Ընտրված նախագահ Ալեքսանդր «Բատկա» Լուկաշենկոն, խոսելով ՆԱՏՕ-ի, ինչպես ինքն է գնահատում, սպառնալիքի մասին, կապել է այն Մեծ Հայրենականի առաջին ամիսների պատմությանը, որը սերտորեն առնչվում է նաեւ հայ ժողովրդի ճակատագրին
Ն
ԱՏՕ խոսնակ Օանա Լունգեսկուն պատասխանել է սպառնալիքի մասին Լուկաշենկոյի մեղադրենքներին: «ՆԱՏՕ-ի Բալթյան դաշնակիցների տարածքում մեր տեղակայումը պաշտպանողական բնույթ ունի, բացի այդ դրանք նախորդել են Բելառուսի ճգնաժամին», – ասել է Լունգեսկուն:
Արդար լինելու համար նշենք, որ Ռուսաստանը նույնպես, դեռեւս մինչեւ Բելառուսի նախագահական ընտրությունները մարտական պատրաստականության լայնածավալ ստուգումներ է իրականացրել Ուլյանովսկի օդային դեսանտի միավորման եւ բելառուսական ստորաբաժանումների ուժերով, իսկ ճգնաժամի սկզբնավորումից ի վեր Բրեստում ընթանում են Կուբինկայի Հատուկ նշանակության օդային դեսանտի առանձին գվարդիական միավորման մարտիկների եւ բելառուս զինվորականների համատեղ վարժությունները «մարտեր քաղաքային միջավայրում» ծրագրով: Հղկվում են պարաշուտային եւ ոչ պարաշուտային դեսանտային գրոհների սցենարները:
Ասել կուզի, «դա դեռ մինչեւ ճգնաժամն էր» արդարացումը թե ՆԱՏՕ, թե Ռօւսաստանի կողմից առանձնապես հիմնավոր չէ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները արևմտյան սահմաններին սպառնացող վտանգի մասին պարունակում են իր երկիրը որպես «դեպի Ռուսաստան տրամպլին, ցատկատախտակ» օգտագործելու ուշագրավ բնորոշում: Այս բնորոշումը ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության պարզ տրամաբանությունից դուրս է գտնվում: Ինչի՞ համար է այն արտաբերել Մինսկի կառավարիչը:
«Բատկան» համեմատել է ստեղծված իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակի հետ՝ այս համատեքստում նշելով Ադոլֆ Հիտլերին: «Նրանք [Արևմուտքը] Բելառուսի կարիքը չունեն: Բելառուսը ցատկահարթակ է, ինչպես միշտ, դեպի Ռուսաստան: Բայց ոչ այնպես, ինչպես Հիտլերը իր «Կենտրոն» բանակը նետեց Մոսկվայի վրա: Տեխնոլոգիաները հիմա այլ են», – ասել է նա:
Այստեղ հարկ է նշել, որ դեռեւս 2019-ին, Ղազախստան այցելելիս, Լուկաշենկոն անվանել էր Մեծ Հայրենականը «ուրիշի [ոչ Բելառուսի] պատերազմ», բացի Երկրորդ Աշխարհամարտից նա նկատի ուներ նաեւ Նապոլեոն Բոնապարտի արշավանքը դեպի Մոսկվա: Լուկաշենկոն գանգատվել էր «բելառուսների անտեղի զոհերից» հանուն «ուրիշի շահերի»: Նույն թեզը Բելառուսի ղեկավարը ԵԱՏՄ վեհաժողովի առիթով Երեւան գալով հրամցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով «ես տեղյակ եմ, որ դուք էլ մեծ դարդի մեջ եք Հայրենականի ձեր հսկայական զոհերի կապակցությամբ»:
Լուկաշենկոյի հակառուսական մինսկյան պասաժը Հիտլերի հիշատակմամբ չի ավարտվել: Գտնվելով ծայրահեղ երերուն կացության մեջ, բատկան այդուհանդերձ չի զլացել ասել, թե «այնտեղ [Ռուսաստանում] սիրում են կրկնել թե մեզ անընդհատ «օգնում» են: Ոչ միայն մեզ են օգնում, պարզ ասեմ՝ նույնիսկ ոչ այնքան մեզ են օգնում, որքան ինքները իրենց»:
«Բատկայի» բազմանշանակ ռեպլիկները հատուկ կշիռ են ձեռք բերում Բրյուսելի եւ անձամբ Էմանուել Մակրոնի առաջարկի կապակցությամբ: Լուկաշենկոն ցանկանում է պահպանել իր միջանկյալ եւ ինքնուրույն դիրքը: Ըստ Մակրոնի, նախագահ Պուտինը դրական է արձագանքել Բելառուսի խնդիրը ԵԱՀԿ հարթակ տեղափոխելու առաջարկին, մինչդեռ Լուկաշենկոն համաձայնել է «առանց մասնակի խանդավառության»:
Եվրոպական մամուլում Ռուսական կայսրության արեւմտյան ծայրամասերի հանդեպ «լիմիտրոֆ»՝ սահմանային կիսանկախ պետություն հնամենի բնորոշման վերակենդանացումը վկայում է ժամանակակից Ռուսաստանի արեւմտյան դարպաս Բաելառուսի խիստ անապահով վիճակը: Ընդ որում, որքան ավելի է ընդգծվում Ռուսաստանի ներգրավվածությունը ճգնաժամին, այնքան այդ անապահովությունը ավելի է տարածվում բուն Ռուսաստանի վրա: Նման պայմաններում մասնակից կողմերը գերադասում են վարել առավելապես դիրքային մանեւրումներ:
Բելառուսական ճգնաժամի Մինսկ-Մոսկվա առանցքի վրա առկա եւս մեկ՝ ռազմա-տնտեսական բարդությանը կանդրադառնանք եւս: