Հայերին ճնշելու մասին Տոկիոյից հասնող լուրերը, ինչպես նաեւ արդեն պուտինյան շնորհավորանքից հետո «ժամանակին շատ բան ասելու» Արթուր Ալեքսանյանի խոստումը, կարեւոր է դարձնում առանց ավելորդ հույզերի շոշափել երեւույթի աստառը
–
Չ
դադարող հակահայ քարոզարշավի պայմաններում հայ ըմբիշի հայտնի ռեպլիկը, ուղղված Մատչ-TV ալիքին, բնական աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: Պակաս բնական է նախագահ Պուտինի հեռակա «շնորհավորական» պատասխանը: Ի՞նչն է նախագահ Պուտինի ռիսկային ելույթի դրդառիթը:
«Հայ» հայտանիշով պայմանավորված շնորհավորել-չշնորհավորելու օլիմպիական պատմությունը Պուտինի համար անցյալ ունի: Հարկ է հիշել, որ առաջին ռուսաստանյան ոսկին շնորհավորելու Պուտինի ավանդույթը խախտվել է մինչ այժմ երկու անգամ՝ երկուսն էլ առաջին ոսկու հայկական էթնիկ «ծագման» պատճառով: Ավելին, ոսկու շնորհավորանքները այդ դեպքերում հետեւել էին ռուսաստանցի հայերից հետո առաջին իսկ պայմանական «ռուսի» հաղթանակի առիթով: Ընդ որում «ռուսականի» հայտանիշը ազգության իմաստով լայն էր՝ էականը ոչ հայկական հանգամանքն էր միայն:
Այժմ Պուտինի խոսքը հնչեց այն դեպքում, երբ չի շեշտվել որեւէ այլ առանձին հաղթանակ, չնայած կան եւ ակնառուները: Այս փաստը եւ դրա պերճախոս բեքգրաունդը թույլ են տալիս պնդել հայերի հանդեպ Վլադիմիր Պուտինի արմատացած հատուկ վերաբերմունքը, որը վերջերս ցավալի երանգներ է ձեռք բերել:
Այս ֆոնին ամենայն հարգանքի է արժանի բաքվեցի Ռաֆիղ Հուսեյնովի դիրքը: Բրոնզի համար մենամարտում Կարապետ Չալյանին հաղթած մարզիկը նշել է, որ «հային հաղթելը իր համար հերոսություն չէ, պարտվելն էլ՝ դավաճանութուն չէր լինի, սպորտում սպորտն է կարեւոր»: Այս դիրքը տրամագծորեն հակառակ է նախգահ Պուտինի էթնիկ մոտեցմանը: Հավելենք՝ հայերի վրա ավելի քան սեւեռված էթնիկ մոտեցմանը: Ուկրաինացիների հադեպ Պուտինի դիրքորոշումը, օրինակ, միայն միջնորդաված է դրսեւորվել՝ Ռուսաստանում բացառված են ուկրաինական դրոշի եւ օրհներգի ցուցադրումները: Այսպիսով, որեւէ ասպարեզում Հայաստանի հավանական հաղթանակը Կրեմլի համար դարձել է ուկրաինացիներին եւ, նույնիսկ, ամերիկացիներին գերազանցող գրգռիչ գործոն:
Որքան մեծ նշանակություն պիտի ունենա Արցախում պարտադրված «պարտւթյունից» հետո հայերին հոգեբանորեն լրացուցիչ ճնշելը, որպեսզի մարզիկի նետած ձեռնոցը ստիպված լինի վերցնել մեծ տերության նախագահը, այն էլ հարկադրված շոշափել քաղաքական ընդդիմախոսի էթնիկ ծագումը: Եվ անել դա սկզբունքորեն ապաքաղաքական ինստիտուտ՝ սպորտի փրփուրը բռնելով:
Հայկական դիմադրությունը՝ ահա Վլադիմիր Պուտինի ռիսկայնության դրդառիթը: Անձնականը, վերադրվելով օբյեկտիվորեն առկա ռուս-հայկական հազարամյա անտագոնիզմին, հայերի համար չափազանց վտագավոր է դարձնում 20-ամյա պաշտոնավարությունը ձախողած նախագահի մտասեւեռումները: Վտանգված են նայեւ ռուս-հայկական մասնավոր բարեկամական, ավելի քան ջերմ հարաբերությունները:
Ուշագրավ է Ալեքսանյանի ոչ միայն մարզական այլեւ քաղաքացիական արիությունը՝ քաղաքական կեղտոտ պրիյոմչիկները սպորտի աշխարհ բերելու հանդեպ անհանդուրժողությունը: Կեցցե Արթուր, կեցցե Գյումրի, կեցցե Հայաստան: Այս հերթականությունը շուտով պիտի շրջվի, եւ շրջադարձի նախաձեռնությունը, ահա, Արթուր Ալեքսանյանինն է: ՌԴ նախագահը կարկինը սպորտից լայն բացեց, չուզողը մենք լինենք:
.
Կարդացեք նաեւ
Արցախն ու ՀՀ՝ ՌԴ տարածքային պահանջների մաս
եւ
Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվի բանտերում
.