ՀՀ վարչապետի ակտիվությունը օսմանյան ֆրոնտում անսպասելի ըթացք ստացավ: CNN-TURK հեռուստակայանի թղթակցուհու, առերեւույթ վաղօրոք պայմանավորված այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Մեղրիի միջանցքը չբացելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը [Էրդողան, 15’27’’, 1] սեպտեմբեր 19-ին Կոնստանդնուպոլսի «Յեշիլքյոյ» օդակայանում պատասխանել է այսպես (ռեմարկները բացում են թղթակցի հարց-նկարագրության տրամաբանությունը).
–
«Ա
յս [Մեղրիի] միջանցքը բացել-չբացելու հարցը՝ քաղաքական հարց է: Մի կողմից այդպես [չենք բացի] ասելն ու մյուս կողմից ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնելը, անշուշտ, մտորելու տեղիք է տալիս:
Եթե Թայիբ Էրդողանի հետ (sic!) հանդիպման ցանկություն ունես՝ [միջանցք բացելու] հայտնի քայլեր պիտի ձեռնարկվեն: Մենք շփման համար փակ չենք, շփվելու ենք:
Ահավասիկ, Վրաստանի վարչապետի միջոցով էլ հանդիպելու իր ցանկությունը ինձ է փոխանցել՝ որն էլ ինձ է հասել: Բայց ինչպես ասացի, քանի դեռ մենք այս շփումների մեջ ենք, նրանք, դրական մոտեցում ցուցաբերելով, պարտավոր են քայլեր կատարել:
Այս [թուրքական ընհանուր նախապայմանների] հարցերի շուրջ Վրաստանի վարչապետի երկխոսության խնդրանքի ու նոր գործընթացի մեկնարկի համար նման մի քայլի [միջանցքի բացման] դեպքում՝ եթե իսկապես անկեղծ լինեն այս հարցում, ես էլ մեր անկեղծությունը կցուցադրեմ և այնժամ դիվանագիտություն կծավալենք: Երբ դիվանագիտականը [հարաբերուտյունը] սկսվի, իհարկե, մի բան ստանալիս [Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակման վերացումը] նաեւ բան պիտի տրվի: Կցանկանամ, որ գերիշխողը լինեն ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով, աստծո կամոք, [Մեղրիի] միջանցքի բացման շնորհիվ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա այս [ՀՀ հետ սահմանազատման՝ Արցախի խնդիր այլեւս չկա] լարվածությունը կհաղթահարվի»:
Ինչու է Փաշինյանը դիմել Ղարիբաշվիլիի միջնորդությանը, ում քսղաքական հանձնակատարն է այս կամ այն պահի, ինչու Էրդողանը որոշեց վարկաբեկել Փաշինյանին, որն է նախագահ Պուտինի դերը՝ ահա այն հարցերը, որոնք հետաքրքրում են հայ մամուլին: Դրանք կարեւոր են, անշուշտ: Մինչդեռ գլխավոր հարցը այլ է՝ 1921 թվականի ՀՀ տարածքային կորուստները, Արցախը ներառյալ, իսկ ավելի ընդհանուր՝ կոտորածների հատուցման եւ Արեւմտյան Հայաստանի պետական պատկանելության խնդիրը «լուծված» են համարվում՝ ճիշտ պարոն Էրդողանի լավատեսական տրամաբանությամբ:
Երբ խոսքը մամուլի գերակշռող՝ ռուսապատկան կամ ռուսանպաստ հատվածին է վերբերում, խնդիրը պարզ է: Չէ որ 1921-ի Մոսկովյան եւ Կարսի ոճրի օգտատերը հենց իր գոյությունը դրա շնորհիվ պահպանած եւ դեռեւս պահպանող Ռուսաստանն է: Բայց այդպիսի դիրքերի վրա է գրեթե ողջ խոսող ու գրող մեդիայն: Պարոն Էրդողանի լակոնիկ անդրադարձը, խոսքի ոճական երանգավորումը եւ քաղաքական անկաշկանդ վարվելակերպը պետք է որ հրաշալի պատկերացում տան Հայաստանի եւ հայության «խաղաղ դարաշրջանի» պարամետրերի մասին: Եւ այդ երեւակայական դարաշրջանը մտնելու ճանապարհին դեռեւս անհայտ միանգամայն իրական նախնական զիջումների խնդիրներ կան, որոնց մասին բանակցել են Էրդողանն ու Ղարիբաշվիլին: Բացառված չէ, որ թուրք որեւէ բանագնացի հետ, օրինակ Բաթումում, բանակցել է նաեւ պարոն Փաշինյանը՝ անձամբ կամ միջնորդված:
Այսպիսով, ՀՀ վարչապետը, շարունակելով իր նախորդի՝ նախագահ Սերժ Սարգսյանի մարտավարությունը, հայ ժողովրդից թաքուն դիմել է առնվազն 1919-1923, նաեւ 1934-1938, 1955 եւ 1974 թվականների զանգվածային սպանությունների եւ բռնազավթումների համար պատասխանատու այսպես կոչված Թուրքիայի Հանրապետության ղեկավարությանը ինչ-ինչ խնդրանքներով եւ շռայլ առաջարկներով: Դատելով Էրդողանի մեկնաբանությունից, պարոն Փաշինյանը ընդամենը փափագում է սելֆի ունենալ Ռեջեբ-էվենդու ֆոնին: Եթե, իհարկե, չենթադրել, որ հայկական վերոհիշյալ զոհողությունների գնով Փաշինյանը ուզում է ողջ Հարավային Կովկասը ազատել 200-ամյա ռուսական ներկայությունից: Սա արդեն մեծ քաղաքականություն կլիներ, որ ամենեւին չի համապատասխանում բոլոր ճականերում զիջած, բայց «ազգընտիր» պետական չինովնիկի քաղաքական տրամաչափին: Ահա էֆենդու ուղերձը Փաշինյանին եւ, միաժամանակ, վերջինիս ներկայացրած պարզամիտ ազգին:
Այդուհանդերձ, հանրային ասպարեզում հետզհետե ծավալվող առարկայական քննարկումները, հուսանք, նախ եւ առաջ սիրող-դիվանագետների անվարժ քայլերի դեմը կառնեն, այնուհետեւ՝ կպարզեն 1921-ի ռուս-թուրքական նողկալի ոճրագործության զոհ հայկական իրավունքների, հողերի եւ նյութական կարողության իրական ասպարեզը: Մարտը այնտեղ պիտի ծավալվի: Փաշինյանը եւ նոյեմբեր 9-ի պատգամին հավերժ հավատարիմ ընդդիմությունը արդյոք տեղյակ են այդ մասին:
.
կարդացեք նաեւ՝
Ուր են շտապում Պուտինն ու Էրդողանը. Փաշինյանի արժանապատիվ «Ցյուրիխը»