ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Կապիտուլյացիա՞. Ոչինչ ուզողին ջարդ է հասնում (Մաս 2)

Նիկոլ Փաշինյան 2018  | armenpress

սկիզբը՝ այստեղ

 

«Ազգընտիր կառավարություն» կապակցությունը, որին շարունակ դիմում են ՀՀ պետական այրերը՝ սին է: Երբ երկրի նախընտրական գործընթացը հանձնված էր օտար պետության ներկայացուցչին [1], խոսել ազգային ընտրության մասին ավելորդ է:  Այս դեպքում մուրճ ու մանգաղները, հնգանկյուն աստղերը, արա ես քու տիրոջներն ու պառլամենտակ գմբեթի տակ թռչող պլաստմասե շշերը՝ էժանագին թատերական բուրլեսք են ներկայանում, որ հարիր չէ ոչ ծանր կորուստներ կրած երկրին, ոչ էլ դեպի կառափնարան ուղղորդվող հաջորդ սերնդի ճակատագրին: Անխուսափելի է արդյոք ազգային անկման վերջին արարը

Ա

նհնար է ճիշտ գնահատել ներկան չիմանալով անցյալը: Բոլորին է թերեւս պարզ, որ օրվա դեպքերը՝ մոտ 30 տարի առաջ սկիզբ առած ԽՍՀՄ տրոհման ուղղակի հետեւանք են: Արժե ուշադիր զննել ակունքները, քանի որ ուղեցույցները մինչ այժմ անփոփոխ են: 1988-ին քաղաքական հարթակ բերված Տեր-Պետրոսյանն իր «Ղարաբաղ» կոմիտեով, իրենից առանձին ինստիտուտ ներկայացնող, շտապ ազատված դիսիդենտ Հայրիկյանը, ՀԱԲ-ը, Արցախյան ֆունկցիոներների կոհորտը եւ ուրիշ դերակատարներ գործում էին ՊԱԿ՝ ԽՍՀՄ ինքնակազմաքանդման ծրագրի շրջանակներում: Այս շրջանակից դուրս գտնվողները, բոլորիս հայտնի նվիրյալները, չեզոքացվեցին զենքի ուժով: Հայաստանին հատկացված էր կիսաքաղցած, աղքատ, գործարար եւ մտավոր ներուժը արագորեն կորցնող ռուսական հենակայանի դերը:

Շուրջ 20 տարի տեւած համեմատական, հիշենք 1999-ը, հավասարակշռության շրջանը ավարտվեց 2008-ին՝ Մյունխենի, Երեւանի, այնուհետեւ Վրաստանի հայտնի իրադարձություններով եւ պսակվեց 2014-ի Ղրիմով; ԼՂՀ գավառական գոյության փաստով ռուսական ծիրի մեջ մնացող Հայաստանը հավասար անհետաքրքիր էր դառնում թե Ռուսաստանի ու Չինաստանի, թե հավաքական Արեւմուտքի համար: Մինչդեռ ետխորհրդային դերակատարությունը Տեր-Պետրոսյանից ստացած արցախյան կոհորտը Երեւանում իրականցնում էր «Հայաստանին մի դիպչեք, Հայաստանը ոչինչ է» [2] քաղաքական կուրսը: Ցավոք, քաղաքականության մեջ «ոչինչ» գոյություն ունենալ չի կարող: «Ոչինչը» լցնում են չորս կողմից, ինչպես բահավորները գերեզմանափոսը: Դա արվում է, եթե նույնիսկ պահանջվի ամբողջ մի ժողովուրդ ոչնչացնել: «Այդպիսին էր ոչնչացող ժողովրդի կամքը», կարելի է գրել տապանին:

Նորից Ռուսաստան, նորից կոդավորված զենքեր, նորից ռուսածին «տարածաշրջանային հավասարակշռություն»

«Մենք ոչինչ ենք» կարգախոսը նախորդ դարաբաժանին արդեն հանգեցրել էր փոքր եւ մեց Յաթաղաններին՝ 1895-1923 եղեռնին Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների հայկական տարծքներում: Առաջինում հայ քաղաքական միտքը քանդվող կայսրությունից ակնկալում էր Գարեգին Նժդեհի բնորոշմամբ «համեստ» բարեփոխումներ, իսկ երկրորդում՝ առհասարակ ոչինչ: Սա այն դեպքում, երբ Ավստրոհունգարականը հետը, երեք կայսրությունների մնացած բոլոր ժառանգները, որոնք քիչ թե շատ գրել-կարդալ գիտեին, ակնկալում էին ազգային պետության ստեղծում: Ահա «ոչնչի» հայկական հետեւանքը անցյալում:

Հիմա, իշխանության կուսակցությունը՝ ՔՊ-ն, բացարձակի է հասցրել «ոչնչի» գաղափարը: 2020-ի պատերազմ,  փառատոնների աշուն, զորակոչի կրճատում, կապուղիների «փոխշահավետ» բացում, խաղաղոթյան դարաշրջան եւ նման տարօրինակ բաներ: Դեսպան Կոպիրկինի սցենարով ՔՊ հաղթանակը ապահոաված Հայաստան/ՊՈՒ «ընդդիմությունը» բարեխղճորեն օդի ցնցումներ է արտադրում: Սա է պատկերը: Սա՝ կատարյալ «ոչինչ» է: 

Ծանր հետեւանքները արդեն եղան ու հիմք է դրվում նույնանման հետեւանքների նոր շրջանի համար: «Պետականության ճգնաժամը պարտության հետեւանքն է» նարատիվը նոր շրջանի մեջ հայտնվելու գրավականն է: Նորից Ռուսաստան, նորից կոդավորված զենքեր, նորից տարածաշրջանային հավասարակշռություն: Ցավոք, սա մենք անցել ենք, նոր ենք անցել, դեռ բոլորը չեն նույնիսկ հողին հանձնված:

Պառլամենտական նրբագեղ շորերը իր գիրացած մարմնին քաշած էլիտան, որ ձեւավորվել է բացառապես օտար ռեժիսուրայի ներքո, ընդունակ է միայն բուրլեսկ բեմականացման, ինչպես միայն բուրլեսկի է ընդունակ հայկական թատերաբեմը ընդհանրապես: Սա ծանր դիագնոզ է, որը ենթադրում է արմատական եւ շտապ բուժում՝ օրենքի շրջանակներում հանրային ժողովների ձեւավորմամբ եւ մտքերի առարկայական փոխանակմամբ: Իրողության ակունքների համապարփակ գնահատականը՝ արդեն մեծ քայլ կլիներ դեպի նոր պետություն: Համենայնդեպս, սկիզբը այդպես է լինում:

Հաջորդ բաժնով կարդացեք՝
Գոյություն ունի՞ հայկական կյանք առանց «Կոպիրկինի»

.

  |