ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Իրանը Հայաստանի գեոքաղաքական իր «քարտեզն» ունի. Իսկ Հայաստա՞նը

 

Գեներալ Ղասեմ Ռեզային հանդես է եկել ասուլիսով  |  ալեֆ

 

Երբ հոկտեմբեր 6-ի իր մոսկովյան այցելությանը ընդառաջ ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասաց, թե Կրեմլից «սպասում է զգայուն վերաբերմունք Կովկասում աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությունների հանդեպ» [Farsnews, 1], Երեւանում շվարեցին: Հայ մամուլը ենթադեց, որ խոսքը Սյունիքի վրա հնարավոր գրոհի մասին է: Ավելի լայնախոհ էր մոսկովյան մամուլը՝ արտասանելով «փոփոխությունները Արցախում» բառակապակցությունը, որը անհնար էր պատկերացնել հայ լրագրողի շուրթերին [Տարասով, 2]: Իրանցի մեկ այլ պաշտոնյա եւս մեկնաբանել է իր երկրի դիրքորոշումը, որը դարձյալ մշուշոտ լինելով, այդուհանդերձ, ջղաձգել է Բաքվի դյուրագրգիռ վերնախավին: Իրանի կողմից հայտարարությունների իրական պատգամը հայերին, սակայն, ավելի լայն է

Ա

յդպես խոսեց Իրանի Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Ղասեմ Ռեզային: Նախ նա հեռակա պատասխանեց Բաքվի թյուրքական վարչախմբի ղեկավար Ալիեւին՝ ասելով, թե Իրանի սահմանին Իսրայելի բանակի ներկայության մասին «վկայում են այնտեղ երեւացող նրանց ԱԹՍ-ները» [رضایی , 3]: «Մենք խաղաղ էինք դիտարկում մեր սահմանները Ադրբեջանի Հանրապետության հետ, սակայն վերջերս այնտեղ իրավիճակը այնպես է փոխվել, որ տանում է անհարկի գայթակղությունների», ավելացրել է գեներալը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի անդրադարձավ նաեւ պարոն Աբդոլլահյանի արեւելյան ոգով արված հիշյալ հայտարարությանը «քարտեզի փոփոխությունների» մասին. «Ադրբեջանի Հանրապետության իրավունքն էր ազատել գրավյալ տարածքների որոշակի մասը: Մենք էլ ուրախ ենք այդ տարածքների ազատագրումով եւ երբեք դրանք չենք ճանաչել»: «Որոշակի մաս», ինքնին անմեղ, արտահայտությունը Բաքվում ընկալվել է իբրեւ ԼՂԻՄ սահմաններին ակնարկ եւ «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության փորձ:

Պաշտոնական Բաքվի այսպիսի ընկալմանը նպաստել է «հաղթանակի» իրական հանգամանքներին քաջատեղյակ լինելը եւ Ռուհանի-Զարիֆ զույգի [Mehrnews, 4] քաղաքականությունը սրբագրելու Թեհրնի ակնհայտ ձգտումը, որ արտահայտվում է Երեւանի եւ Բաքվի հիմնական ուղղությունների վրա: Նույն հարցազրույցի ժամանակ գեներալ Ռեզային գունեղ սպառնալիքներ է տեղացել «սիոնիստներին հրավիրող երկրի» հասցեին, ասելով թե «այդ երկիրը առաջինը կզգա Իրանի հարվածի ուժը, իսկ ժողովուրդը, անկասկած, իրեն հեռու կպահի սիոնիզմի լպրծուն որոգայթներից»:

Այսպիսով, իրանցի եւս մեկ պաշտոնյա ուղղակի նշել է Արցախի շուրջ փոփոխությունը եւ դրա կապը Իսրայելի հետ իբրեւ Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածության աճի աղբյուր: Մինչ այդ, հիշեցնենք, ԻԻՀ արտգործնախարարը հարցադրման տեսքով Իսրայելի դերակատարությունը Արցախում կապել էր անմիջապես Ռուսաստանի հետ: Ռուս-թուրք-հրեից հակահայ, հակաիրանական կոալիցիայից ամբաստանյալի դերում չի հայտնվել դեռեւս միայն Թուրքիան, եթե նկատի ունենանք Բաքվի իրական պատկանելությունը Մոսկվային, այլ ոչ Անկարային:

2020-ի աշնան 44 օրերի հերոսամարտը Կովկասի եւ Առաջավոր Ասիայի շրջանում խոսքի իրավունքը փոխանցում է հայերին եւ Հայաստանին

Իրանի, նաեւ Հնդկաստանի ներկայիս դիրքորոշումը առիթ է անդրադառնալ թե տարածության, թե ժամանակի առումով ավելի ընդհանուր պատկերին: Մինչ 2020 սեպտեմբերի 27-ը, արեւմտյան դիվանագետները մասնավոր զրույցներում ազատագրված տարածքների վերադարձի անհրաժեշտությունը նշելով, տարակուսում էին, թե ինչու «մայր» հանրապետությունից անջատման, սեցեսի սուբյեկտ ԽՍՀՄ օրենքով ճանաչված բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը չի ինտեգրվում ՀՀ պետական համակարգի մեջ 1989թ. դեկտեմբեր 1-ի որորշման իրագործման շրջանակներում: Իրոք, ինչու:

Նույն հարցադրման ծիրում արժե հիշատակել մի շարք հետազոտողների, այդ թվում եւ ռուսների, տարակուսանքը հայ ժողովրդի արեւելյան, «պարսկական» հատվածի քաղաքական վարքագծի վերաբերյալ, որ առկա է XVIII դարից ի վեր՝ մինչ մեր օրերը [Ռեգնում, 5]: Մասնավորապես անհասկանալի է մնում հայ կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացու ձեռամբ օծված ազգությամբ թուրքոման պարսից Նադիր շահի կողմից Արցախի մելիքությունների հանդեպ բարյացակամ վերաբերմունքից չօգտվելու հանգամանքը: Արցախը օսման թորքերից ազատագրած հայերը Նադիրին ոգեշնչել էին դիտարկել Կովկասում հայկական ինքնուրույն պետականության հնարաորությունը, անշուշտ ի հակակշիռ «Մոսկովի եւ Օսմանի» կայսրությունների: 

Սակայն, պետություն կերտելու փոխարեն մելիքները, 1747-ին Նադիրի սպանությունից հետո, գերադասեցին ընդունել Փանահի իշխանությունը: Այնուհետեւ եկավ ռուսների հերթը այդ նույն անփոփոխ փաթերնի տեսքով: Պատմությունը ժողովուրդներին հնարավորությունների բեկումնային պահեր է տրամադրում, որոնցից չօգտվելը, որպես կանոն, տանում է ոչ թե դեպի խաղաղություն եւ կայունություն, այլ դեպի աղետներ: 

Անգին զոհերի գնով Կովկասում եւ Առաջավոր Ասիայում 1988-ի պայթյունին չզիջող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շարժուն իրավիճակ է առաջացել: Խոսքը տրամադրվում է Հայաստանին ու հայերին: Առաջին հերթին հանրության այն շերտերին, որոնք զգայուն են ազգային ոգու եւ ժամանակի հեւքի հանդեպ: Հարվածի տակ են հայնվում Թուրքիան, Իսրայելն ու Ռուսաստանը [Տարասով, 6]: Հենց այս անկյան տակ է պետք նայել 2020-ի աշնան 44 օրերի հերոսամարտին, եւ դրա համար պարտադիր չէ հուշարարների կոնֆերանսի սպասել: Հայկական խոսքը պիտի հնչի՝ «Կարսյան» շրջանը ավարտվել է խորհրդային կայսրության փլուզումով, իսկ կրկնության փորձերը Նոյեմբեր 9-ի, 3+3-ի կամ այլ տեսքով հղի են որոշ տերությունների համար արագ եւ անկառավարելի ընթացքներով: 1920-ի Կարս այս անգամ չի եղել:

.

Ալիեւ Պուտին Նեթանյահու հեռակա կապի մասին կարդացեք
Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»

  |