ՌՈՒՍԱՍՏԱՆ

Բիգանը նախնյաց Եվրոպայում. ԱՄՆ թոփ-բանագնացի քաղցրացող կենացները

Նախարար Լավրովը եւ փոխքարտուղար Բիգանը ԱԳՆ Սմոլենսկայա երկնաքերում   | USEmbRuPress

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի (Stephen Biegun) այցը Լիտվա, Ռուսաստան եւ Ուկրաինա համեմված է դիվանագետի կենսագրության հետաքրքիր մանրամասներով: Իր «լեհական արմատները» արդեն խոստովանած փոխքարտուղարը չի նշում, արդյոք դրանք միահյուսվում են Բոգեն-Բեգեն-Բեգուն տոհմերի արմատներին՝ մասնավորապես հասնու՞մ են լեհահպատակ Մեչիսլավ Բեգունին, որը տարիներ անց իր անունը հռչակով պսակեց արդեն որպես Մենախեմ Բեգին

Բ

եգուն ազգանունը կրող աշքենազի ընտանիքները հնուց բնակվում էին Ռուսական Կայսրության Գրոդնո-Մենսկ-Վիլնո, այժմ Մինսկ եւ Վիլնյուս, շրջաններում: Այժմ Բիգանը եկել է նախնյաց երկիր: Այս հանգամանքը միակը չէ, որ երանգ է հաղորդում նրա այցին: Սթիվեն Բիգանը կրթություն է ստացել Միչիգանի համալսարանի քաղաքագիտության եւ ռուսագիտության բաժիններում: Նրա կապերը Ռուսաստանի հետ սերտ են եղել դեռեւս 90-ականներից:

Բիգանի այցի կենսագրական մանրամասները, սակայն, կարեւորությամբ զիջում են նրա արեւելյան առաքելության քաղաքական բովանդակությանը:

Այցը ունի երեք երեւացող եւ մեկ թաքուն էջ կամ ուղղություն: Առաջինը Բելառուսի ճգնաժամն է, որ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի վիլնյուսյան տարագրումով ստացել է ընդգծված միջազգային-հումանիտար, իսկ բատկա Լուկաշենկոյի ջանքերով, նաեւ միջբլոկային դիմակայության բնույթ: Բիգանը եւ Տիխանովսկայան փոխանակել են փոխադարձ համակրանքի նշաններ եւ Բելառուսում դեմոկրատիա կառուցելու համատեղ վճռականություն արտահայտել: 

Ուշագրավ է, որ Բիգանը չի ծանրացել Բելառուսում Մոսկվայի բացասական դերակատարութան վրա, ԱՄՆ համար գերադասելով ճգնաժամի արտաքին «լեգալ» կառավարիչի կարգավիճակը: Սա ակներեւաբար տարբերվում է, օրինակ, Չինաստանի բացահայտ «բատկամետ» դիրքորոշումից:

Բիգանի այցի երկրորդ էջը առաջացել է հընթացս եւ կապված է Ալեքսեյ Նավալնու դիպվածի հետ: Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը Բիգանը սպառնացել է. եթե թունավորման փաստը հաստատվի ապա այնպիսի պատժամիջոցների են ընդունելու, «որոնց դիմաց մինչեւ հիմա եղածները խաղուպար կթվան»: Ռուսաստանը զգուշացվաել է նաեւ չմիջամտել Բելառուսի զարգացումներին:

Բիգանը արդեն ժամանել է Կիեւ, որտեղ սպասվում է, որ կհավաստի անսահման աջակցությունը նախագահ Զելենսկուն:

Այդուհանդերձ, Մոսկվայի համար առավել ցավալի զարգացումները հետեւեցին ամերիկյան բանագնացի թաքուն էջի շրջանակներում: Ընդունելով Բիգանին, Ռուսաստանը հույս էր փայփայում ազդել Վաշինգտոնի վրա 2019-ին իր ժամկետը սպառած Միջին եւ նվազ հեռահարության հրթիռների Պայմանագիրը երկարաձգելու հարցում: Սակայն Սթիվեն Բիգանի այցի ընթացքում Հանրապետական կուսակցության համաժողովում հայտնված պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց Պայմանագրից ԱՄՆ-ի վերջնականապես հրաժարվելու մասին: Սա նշանակում է, որ Մոսկվան կանգնում է սպառազինությունների լայնամասշտաբ եւ սնանկավետ մրցավազքի առջեւ, քանի որ վտանգվում է նաեւ Ստրատեգիական հարձակողական զինատեսակների հետագա սահմանափակման եւ կրճատման START/ՍՀԶ-3 պայմանագիրը:

Խառը՝ կիսաբալիստիկ եւ թեւավոր լիցքավորմամբ (ձախ «բաժակի» մեջ) Իսկանդեր-Մ համակարգը եւ Զոոպարկ-1Մ ռադարը   | sputnik

Միջին եւ նվազ հեռահարության զենքի դասին են պատկանում մասնավորապես Իսկանդեր համակարգերը, մանավանդ եթե բացի կիսաբալիստիկ հրթիռներից լիցքավորված են Կալիբր թեւավորի տարատեսակ հրթիռներով: Պոտենցիալ հնարավորությամբ նման համակարգեր կան Հայաստանի տարածքում թե ռուսական, թե հնարավոր է նաեւ հայկական իրավասության ներքո:

Այսպիսով, Ռուսաստանը բոլոր ուղղությունների վրա բախվել է ԱՄՆ բավականին մշակված դիրքորոշմանը, ինչը սպասելի էր նկատի ունենալով ԱՄՆ նախագահական մոտալուտ ընտրությունները: