Ժողովրդական թարմ, ետպատերազմյա քվե ստացած իշխանության կուսակցությունը նոր ուժով է ծավալում գերիների թեմայի շահարկումը քաղաքական՝ թե արտաքին, թե ներքին ասպարեզներում: Կարեւոր է գիտակցել այդ ասպարեզների վտանգավոր ընդգրկումը, ինչպես նաեւ ի հարկի գնահատական տալ ակնհայտ քաղաքական խնդիրները բարոյական հարթության մեջ «գլուխ բերելու» ջանքերին
–
Պ
ատանդների ազատման խնդրի քաղաքական ընդգրկումը, եթե վար դնենք միջանկյալ արտածումները, տանում է դեպի բարոյակերպ ձեւակերպված պարզ մի բանաձեւ՝ «մարդկային կյանքը հայրենիք արժե»: Լավ, թող այդպես լինի: Իսկ ընկած 4-5 հազարները մարդկային կյանք չէի՞ն: Ինչու՞ եղավ վարչապետ Փաշինյանի սեպտեմբեր 27-ի բոցավառ մարտակոչը: Թող չլինե՛ր:
Դեհ, նրանք հիմա մեռած են, մենք ողջերի մասին ենք հոգում, ասում են ՔՊ բարոյապես անբասիր կողմնակիցները: Մի՞թե: Տասնյակ հազարավոր սգավորների համար հարազատներն ու ընկերները մեռած չեն: Բոլորը ողջ են, քանի դեռ հայրենիքը չի երկինք խոյացրել մի կոթող, որի պատվանդանին գրված լինի «Անկախության հերոսամարտը հաղթած ռազմիկներին»:
Մինչ այդ նրանք կենդանի օղակով շրջապատելու են ԱԺ եւ Կառավարության շենքերը եւ, ի տարբերություն փրկության կոմիտեների, հայրենիքի իրական հաշիվ են պահանջելու ինքնուս խեղկատակներից: Աժ նորընտիր կազմը զգալու է նրանց կենդանի շունչը իր ծոծրակին՝ 7 ամիս ժամանակ է անցել:
Սա բարոյական հագուստի վերաբերյալ: Անցնենք խնդրի քաղաքական կորիզին: Հայ զինծառայողների գերեվարման կասկածելի հանգամանքները մինչ այժմ թույլ էին տալիս բացի Բաքվից ենթադրել նաեւ ՌԴ շահառությունը՝ Հայաստանը ինքնիշխանությունից զրկելու ունիվերսալ լծակի հանգամանքով: Ցավոք, վերջին զարգացումները նույնպիսի ենթադրության տեղիք են տալիս արդեն մեկ այլ կողմի հանդեպ: Այդ կողմի դերում է հայտնվում ՀՀ կառավարությունը, իսկ ԱԺ ու ՀՀ նախագահի ավանդական լռության պայմաններում՝ ողջ հայկական պետությունը:
Իսրայելա-պաղետինյան հակամարտությունից հայտնի՝ շարքային Գիլհադ Շալիտի 2011-ի դիպվածը, երբ մեկ գերի զինվորի դիմաց ազատվեցին 600 հրեայի սպանած հազարից ավել արաբ բանտարկյալներ, Հայաստանի հետ որեւէ աղերս չունի: Նախ Իսրայելի եւ Հայաստանի կուլտուրան հայրենիքի պաշտպանների նկատմամբ՝ ողջ, թե ընկած, բոլորովին այլ է: Աբովյանի դիահերձարանի ողբերգությունը Իսրայելում բացառված էր: Մեկ հայը հազար թուրք արժե բանաձեւը կիրառելու համար մենք դեռ պիտի կռվենք ու կռվենք: Բացի այդ, շարքային Շալիտի դիպվածը առավելապես ներքին խնդիր էր եւ չէր շոշափում հրեից պետության ինքնիշխանության հարցը:
Ինքնիշխանության կորուստը, որը կառավարության կողմից առաջարկվում է պատանդների ազատման դիմաց, ոչ թե վերացական բարոյական կամ նույնիսկ վիրտուալ բովանդակություն է ունենալու, այլ շատ պարզ ու շոշափելի: Տարածքների, տնտեսական պոտենցիալի, բնակչության շարունակական ու անդարձելի կորուստների բովանդակություն:
Կարելի է բացի միջանցքներից ու ականապատման քարտեզներից կառավարության ճաշակին առաջարկել ավելի արմատական մոտեցում: Տաս կիլոմետր խորությամբ շերտ զիջել ողջ սահմանի երկայնքով՝ մեկ տարի հանգիստ լինելու դիմաց: ՀՀ տարածքի այդպիսի «ռեսուրսը» բավականին ժամանակ կբավարարի: Մանավանդ ամեն մի հերթական զիջումից հետո ժպտերես վարչապետն ու ԱԱԽ համոզիչ նախագահը հաջորդ, ավելի ծավալուն զիջման անվերապահ «ժողովրդականության» հիմքերն են դնելու:
Զիջողության էքսպոնենցիալ աճը «հայրենի հողը խաղաղության դիմաց» սկզբունքը դարձնելու է արդեն ոչ թե ժամանակավոր նահանջի հարկադրյալ խորհրդանիշ, այլ հայ ժողովրդի արյան անբաժանելի բաղադրիչ: Երկար չի ձգելու այդպիսի ժողովուրդը: ԽՍՀՄ 2.0 մասին շաղակրատող եւ եւս 70 տարվա ռուսաբաշխ խաղաղության տեսլականով առաջնորդվող էլիտան խաբում է ինքն իրեն: Ոմանց համար բաղձալի 70-ամյա՝ ծոռներին ավանդվող «նոր սովետ» Մոսկվայում չի ծրագրավորվում: «Սահմանափակ ինքնիշխանություն» այլեւս չի բաժանվելու:
Վերնախավը չի կարող չխաբվել, քանի որ, չնայած ոտքի տակ թափված բազմաթիվ հնարավորություններին, ակնբախ անընդունակ է եղել եւ հիմա էլ ունակ չէ ինքնիշխան կյանքով ապրող պետության ղեկավարմանը: Գլուխներում նման բան չկա: Սովետական ոսկե 1970-ականներից տարբեր բոլորովին այլ ընթացքներ են սպասվում, ու մանկամիտ ստրատեգեմաներով տարվածները ժողովրդի կենաց հետ են խաղում:
Ընդդիմությունը, որ նախընտրականին աշխատում էր շատ չխորանալ պատանդների խնդրի մեջ, անցնելով Խորհրդարան ստիպված է լինելու կամ որդեգրել անմեղսունակության սիմուլյացիայի ՔՊ մարտավարությունը, կամ հստակ պատասխաններ մշակել, որոնց կորիզը ինքնիշխանության իրենց տեսլականն է: Եթե առաջացել է այդպիսին:
կարդացեք նաեւ