ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ադրբեջանը փլուզվելու վրա է. Հաշտություն կնքենք (զլմ)

Ալաքրամ Գումմաթով, 2004-ին ազատվել է բանտից եվրոպական մարմինների պահաջով՝ բնակվել է Նիդերլանդներում: Ֆախրադդին Աբոսզոդա (1957-2020)  |

 

Թշնամու կողմից հանրային հողի ակտիվ շոշափումը շարունակվում է: Ինչպիսի՞ն է լինելու հայերի վերաբերմունքը ՀՀ եւ «Ադրբեջանի» միջեւ մշակվող եւ Մոսկվայում կնքելիք խաղաղության պայմանագրին: Դրա կետերը պարբերաբար «սլիվ» են արվում ռուսանպաստ լրատվամիջոցներից: Առավել պնդաճակտների համար Հրապարակը [Հրապարակ, 1] կրկնում է ավելի վաղ հրապարակված անհրապույր ցանկը, բայց այս անգամ հետը հեքիաթային ինտրիգ է մատուցում. Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության հաստատումով «Ադրբեջանը» հավանաբար քանդվի 

«Ա

դրբեջանցիների» գալիք սարսափների մասին այս գողտրիկ պատումը, անկասկած, հարստացնելու է հայերի ականջներին լապշա կախելու եւ թեւատակը ձմերուկ դնելու 200-ամյա ավանդույթը: Ինչ դրական երանգնե՞ր են պեղել հայ մամուլի մոսկովյան կուրատորները Լիակատար կապիտուլյացիայի մասին ակտի սպասվող ստորագրման մեջ:

Պարզվում է, տարօրինակ պատերազմի ու էլ ավելի տարօրինակ դադարի արյունոտ արդյունքների ամրագրումը միջպետական պայմանագրի տեսքով պոտենցիալ մահացու է լինելու թուրքերի համար: «30-ամյա պայքարով հայերը հասել են այն բանին, որ փաստացի կերպով Ադրբեջանի գործող վարչախումբը՝ ԼՂ տարածքի գոնե փշուրների հանդեպ իշխանություն չունենա եւ այնտեղ լինի ռուսական հսկողություն: Ապա ինչու սա չպետք է խթան դառնա, որպեսզի իրենք էլ (ազգային փոքրամասնությունները –հեղ.) նույն ուղիով ընթանան», – հարցնում է Հրապարակը:

Այստեղ ընդհանուր դատողության մեջ սահուն հրամցվում է «հայերը պայքարով հասել են… ռուսական հսկողության» զավեշտական թեզը: Բայց դա՝ մի կողմ: Ոչ, փոքրամասնությունների համար խաղաղության պայմանագիրը խթան չի դառնա, եւ դա լավ գիտեն այս լապշան կախող ու ձմերուկներ գլորող մոսկովյան կուրատորները: Բաքվի հանգստության բանալին հենց ինքը «ռուսական հսկողությունն» է: Հարազատ զավակ այսպես կոչված «Ադրբեջանը» աչքի լույսի պես թանկ է Կրեմլին, քանի որ հսկում է առնվազն երկու ուղղություն՝ հայկականը եւ պարսկականը, իսկ թուրքականի դեպքում, մի զարմացեք, հուսալի կամուրջ է հանդիսանում Անատոլիայից դեպի Ռուսաստանի խորքը: Երրկու առաջին ուղղություններից ունակ են հուժկու հարված հասցնել Ռուսաստանին, ընդ որում առաջինից նման հարվածը քաղաքակրթական իմաստով առավել զգայուն կլիներ: Այսպիսին է ռուսների՝ որպես ազգ ձեւավորման մեջ միջնադարի 400-ամյա հայկական ներդրման առանձնահատկությունը եւ այսպիսին է փոխադարձաբար Կովկասում 200 տարի առաջ կատարված ռուսական քաղաքական դրույքների լրջությունը:

Հրապարակ. Ալիեւներից դժգոհությունը բավականին մեծ է եւ ցանկացած նպաստավոր «կայծի» դեպքում Ադրբեջանում կարող է «հրդեհ» բռնկվել։ <…> Հայ-ադրբեջանական համաձայնագիրը կարող է նման նախադեպ ստեղծել

Մերձկասպյան շրջանում առավել ակտիվ լեզգիական եւ թալիշական շարժումները վերահսկվում են ՌԴ ծառայությունների կողմից թե՛ Բաքվի իրավասության տարածքում, թե՛ Ռուսաստանում: Դրանց առաջնորդներին Մոսկվան բազմիցս արտահանձնել է Բաքվին՝ վերջինիս համապատասխան «ծառայությունների» դիմաց նաեւ ձրի՝ ելնելով իր մասնավոր գոյութենական, ինչպես շեշտեցինք, շահագրգռությունից:

Այդպիսի շահագրգռություններ առաջացել են երկու արցախյան պատերազմների ավարտին: 1994 թվականի հրադադարի Բիշքեքյան արձանագրությունը ունեցել է առանձին հուշագիր, որով Մոսկվան պարտավորվել է օժանդակություն ցուցաբերել Բաքվին՝ թալիշցի ապստամբ գնդապետ Ալաքրամ Գումմաթովի հիմնած Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության վերջնական ճնշման խնդրում: Ռուսների պարտավորության բարեհաջող կատարման մասին, մասնավորապես, բազմիցս խոսել է Ռեգնումի շեֆ-խմբագիր Տարասովը: 

Փլուզված «Ադրբեջան» Մոսկվային կտրականապես հարկավոր չէ: Եթե նույնիսկ այն Թուրքիա դառնա իսկ ռուսական ցամաքային սահմանին ու ծովեզրին թուրքական կայազորներ ու խարսխակայաններ հայտնվեն ՆԱՏՕ-ի դրոշի ներքո՝ դարձյալ ընդունելի է: Եվգենի Սատանովսկին խճճվել է, ՌԴ-Թուրքիա հարաբերությունները իբր «տարօրինակ» համարելով [Սատանովսկի, 2]: Հարաբերությունները ամենեւին տարօրինակ չեն, պարզապես հայկական եւ պարսկական վտանգները շատ ավելի զորեղ են թե՛ ՆԱՏՕ-ի համեմատաբար նորագյուտ սպառնալիքից [Պատրուշեւ, 3], թե՛ ռուսական հինավուրց հեքիաթ՝ «պանթյուրքիզմից»:

Ինչպես 1994-ին, 2020 թվականի արցախյան պատերազմական կամպանիայի ավարտը նույնպես նշանավորվեց Մոսկվայի «նվերով»: Նախ թալիշական ազատագրական պայքարի առաջնորդ, գիտնական եւ արտակարգ խիզախ մարդ, Գումմաթովի զինակից Ֆախրադդին Աբոսզոդան բռնի կերպով, արտադատական եղանակով ռուսական Լյուբերցի քաղաքից ուղարկվեց Բաքու, այնոհետեւ դատապարտվեց երկարատեւ ազատազրկման: 2020 նոյեմբեր 9-ի, այն նույն նոյեմբեր 9-ի գիշերը հայտնի դարձավ Գոբուստան բանտում նրա մահվան մասին:

«Ադրբեջան» հորջորջած Մերձկասպյան Արեւմուտքում՝ Սյունիքի արեւելյան սահմանից մինչեւ Լենքորան այսպիսի «փաթեթային» լուծման մասին եզրակացությունները յուրաքանչյուրը ինքը կարոլ է անել. համենայնդեպս, ինչպես եւ 25 տարի առաջ, ԼՂ փաստացի կարգավիճակի փոփոխությունը հավասարակշռվեց Բաքվի համար վտանգների հուսալի վերահսկողությամբ: Այս անգամ՝ երեւանյան ավելի հնազանդ առաջնորդի «ընտրությամբ» եւ փոքրամասնության առաջնորդի ֆիզիկական վերացման եղանակով:

Հայ սպեցիֆիկ մամուլին մոսկովյան հրահանգիչները արժե փոքր-ինչ ավելի ռեալիստական հեքիաթներ առաջարկեն:

.

կարդացեք նաեւ՝
Փաշինյանի արկածները Էրդողանլենդում. Ինչ արժե լավ սելֆին

  |