Թուրքական մամուլը Տավուշի 2020թ. հուլիսյան մարտերը անվանում է «Թովուզյան ճգնաժամ»: 1962-ի «Կարիբյանը» հիշեցնող այս անվանումը թուրքերի հետեւից կրկնում է նաեւ ռուսական Regnum-ը: ՄԱԿ ընդհանուր քարտուղարի դիմումը եւս մեկ ազդակ է, որ ստիպում է ճշգրտել նման բախումների ընթացիկ եւ ապագայում կանխատեսելի քաղաքական արժեքը: Փորձենք վերլուծել խնդրի միջազգային-փորձագիտական արձագանքը:
.
Առաջ անցնելով նշենք, որ ներկայիս փուլում Արցախի ուղղությամբ Երեւանի ռազմավարության տեղային, լոկալ բնույթը, իսկ թուրքական ուղղությամբ՝ կատարյալ անորոշությունը հղի են խիստ անցանկալի հետեւանքներով: Այս գնահատականները, մեր կարծիքով, հրատապ են նաեւ Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հուլիս 23-ի ծավալուն անդրդարձից հետո: Տավուշյան «ճգնաժամի» հետքերը տանում են դեպի հեռավոր, սակայն Սեւ Սարի պես շոշափելի անցյալ, սակայն անցնում են Տավուշից հարյուրավոր մղոն անդին:
Նախեւառաջ, ուրվագծենք մասնագետների շրջանակը: Ռուսներից դրանք Ստանիսլավ Տարասովն ու Սերգեյ Մարկեդոնովն են, իսկ թուրքերին ներկայացնում է երկրի հնագույն, այժմ՝ ընդդիմադիր Ջումհուրիյեթ հրատարակության սյունակագիր Մեհմետ Ալի Գյուլլերը:
Ով է բարձրացնում Տավուշի մարտերի քաղաքական «վարկանիշը»
Այն, որ հակադիր կողմերը հակված են բախումը ներկայացնել իբրեւ կարեւոր՝ բնական է: Եթե Հայաստաինի կողմից դա հիմնավոր է, նույնիսկ զոհվածների վճառած թանկ գնով հանդերձ, ապա Բաքուն ռազմական իմաստով պարծենալու որեւէ բան չունի: Ուշագրավ է, որ այլ շահագրգիռ կողմեր՝ Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակաբար բարձրացնում են սահմանային բախումի արժեքը իրենց գեոպոլիտիկ կշռին համապատասխան: 2016-ին նրանք այսքան խանդավառ չէին: Ընդ որում, «ախոյան-գործընկերները» մեկը մյուսին, կարծես խրախուսում են ավելի բորբոքվել: Խոսքը Տավուշի դեպքերի քաղաքական վարկի մասին է, քանի որ մարտերի բուն, ռազմական բնույթը կարեւոր, սակայն ակնհայտ տեղային էր, լոկալ:Մեհմետ Ալի Գյուլլերը [1, Cumhuriyet] գտնում է, որ «մեծ պատկեր իրենից չներկայացնող» թովուզյան խնդրի ուրճացմամբ շահագրգիռ են Թուրքիայի հատկապես ամերիկամետ շրջանակները: Ըստ հեղինակի, Լիբիայի շուրջ Թրամպ-Էրդողան համաձայնությանը զուգահեռ այդ շրջանակները ձգտում են թշնամանք սերմանել Ռուսաստանի եւ Թուրքիյի միջեւ: Խոսքը իսկական թշնամանքի մասին է, այլ ոչ նույն Լիբիայում կամ Սիրիայում առկա կոշտ մրցակցության: Հենց այս գործում ամերիկամետներին օգնության է գալիս սարսափելի «Թովուզյան ճգնաժամը»: Նկատի ունենալով Թովուզի հանգույցի լոգիստիկ նշանակությունը, նրանք ասում են. «տեսեք, թուրքեր, հայերի ագրեսիան ուղորդում են ռուսները»:
Ենթադրենք Գյուլլերը իրավացի է եւ Թուրքիայում ռուս-թուրքական գժտություն եւ Աստանայական տեսակի 3+3 ռուս-թուրքական Կովկասյան բանաձեւի հերթական տապալում անրջող ազդեցիկ շրջանակներ կան: Սակայն ինչու՞ է այդքան խանդավառ ինքը՝ Անկարայի իշխանությունը, որն օրնիբուն գոռում-գոչում է «հայկական ագրեսիայի» մասին: Իրո՞ք ցանկանում է խզել հարաբերությունները Մոսկվայի հետ հանուն Թրամպի բարեկամության: Ամերիկյան ճանապարհի՞ն է տեսնում Կովկասի նվաճումը:
Մեր կարծիքով, Անկարան թմբկահարում է «Թովուզի ճգնաժամը», որպեսզի առնվազն սրի հարաբերությունները Երեւանի հետ առայժմ անտեսանելի մի ճակատում: Նկատենք, միանգամայն «անպատիժ», քանի որ քիչ թե շատ հաշտ է Մոսկվայւ հետ եւ օգտագործում է Կրեմլի հիմնարար «հականիկոլական» տրամադրությունը: Սակայն, ո՞րն է այդ ճակատը, որ Էրդողանից պահանջում է ծավալել քաղակական լայնամասշտաբ մանյովրներ:
Լոկալ բախումը այսպես է վերածվում գեոպոլիտիկ ճգնաժամի
Ինչպես են տեսնում Կովկաս-Փոքր Ասիա պատկերը մոսկովյան մեկնաբանները: Regnum-ի բանախոս Ստանիսլավ Տարասովը, որ փորձագիտությանը զուգահեռ նաեւ քարոզչություն է իրականացնում թե հասարակ, թե ընտրյալ «ականջների» ուղղությամբ, Անկարայի հակահայ դեմարշների մեջ տեսնում է իրական վտանգ Մոսկվայի համար: Տարասովը ենթադրում է, որ ինչ-որ պահի Հայաստանի եւ Թուրքիայի վրա իր հովանին է պարզելու Վաշինգտոնը, «որպեսզի օգնի Փաշինյանին խարիսխ գցել արեւմտյան հանդարտ ջրերում» [2, Regnim]: Ոչ ավել, ոչ պակաս: Համաձայնեք, սա «ուազիկային» դեպքերի նեղ տեղային մեկնությունից հազարավոր մղոն հեռուն տանող գեոպոլիտիկա է:
Հարց է ծագում. ինչ նպատակո՞վ է թուրք-ամերիկա-հայկական այս վտանգին իբր ենթարկվող Մոսկվան ինքը մոլորակային հնչեղություն տալիս տավուշյան հրետանու որոտներին: Նկատենք, որ նույն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները էլ ավելի սրելու նպատակին է ուղղված նաեւ Մոսկվայի թողտվությունը Ռուսաստանում Բաքվի սադրանքների հանդեպ: Չափազանց ռիսկային խաղ է սա, եթե նկատի ունենանք ռուսական ներքին կյանքի օրգանական անկայունությունը: Հայկական, ըստ RT խմբագրապետ տիկին Սիմոնյանի, ճղճիմ դրույքները արդյոք արժե՞ն այդքան:
Հարցերի պատասխանը ստուգելու համար համադրենք մեր գնահատականը մեկ այլ փորձագետի՝ Սերգեյ Մարկեդոնովի հետ: Փակագծերում նշենք, որ մեր կարծիքով, թե Անակարայի, թե Մոասկվայի ջղաձիգ վարքագծի արմատները տանում են 1921 թվական, դեպի սովդեպական Մոսկվա եւ ընկած Կարս, դեպի Հայաստանի եւ Անդրկովկասի ռուս-թուրքական քարտեզ: Ի տարբերություն Ստանիսլավ Տարասովի, որը անշուշտ բանիմաց եւ հմուտ վերլուծաբան է ու պատմաբան, Մարկեդոնովը նվազ քարոզչական է:
«Էրդողանը ձգտում է ԱՄՆ հետ այնպիսի հարաբերությունների, որոնցում այլեւս կրտսեր եղբայր չի լինելու: Նրա պատկերացմամբ, Թուրքիան ոչ թե պարզապես ՆԱՏՕ պատվավոր մահմեդական դաշնակից է, այլ եվրասիական ինքնուրույն միավոր, որ այլեւս խորհուրդ հարցնելու կարիք չունի», – գրում է Մարկեդոնովը իր «Արտաղարաբաղյան ուղղությունը առավել վտանգավորն է» հոդվածում [3, Pravda]: Մարկեդոնովը Երեւան-Բաքու հակամարտության մեկ այլ, ավելի բարդ ասպարեզ է դիտում արդեն Նախիջեւանը: Նա ավելացնում է, թե Արցախի պարագային գոնե կան խնդրին մոտենալու ինչ-ինչ սկզբունքներ՝ «շրջանը առավելապես հայաբնակ է եւ պահանջում է ինքնորոշման իր իրավունքի իրականացում, [հայ] ինքնության ճանաչում»:
Որտե՞ղ է Հայաստանը
Regnum-ի ավագ խմբագիր Տարասովը ի մի է բերում ռուս չանվանված փորձագետների մտքերը, թե «պատկերը բարդանում է նրանով, որ հակամարտությունը դուրս է գալիս ղարաբաղյան շրջանակներից»: Ըստ Տարասովի, ռուսական շատ մասնագետներ այն կարծիքին են, թե թուրք զինվորների հայտնվելը Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին «տորպեդահարելու է 1921թ. Կարսի պայմանագիրը, որը Մոսկվային հնարավորություն էր տալիս զորք մտցնել» աջարական Բաթում եւ «ադրբեջանական» Նախիջեւան, ինչը իր հերթին «Բաքվից բացի նաեւ Թբիլիսիին է ընդգրկում գեոպոլիտիկ նոր գծագրումների մեջ» [4, Regnum]: Ահա եւ եկանք հասանք Կարս, սակայն այլ «ուղղությունից»:
Հայաստանը այս ենթատեքստում առհասարակ գոյություն չունի՝ կարծես հայկական Արարատը չէր փոխանակվել «վրացական» Բաթումի հետ, հայկական Կարսն ու Նախիջեւանը չէին համառորեն փաթաթվել երջանկությունից շվարած Քեմալի վզին: Լռությունը այս մասին հատկանշական է: Իրականում Հայաստանը գծագրումների մեջ կա, սակայն լոկ իբրեւ անդրկուլիսյան մանիպուլացիաների օբյեկտ, ինչի մասին ռուս բանախոսը գերադասել է չբարձրաձայնել: Մանավանդ, լուռ է ինքը Հայաստանը:
Այսպիսով, երեք մասնագետներն էլ հանգում են Արցախյան հակամարտության անխուսափելի ընդլայնմանը մինչեւ 1921 թվականի գիծ: Սա լիամասշտաբ գեոպոլիտիկա է, որի կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ հակառակ ինքնամեկուսանալու 30-ամյա իր անխոնջ ջանքերին: Հայտնվում է անորոշ դիրքորոշմամբ, առանց 1921-ին ձեւավորված եւ 1994-ին մեծ զոհերի գնով զգալիորեն բեկանված սահմանների ռազմավարական շահագործման: Առանց 1915-ին կատարվածի վերաիմաստավորման: Առանց 1988-ի Միացումի բարեբեր գաղափարի շարունակական մշակման:
Երեւանի գեոպոլիտիկ ընդհանուր պասիվության, ոչ հստակ շեշտադրումների, ընդամենը Արցախով սահմանափակվող նախաձեռնության պայմաններում Մոսկվա-Անկարա 2020 թվակնի խաղը, որի ուրվագիծը տվեցինք այս նյութով, անխուսափելի հանգելու է հակահայ հանգուցալուծման: Սպասվող թեժ պայքարի ելեւեջների, թուրքական, ռուսական եւ միջազգային ուղղությունների վրա Հայաստանի հավանական նախաձեռնությունների մասին հարկ է խոսել: