Ընդլայնելով հայկական օրինակը, ՌԴ ղեկավարությունը ենթադրեց, թե Ուկրաինան չկայացած եւ չկայանալիք պետություն է: Իրականում, ուկրաինացիները 2015 թվականի ղրիմյան եւ դոնբասյան իրադարձություններից կարեւոր հետեւություններ արեցին: Մինչդեռ, 2016-ի արցախյան դասը հայերը չսերտեցին: Ահա վերջինի հետեւանքով էլ ռուսներին բաժին հասավ 2022 թվականի կիեւյան դառը բաժակը
–
Ռ
ուս փիլիսոփա Իվան Իլյինի ազգայնական հայացքների վրա հիմնվող նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հավատամքի տեսականը շարադրել է թե գրավոր, թե բանավոր: Կորիզը՝ ետխորհրդային պետությունների հարատեւ չկայացած վիճակն էր: Սակայն, նախկին խորհրդային տարածքների պուտինյան պլանավորումը, իր ուկրաինական բաժնով, պահանջում էր տեսության գործնական հաստատում: Այստեղ է, որ հայերը 2020 թվականի ավարտին Մոսկվային ակամա տրամադրեցին խիստ կասկածելի «հիմնավորումներ»: Կրեմլը դրանք քննաբար չվերլուծեց:
Միջազգային քաղաքագիտական շրջանակներում իշխում է այն կարծիքը, թե ուկրաինական կրակը ժայթեց երկնքից եւ կապված չէ 2020 թվականի սեպտեմբեր 27-ի Արցախի հետ: Օտար մոլորութունները պետք է բացատրել առաջին հերթին հայ պետական քարոզչության տրեխային վիճակով: Շրջապատի վրա հայկական իրադարձությունների «զրոյական ազդեցության» նարատիվն է տարածում նաեւ հայտնի երանգի երեւանյան անպաշտոն «ակտիվը»: Ի՞նչ եղավ 2022 փետրվար 24-ին իրականում:
Հայկական հարցի փոխարեն հայկական դեպք
Ռուսական կայսրության անհանգստության երկրորդ, իսկ առաջինը 1991-ին էր, արարը, անշուշտ ծնելու է պատմագիտական եւ քաղաքագիտական պրպտումների հսկայական ասպարեզ: Առայժմ այն կարելի է անվանել «դեպք» ընդգրկուն թերմինիվ:
Դեպք, երբ գաղութի տնօրինության գռեհիկ նեղմտությունը հանգեցնում է մետրոպոլիայի հետագա չկշռադատված գործողութայն՝ փաստացի ինքնասպանության: Դեպք, երբ հազարների անձնվեր զոհողությունը բերում է ոչ թե ազգային համախմբման եւ վերելքի, այլ ազգային հեռանկարի լիակատար մթագնման: Դեպք, երբ շվարած գաղութարարը շարունակում է ընկալվել իբրեւ ազգային մենության զգացումից միակ փրկիչ:
Նեղմտությունը հայինն է: Անձնազոհությունը հայինն է: Մթագնումը հայինն է: Գաղութարարի հանդեպ անսպառ կարոտը նույնպես հայինն է: Իրոք, բարդ դեպք է: Բայց ի՞նչ կապ ունի հայկական եկզոտիկ սագան Ուկրաինայում ռուսական գործողությունների հետ: Ունի անմիջական, բայց, ստիպված ենք խոստովանել, ակամա առնչություն:
Արդեն երկու տարի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գեոքաղաքական դժվարությունների խավարում ռուս մեկնաբանները մեկ լուսավոր կետ էին տեսնում: «Բայց, չէ որ Հայաստանում Պուտինը լիակատար հաղթանակ տոնեց», – միաբերան ասում էին նրանք: Հենց այս, հայկական դեպքով է ոգեշնչվել Կրեմլը Ուկրաինայում:
Խոսքը Լավրովյան ծրագրի Կրեմլի համար բարեհաջող իրականացման մասին է՝ իր 2020 թվականի նոյեմբերի 9-ով: Բայց պարզվեց, որ ուկրաինացիները հայ չեն, իսկ Զելենսկին՝ Փաշինյան: Էական էր նաեւ երկկողմ հարաբերուոթյունների անմիջնորդ ծավալվելու հանգամանքը: Այսինքն, «ադրբեջան» պրոքսիի թիկունքում թաքնվելու հնարավորություն չկար: Հիմա հայկական խաբկանքի ռուսական հետեւանքները կարելի է տեսնել ուկրաինական ստեպներում եւ Կոնստանդնուպոլսի բանակցային Դոլմաբախչեում: Իսկ հայերը արժանացան «խորամանկի» հերթական, ավելի քան կասկածելի դափնիների:
Վերջում, «ադրբեջանական երկրորդ ճակատից» վեր-վեր ցատքոտող մեր ուկրաինացի հոգեւոր սանիկներին ասենք, որ ինչպես 1991 թվականին, այնպես էլ հիմա, պատմական տեղաշարժերի բեռի առյուծի բաժինը հայերի վրա է՝ ուզենան դա հայերը, թե չուզենան: Սա էլ ինքներս մեզ ասենք ու ճշտենք անելիքներս:
———
Լուսանկարում՝ միջուկային զենք կիրառելու մոսկովյան սպառնալիքին նվիրված արեւմտյան ծաղրանկար՝ «Վորոնեժին հարվածելու» հայտնի փոխաբերությամբ | syswent
.
Կարդացեք նաեւ՝