Ռուսական անմիջական ղեկավարությամբ տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրույունները կանխատեսվածի պես ավարտվեցին «իշխանության կուսակցության» հաղթանակով: Ժանրի շրջանակներից էապես դուրս եկած ընտրարշավը, սակայն, թույլ տվեց զգալիորեն բացել հանրության աչքերը հենց ռուսական քաղաքականության վրա: Թե ինչ հետեւություններ է արել, կամ արել է արդյոք ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, քննում է Լրագիրը իր խմբագրականով
–
Ա
զգային Ժողովի արտահերթ ընտրության քվեարկության նախնական արդյունքները հայտնի են, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում, «իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը»: Մինչ այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում համակիրների հետ հանդիպմանը նա նշել էր, որ Հայաստանի քաղաքացին երեք տարում արեց 2-րդ հեղափոխությունը:
Փաշինյանի այս հայտարարությունները վկայում են, որ նույնիսկ 2020-ի աշնանը Հայաստանի դեմ սկսած ռուս-թուրքական արշավը նրան չի օժտել դառը, բայց անհրաժեշտ փորձով: «Հանդիսավոր արարողությունը» եւ «առողջ ուժերի հետ երկրի վիճակի քննարկումները» նշանակում են, որ շարունակվելու է իրավիճակային ու դեմագոգիկ կառավարման, հանրության պառակտման շրջանը, առանց երկրի զարգացման հստակ ռազմավարությունների:
Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունները «հաղթելով» հայտնվել է 2017-ի ՀՀԿ-ի վիճակում՝ «հաղթանակ» զրո լեգիտիմությամբ: Լեգիտիմությունը միայն ընտրություններում ստացած թվերը չեն, այն ձեւավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք Փաշինյանի ուժի պարագայում իսպառ բացակայում են: Տվյալ պարագայում առկա է նաեւ, այսպես ասենք, ընտրազանգվածի «կիսվածությունը», որը ճգնաժամահեն գործոն է:
Ի տարբերություն սակայն այն ժամանակվա ՀՀԿ-ի՝ իշխող ուժի պարագայում գումարվում է նաեւ եռակողմ փաթեթը, որը Հայաստանի մեկուսացման, մասնատման ու ինքնիշխանությունը սահմանափակելու ռուս-թուրքական պլանն է, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը եւ, դատելով նրա վերջին շրջանի հայտարարություններից, պատրաստվում է ստորագրել այլ եռակողմ փաստաթղթեր եւս, որոնք մոսկովյան մտահղացմամբ պետք է լեգիտիմացնեն 2020-ի պատերազմի արդյունքները: Ավելորդ է ասել, որ եռակողմ փաթեթը ստորագրած իշխող ուժի խոստումները՝ հանրային համերաշխության, կայուն խաղաղության ու զարգացման վերաբերյալ, պարզ դատարկաբանություն են կամ իրավիճակը չընկալելու վկայություն: Եռակողմ փաթեթը բացառում է Հայաստանի որեւէ զարգացում:
Իշխող ուժն ունա՞կ է մերժել այն, կամ շրջել իրադարձությունների ընթացքը, որի համար ստեղծվել են հնարավորություններ Մոսկվայի ու բաքվի կողմից դրա դրույթները խախտելու, ինչպես նաեւ միջազգային ակնառու աջակցության ու համաշխարհային նոր զարգացումների ուժով: Կա՞ ընդհանրապես դրա պատկերացումը: Թե՞ արտահերթ ընտրություն կոչված այս «հանդիսավոր արարողությունը» նրա համար էր, որ եռակողմ փաթեթի անվերապահ կատարումն արդեն արվի «հանրային աջակցության» դիրքերից՝ դե ժողովուրդն է ուզում, մենք էլ կատարում ենք այդ կամքը արդարացմամբ:
ՔՊ կառավարման շրջանն աչքի ընկավ ոչ միայն հստակ հայեցակարգերի ու օրակարգերի բացակայությամբ, այլեւ վեր հանեց այս ուժի անհամարժեքությունը ներքին ու արտաքին զարգացումներին ու մարտահրավերներին, ինչը նույնպես իրավիճակի կայունացման խոչընդոտ է եւ իրեն զգացնել է տալու:
Նիկոլ Փաշինյանը շտապում է «հանդիսավոր արարողության» պարագայում. պետք էր սկսել այլ տեղից ու այլ խնդիրների շեշտադրումներով:
Հայկազն Ղահրիյան, Լրագիր 21.06.21
բնօրինակ
.