ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Քաղաքական միտքը դարձյալ հետ մնաց ռազմականից. «մուղամների» համակարգը

Երեւան, «Եռաբլուր» պանթեոն հուլիս 20, 2020 | Gov.am

Անկախ տավուշյան անցքերում Հայաստանի նախաձեռնողականության աստիճանից, աչքի է զարնում պետական դրսեւորումների մեջ քաղաքականի եւ ռազմականի տարօրինակ հարաբերակցությունը: Ըստ ռեպլիկի հեղինակի, քաղաքականություն-պատերազմ հայտնի բանաձեւումը դեռեւս կիրառելի չէ Հայաստանի հանդեպ: Առավել եւս անբավարար է հեռանկարային ռազմավարական պլանավորումը: Բերված են փասթարկներ՝ դիտարկվում են պատճառները եւ հետեւանքները:

Տ

ավուշը հանրային օրակարգից դուրս մղեց Հայաստանի ներքաղաքական կյանքը: Առաջին հայացքից դա միանգամայն տրամաբանական և հասկանալի իրավիճակ է՝ երբ կա արտաքին վտանգ, ռազմական գործողություններ սահմանին, ապա ինչ ներքաղաքական կյանք, ում է դա հետաքրքիր: Մյուս կողմից, սակայն, այս իրավիճակը, որ Հայաստանում, իհարկե, առաջին անգամ չէ, ցույց է տալիս Հայաստանի ներքաղաքական օրակարգի և հանրային ու պետական օրակարգերի բնական խզվածությունը:

Այսինքն՝ երբ իրադարձությունները սահմանին, արտաքին-անվտանգային դաշտում ունենում են թեժ և ինտենսիվ զարգացում, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցներն իրենց ասելիքով և «հրատապ հարցերով» հայտնվում են լուսանցքում: Պարզվում է, որ պետական, հանրային օրակարգի այդ հույժ կարևոր՝ արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններով նրանք ասելիք պարզապես չունեն, կամ նրանց գերակշռող մեծամասնությունը: Խոսքը, իհարկե, քաղաքական ասելիքի բացակայության մասին է, քանի որ հայ-ռուսական բարեկամության մասին կենացներ նրանք միշտ էլ ասում են:

Այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերի համար չկա ներքին ու արտաքին քաղաքականության օրգանական կապակցում: Այսինքն՝ նրանց գործունեությունը ամբողջական չէ, նրանք լիարժեք քաղաքական միավորներ չեն, որոնք կոնկրետ, առարկայական ասելիք ունեն ոչ միայն ներքին սոցիալական, այլ նաև արտաքին, անվտանգային հարցերում:

Տավուշի դեպքերը հերթական անգամ ի ցույց դրեցին, թե հայաստանյան ներքաղաքական կյանքի, այսպես ասած, հիմնական դերակատարները որքան հեռու են հայկական պետականության ռազմավարական հնարավորությունների և մարտահրավերների բազայից, որքան անհամարժեք են այն խնդիրներին ու լուծումներին, որ ռազմա-քաղաքական իմաստով արձանագրում են Հայաստանի զինված ուժերը:

Ընդ որում, խոսքը միայն Տավուշի մասին չէ, քանի որ հայկական բանակը, իհարկե, տարբեր բնույթի և արդյունավետության, սակայն այդպիսի խնդիրներ և լուծումներ առաջադրել և իրագործել է նաև նախորդ տարիներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախում հակառակորդի սադրանքներին ի պատասխան, ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը:

Հայկական քաղաքական դաշտի ամբողջ խնդիրն այն է, որ դրան մասնակցությունը տեղի է ունենում պետականության վերաբերյալ հայեցակարգային պատկերացումների չձևավորվածությամբ, լոկ ֆոլկլորային մղումների տրամաբանությամբ

Ֆոլկլորն ու ամորֆ հայեցակարգը վճռորոշ, ճակատագրական փուլերում հանգեցնում են «քաղաքական մուղամների»՝ ռազմա-քաղաքական ազդեցիկ տեքստերի փոխարեն: Հայկական քաղաքական միտքը հերթական անգամ անդառնալի հետ է մնում ռազմականից, որովհետև քաղաքական մտքի սահմանը չի կարող լինել միայն ռազմա-քաղաքական բնույթի որոշումների կայացման շրջանակը: Այդ մտքի սահմանը պետք է լինի առավելագույնս լայն, հենց նույն անվտանգության բարձր աստիճանի հասնելու նկատառումներից ելնելով:


Հեղինակ՝ Արամ Ամատունի
1-ին լրատվականի բնագիրը