ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իվաշով. Պուտինի հրաժարական, թե ՌԴ ավարտ. Հայաստանի «դերը»

.

«Պուտինի շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունը մոտեցել է ընդհուպ իր պատմության ավարտին»: Այս պնդումը Ռուսաստանի Սպայական ժողովի անունից նախագահ Պուտինին է ուղղել պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը [ՌՍԺ, 1]: Իվաշովը ժամանակին ԱՊՀ երկրների Ռազմական համագործակցության շտաբի պետն էր: Գեներալը կատարել է Հայաստանին անմիջապես վերաբերող ուշագրավ դիտարկումներ

.

Վ

լադիմիր Պուտինի պաշտոնաթողության՝ գեներալ Իվաշովի կոչին է միացել ԱԴԾ (ՖՍԲ) պաշտոնաթող գեներալ Եվգենի Սավոստյանովը՝ նախկինում ՌԴ հակահետախուզության ղեկավարներից: Սավոստյանովի խոսքով, Իվաշովի կոչը համընկնում է ժողովրդավարական հանրության «Խաղաղություն Ռուսաստանին. Խաղաղություն Ուկրաինային։ Խաղաղություն բոլորին» սկզբունքին: «Խաղաղություն և բարգավաճում Ռուսաստանի ժողովրդին, և ոչ թե նրա առաջնորդների կայսերական ցանկասիրության բավարարումը. սա իսկապես հայրենասիրական պահանջ է, որը միավորում է ազնիվ և պատասխանատու մարդկանց՝ թեև տարբեր հայացքների տեր»:

Իվաշովի քայլը մեկնաբանել է նաեւ հայտնի էտատիստ եւ Պուտինի կողմնակից Ալեքսանդր Պրոխանովը [ՄԿ, 2]: «Իմ վաղեմի ընկեր Լեոնիդը ավելորդ նյարդային ելույթ է կատարել, ինչը անթույլատրելի է ներկայիս նախապատերազմական ժամանակներում», – ասել է «Իզբորսկի ակումբ» վերլուծաբանական հարթակի անդամը: Պրոխանովը նկատել է , որ «բոլորը գտնվում են թե արեւմտյան, թե տեղական պրոպագանդայի հոգեբանական հուժկու ազդեցության ներքո, սակայն սեփական պետությանը հայտ ներկայացնելը ճիշտ չէր»:

Խորհրդայն Միության վերականգնման երբեմնի ջատագով, իր ռազմաշունչ դիմումներով բազմիցս աչքի ընկած Լեոնիդ Իվաշովի դեմարշը մեծ իրարանցում է առաջացրել Ռուսասատնի հատկապես «հայրենասիրական» շրջանակներում: Դիմումի հիմնական թեզերը հետեւյալն են: Ուկրաինայի շուրջ սրվող իրավիճակը Ռուսաստանում «արհեստական, շահադիտական ​​բնույթ ունի եւ ծառայում է ներքին որոշ ուժերի»։ «Ուժի կիրառման վերջնագրի և սպառնալիքների փորձերը՝ ստիպելու մարդկանց սիրահարվել Ռուսաստանի Դաշնությանը և նրա ղեկավարությանը, անիմաստ են և չափազանց վտանգավոր»,- ասել է Իվաշովը։

Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը, շարունակում է նա, «կասկածի տակ կդնի բուն Ռուսաստանի՝ որպես պետության գոյությունը», «հավերժ կդարձնի ռուսների և ուկրաինացիների մահացու թշնամանքը», կհանգեցնի երկու կողմերի ծանր կորուստների և ՆԱՏՕ-ի երկրների միջամտության հակամարտության մեջ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կբախվի ամենածանր պատժամիջոցներին, կվերածվի «համաշխարհային հանրության պարիհի» և ի վերջո կարող է կորցնել իր անկախությունը։

Ուշագրավ է Իվաշովի վերլուծության համակարգային հենքը: Ըստ գեներալի «ավելի վաղ Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ը «պարտադրված (արդար) պատերազմներ» էին վարում, երբ «այլ ելք չկար»։ Այսօր երկրի գոյությանը սպառնում է «կենսական նշանակություն ունեցող ոլորտներում» կայուն դեգրադացիան, այդ թվում՝ ժողովրդագրությունը։ Պաշտոնաթող գեներալ-գնդապետի խոսքով, սա «ներքին սպառնալիք է, որը բխում է պետության մոդելից, իշխանության որակից և հասարակության վիճակից. կառավարման համակարգը և իշխանությունը ապիկար են և ոչ պրոֆեսիոնալ, իսկ մարդիկ՝ պասիվ»։

Գեներալ Իվաշովի այս վերջին դիտողությունը ներդաշնակ է Հայաստանի կացությանը, մասնավորապես թրքանպաստ, ուղնուծուծով պուտինյան «պողպատե» իշխանության, ռուսանպաստ «ընդդիմության» եւ իր ճակատագրի հանդեպ անտարբեր հանրության ընդհանուր նկարագրով: Ետխորհրդային վերապրուկ այսպես կոչված «Երրորդ Հանրապետությունը» չի կարող բախտակից չլինել նույնպիսի վերապրուկ Ռուսաստանյան Դաշնության հետ: Խնդիրն այն է, որ Հայաստանը իր վրա է կրելու, եւ 2020-ից կրում է, ետխորհրդային աշխարհակարգի կործանման ամենածանր հետեւանքները:

Ներկայիս իշխանության օրոք դրանք երաշխավորված են առավելագույն ծավալով: Իվաշովը իր դիմումի մեջ արանձին անդրադարձել է ՌԴ Սեւծովյան նավատորմին բազմապատիկ գերազանցող ռազմածովային ուժերի, ինչպես նաեւ Մալաթյայից եւ Երզնկայից կառավարվող 2-րդ եւ 3-րդ ցամաքային բանակների ուժերով Ղրիմ եւ Հայաստանի Հանրապետության վրայով Կովկաս թուրքական հնարավոր ներխուժմանը՝ ՆԱՏՕ միջուկային հովանոցի ներքո:

…………
Լուսանկարում՝ գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշով

.

.
.

Կարդացեք նաեւ՝