ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ուր են շտապում Պուտինն ու Էրդողանը. Փաշինյանի արժանապատիվ «Ցյուրիխը»

Նախագահներ Գյուլ եւ Սարգսյան, ետին պլանում՝ նախարար Նալբանդյան  | ՆՄԾ

 

Նոյեմբեր 9-ի այսպես կոչված «պարտությունից», իսկ իրականում արյունոտ գործարքից հետո «Ցյուրիխը» պիտի վերածնվեր: Սա արդեն կրկնակի մանդատակիր Նիկոլ Փաշինյանի հիմնական հանձնառությունն է Մոսկվայի եւ Անկարայի առջեւ 2018-ի գարնանից իվեր: Արցախի օտարումը ընդամենը դրվագ է, որ պիտի սահուն դարձնի ռուս-թուրքական փորացավի դարմանը գլխավոր հանգույց՝ Հայաստնի բեմի վրա: Հնարավոր է դիտարկել զարգացումների միտումները նույնիսկ առանց բուն «Ցյուրիխների» բովանդակությանը անդրադառնալու

Հ

այաստանին հանգուցված է իրենց գաղափարային կարողության չափը գերազանցած երկու ռեժիմների՝ ռուսականի ու թուրքականի շարունակելիության խնդիրը: Առանց Հայաստանի հնազանդեցման այլեւս անհնար է պատկերացնել առնվազն քաղաքական ռեժիմների, իսկ որոշ հանգամանքների ներքո նաեւ՝ համապատասխան պետությունների հետագա գոյությունը: Ուժերը գերագույնս լարած ռեժիմների համար քիչ թե շատ կենսունակ Հայաստանը մահացու վտանգ է: ՀՀ եւ Արցախի բնակչության զգալի մասի համար այսպիսի պնդումը ֆանտաստիկ է հնչում: Սակայն, իրողությունն այդպիսին է, իսկ դրա վերաբերյալ ժողովրդական հիրավի ֆանտաստիկ պատկերացումները՝ հանրության ցավագին վիճակի դրսեւորում են:  

Հայկական հողերի, գենետիկ, հոգեւոր եւ նյութական հարստության վրա կառուցվող թյուրքական պետությունը ստիպված է ձեռք գցել ոչ ավել ոչ պակաս օսմանյան կայսերական երբեմնի գործառույթներին: Ստիպված է: Ավելի վաղ, Ահմետ Դավութօղլույի օրոք փորձ էր կատարվել կառուցել երկրի քաղաքակրթական մի մոդել, որ ընկալելի ու նույնիսկ գրավիչ լիներ առաջին հերթին ներսում եւ հարեւանների համար, նշանավոր «զրո խնդիրները»: Դոկտոր Դավութօղլույի մոտեցումը, որի շահառուն կարող էր լինել Հայաստանը իբրեւ լուծման կենտրոնական կառավարիչ, տապալվեց նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական անպատրաստության հետեւանքով: Թուրքական լծակը չօգտագործվեց:

Այժմ Անկարայում փորձ է արվում թռնել անմիջական հարեւանների գլխի վրայից եւ տարածել շոշափուկները ավելի հեռուն, ինչը արտաքուստ ավելի դյուրին խնդիր է թվում ներքին լարման ֆոնին: Սակայն տեւական անտեսել անմիջական հարեւանության հարցը անհնար է: Հայաստանը այս առումով առաջնային է եւ կանգնած է Հունաստանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի առջեւից: Այսպես կոչված Թուրքիայի Հանրապետության հալալ կեսը Հայք ու Կիլիկիա է, իսկ հալալ մյուս կեսը՝ հայի ու հույնի կայսերական փառահեղ ժառանգություն: Ահա հայկական առանձնահատկության ու «առաջնության» ակունքը:

Հայկական ուղղության վրա Էրդողանի շտապողականության հիմնական պատճառը սա է: Տնտեսական եւ սոցիալական խնդիրները ածանցված են ամբիցիոզ քաղաքականությունից:

Նման արմատներ ունի նաեւ պարոն Պուտինի շտապողականությունը: Ռուսաստանը նույնպես տապալել է անխտիր բոլոր 14 հարեւանների հետ հարաբերությունները եւ իր շոշափուկներն է մեկնում ճիշտ Թուրքիայի մեկնած տեղերը եւ դեռ հեռուն: Սիրիական ուղղության վրա Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունու չափազանց բարենպաստ կոնֆիգուրացիան չիրականացավ նույնպես պարոն Սերժ Սարգսյանի քաղաքական անպատրաստության հետեւանքով: 

Թուրքականից հետո սիրիականը չօգտագործելու հետեւանքով 1916-ից եւ 1921-ից իվեր ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունը մնաց նույնը: Համեմատաբար ինքնուրույն Հայաստանի ու այս տիպի Ռուսաստանի միաժամանակյա գոյությունը անհնարին է: Կամ մեկը՝ կամ մյուսը: Այդպիսին է հազարամյա պատմության եւ նորագույն զարգացումների տրամաբանությունը: 

Անհամատեղելիության պնդումը եւս ընկալելի չէ ՀՀ եւ Արցախի բնակչության զգալի մասի համար: Եթե 2020 գործարքի զոհերի թիվը 5 հազր չլիներ, այլ 500 հազար՝ պատկերը չէր փոխվելու: Ավելին՝ ընկալելիության աստիճանը 2-3 անգամ կնվազեր: Օտարամոլության հիվանդագին մտայնությունը պիտի ջանադրաբար շտկենք, քանի չի իրականացել մեծ թիվը: 

Պուտինի եւ Էրդողանի շտապողականությունը «Ցյուրիխի», միջանցքների ու օտար սահմանապահների խնդրով հասկանալի է: Ավելի քան հասկանալի են Փաշինյանի շտապողականությունը եւ անհեթեթ պատճառաբանությունները: Մենք վակուումում չենք ապրում: Կապիտուլյացիայի պատճառաբանություն գոյություն չունի: Ընկած տղաները տվել են մեզ պատասխանը, ուզում է դա ընդունել պարոն Փաշինյանը, թե ոչ: Ճառերը դատարկ են, որքան դատարկ է «կոմունիկացիոն հաղորդակցություններ» լեզվա-քաղաքական գտածոն [©Փաշինյան]:

Հեքիաթը կարելի է պատմել միայն հեքիաթի կարոտ մարդուն կամ նույնիսկ մի ամբողջ ժողովրդի: Հանրությունը կարող է տրվել «խաղաղության դարաշրջանի» քաղցրահունչ անուրջներին բավականին երկար՝ մինչեւ իր պարանոցին զգա յաթաղանի տհաճ սառնությունը: Փաշինյանի ստանձնածը կործանման սցենար է: Ինչ էր «Ցյուրիխը» 2009-ին եւ որն է 2021-ի տարբերությունը կքննենք գալիք հրապարակումներով:

կարդացեք նաեւ ՝
Նոր «Ցյուրիխի» վիրուսային պատվաստումը վտանգում է հանրության կյանքը

.

  |