ՀԱՅԱՍՏԱՆ

Արզումանյան. Հայ պետականության երեք տարր եւ երեք փուլ

Հրաչյա Արզումանյան (Ստեփանակերտ), դոկտորական թեզի քննարկմանը  | analiticon

Նախաքրիստոնեական շրջանի չպահպանված արքայական գրանցումների եւ վաղ քրիստոնեական եկեղացական կանոնադրությունների, հայկական պետականության հզոր համակարգերին, այդ թվում Հռոմեից Արեւելյան կայսրությանը (եվրոպական անվանումը՝ Բյուզանդիա) պատկանող, ինչպես նաեւ հին հռոմեականի վրա խարսխված քրիստոնյա-լատինականի, մի շարք միջինարեւելյան ներմուծումների, նույնիսկ մահմեդական շարիաթի իրավական սկզբունքների համադրությունը հանդիսացող Մխիթար Գոշի Դատաստանագիրքը (1184) կարելի է համարել օրենքի գերակայության սկզբունքը հայ ժողովրդի կողմից որդեգրելու վկայություն: 

Ժողովրդավարական քաղաքական համակարգի մշակված նմուշ է Պավլիկյան-Թոնդրակյան շարժումը (սկզբնավորվել է դեռեւս 7-րդ դարում), որը մի շարք հետազոտողների կարծիքով ուղեցույց հանդիսացավ արեւմտաեւրոպական քաղաքական եւ կրոնական ոլորտներում ավելի ուշ զարգացումների համար: 

Տեւական պատմական խզումից հետո Հայաստանի համար առավել քան հրատապ վերականգնողական խնդիր կա: Ամուր պետությունը՝ իրավականության, դեմոկրատիայի եւ, արդյունքում, էֆեկտիվ քաղաքական համակարգի անհրաժեշտ պայման է համարում քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը: Ահավասիկ, նրա մտորումները համակարգի երեք տարրերի փոխթափանցման, դիալեկտիկ փոխազդեցության եւ ժամանակային հաջորդականության մասին:


Գ

րեթե անձայն, կարծես ինքս ինձ հետ: Ինչու չխորհել այնպիսի երեք սկզբունքների մասին, որոնց ծավալումը ժողովրդին հնարավորություն է տալիս կառուցել կենսունակ, գործող քաղաքական համակարգ: Որ է. արդյունավետ, ուժեղ պետություն, պետության և ամբողջ հասարակության ենթակայությունը օրենքի գերակայության սկզբունքին և, վերջապես, պետության հաշվետվությունը հասարակության առջև:

Այս կամ այն ​​տեսքով նման տարրերի  զարգացումը կարելի է հեշտությամբ նկատել համաշխարհային պատմության ընթացքին:

Օրինակ՝ Չինաստանում ժամանակակից բյուրոկրատական ​​պետության սկզբունքը ի հայտ եկավ և ներդրվեց դեռեւս մեր դարաշրջանից առաջ: Օրենքի գերակայության ֆորմալ սկզբունքը կարելի է գտնել Առաջավոր Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպական միջնադարում: Հասարակության առջև պետության հաշվետվության սկզբունքը ավելի նոր երեւույթ է:

Այսինքն, մենք կարող ենք խոսել արդյունավետ քաղաքական համակարգի սկզբունքները մարդկության կողմից առաջադրելու և աստիճանաբար զարգացնելու մասին: Նախ գիտակցվեց ուժեղ պետության կարիքը, ապա օրենքի գերակայության սկզբունքը եւ նոր միայն՝ հասարակության առջև պետության հաշվետվությունը: Առանց ուժեղ պետության անհնար կլիներ առաջ քաշել և իրականացնել օրենքի գերակայությունը: Եւ միայն այս երկուսի հիման վրա կարելի էր հասարակության առջև պետության հաշվետվություն հուսալ:

Մխիթար Գոշ  | հեղ. Ղուկաս Չուբարյան (Չուբար), 1967

Բնականաբար հասկանալի է, որ տարրերը փոխկապակցված են և ազդում են միմյանց վրա, բայց միևնույն է, մենք պետք է խոսենք դրանց զարգացման և ձևավորման միանգամայն որոշակի հաջորդականության մասին:

Այո, դուք կարող եք հռչակել և օրենքով հաստատագրել բոլոր երեք սկզբունքները միաժամանակ, բայց նախ ստեղծում եք ուժեղ պետություն և միայն դրա օգնությամբ օրենքի գերակայությունը ստանում է առաջատար սկզբունքի կարգավիճակ: Եւ միայն այն դեպքում, երբ երկու խնդիրները լուծված են, դուք հնարավորություն եք ստանում իրականացնել հասարակության առջև պետության հաշվետվության սկզբունքը: Թվում է հենց այդպես է՝ ոչ այլ կերպ: Դա է վկայում տարրերի գիտակցման եւ ներդրման պատմական ժամանակագրությունը:

Այստեղ էլ ձեւավորվում է իմ մտորումների հիմնական կորիզը: 21-րդ դարում մենք ունենք հայկական թույլ պետություն: Ավելին, մենք տեսանք, թե ինչպես է խորհրդային ժառանգության կաղապարը մասնավորեցվում եւ ոչնչացվում օլիգարխիայի կողմից: Մենք կարողացանք կանգ առնել միայն աղետի եզրին հասնալով, երբ պետությունն ու քաղաքական ինստիտուտները խժռվում էին ընտանիքների սահմանափակ խմբակի կողմից՝ ազգային և հանրային նյութական բարիքների յուրացմանը զուգահեռ:

Արդյունավետ, ուժեղ պետություն, պետության և ամբողջ հասարակության ենթակայությունը օրենքի գերակայության սկզբունքին և պետության հաշվետվություն հասարակության առջև

Անհրաժեշտ է հայ ժողովրդին վերադարձնել հայկական պետությունը և պետականությունը: Թավշյա հեղափոխությունից հետո ի հայտ եկող նոր իշխանական էլիտայի առաջնային խնդիրն է սա: Այլապես հեղափոխությունը ոգեւորիչ կարգախոս էլ կմնա, արագորեն մսխելով իր իսկ սկզբնական նվաճումները:

Այսու, անհրաժեշտ է լուծել հայկական պետությունը որակապես ամրապնդելու խնդիրը, և մինչև դրա ուժեղանալը, մյուս երկու սկզբունքների կայացման շատ քիչ հույս կա: Ավելին, անհնար կլինի խոսել ոչ միայն սկզբունքների փոխազդեցության, այլև սիներգիայի մասին, որը հնարավորություն է տալիս հասնել հասարակության, ընդհարապես՝ մարդկանց որակական վերափոխմանը:

Չմոռանանք, որ հայության պարագային մարդկանց 80% ապրում է հայկական պետականության սահմաններից դուրս, ուստի պետք է խոսել ավելի բարդ խնդրի մասին: Բայց բոլոր դեպքերում ամեն ինչ սկսվում է պետությունը ժողովրդին վերադարձնելուց ու դրա հզորացումից:

Եզրակացություն. կարելի է խոսել 21-րդ դարում ուժեղ Հայաստան կառուցելու հաջորդ փուլերի կամ հանգրվանների մասին:

1. Սեփականաշնորհված հայկական պետականության վերադարձը ժողովրդին

2. Հայկական պետականության ստեղծում հանուն ժողովրդի

3. Արդյունավետ քաղաքական համակարգի մնացած երկու սկզբունքների ձևավորում:

4. Մի տեսակ որակական թռիչքի, սիներգիայի ձեռքբերում, որ թույլ է տալիս իրականացնել հայ ժողովրդի խնդիրների լուծումը իր պատմական ներկայության տարածաշրջանում և, ընդհանրապես, միջազգային ասպարեզում: