վրաստանում: Վրացական գյուղը հեղեղեց հայկական քաղաք Թիֆլիսը, որից զանգվածաբար արտաքսվել էր հայությանը: «Դասակարգային անողոք պայքարի» շրջանակներում երկու դեպքում էլ գռեհիկ ցեղասպանություն էր գործվել: Սակայն սա սկիզբը չէր, ինչպես եւ Լավրովը հիմա ամենեւին օրիգինալ չէ իր պլանով:
Անկախ Հայաստանի եւ Կովկասի հայության դեմ գործադրվեց դեռեւս XIX դարի կեսերին Միջին Ասիայում կիրառված Կաուֆմանի հակաքաղաքակրթական մարտավարությունը: Ռուսական Կայսրության մեթոդաբանությունը, որի թիրախը իմպերիայի քաղաքակիրթ էթնիկ խմբերն էին, բոլշեւիկները հասցրին կատարելության: Հայերը, իբրեւ ի տարբերություն հրեաների՝ կոմպակտ բնակության եւ հազարամյա հողի տեր խումբ, դարձան Մոսկվայի «թիվ մեկ» թշնամին:
Ցարիզմ, լենինյան կոմունիզմ, թե պուտինյան կապիտալիզմ՝ 200-ամյա ռուսական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Հայաստանի ջախջախումը իրականացվում է դեռեւս կոմունիստական «խաղաղապահպան» դեմագոգիայի որոտների ներքո, իսկ երկրի «միջանցքային» մասնատումը՝ տնտեսական կապի պահպանման նույն 1921-ից հայտնի փաստարկների քողի տակ: Ոչ մի ֆանտազիա:
Ոչնչացման պլանի ճիրաններից Հայաստանը կարող է ազատվել միայն ռազմավարական շրջադարձի հայկական ֆանտազիայի շնորհիվ: Մեզանից բացի ոչ ոք դա չի անելու: Թե ինչ գին պիտի վճարվի դրա դիմաց առանձին հարց է, որի մասին ժամանակն է խոսել առանց ավելորդ հուզականության:
.
Կարդացեք նաեւ
ինչպես նաեւ