ՆԱՏՕ եւ Ռուսաստանի ռազմական պատրաստությունները սովորաբար դիտվում են իբրեւ հարմար պահի Բելառուսի ճգնաժամին միջամտելու միջոց: Մեկնաբանները նկատի ունեն ռեժիմի փոփոխության կամ ընդհակառակը՝ այս կամ այն ձեւով պահպանման նպատակը: Կա, սակյն, կողմերի ուղիղ ռազմական հետաքրքրության մի առարկա, որի մասին մերթընդմերթ հիշատակում են, բայց շշուկով
Ո
րո՞նք են բաց աղբյուրների տրամադրած տվյալները: Իբրեւ հետախուզական ակտիվություն խոսվում է ՆԱՏՕ AWAKS, ԱՄՆ RC-135, շվեդական Գոլֆստրիմ, դանիական Չելենջեր հետախուզական օդանավերի եւ գերմանական պարեկաին Р-3С Օրիոնի գործադրման մասին: Կան զեկույցներ Բալթյան նորանկախ երկրներում՝ լիմիտրոֆներում ՆԱՏՕ ցամաքային եւ օդային ուժերի կուտակումների մասին: Միաժամանակ ասվում է Պսկովի, Ուլյանովսկի եւ Կուբինկայի ՌԴ օդային դեսանտի միավորումների մարտական պատրաստությունների մասին:
Կարելի է ենթադրել, որ երկկողմ ակտիվության նպատակը ոչ այնքան մայրաքաղաք Մինսկում միջամտելն է, որքան Բելառուսում գտնվող ՌԴ ԶՈՒ եւ Նավատորմի հետախուզման եւ կառավարման երկու գաղտնի օբյեկտների նկատմամբ վերահսկողություն հաստատելը: Անշուշտ, եթե իրադրությունը Բելառուսում թեժանա մինչեւ անկառավարելի աստիճան:
Օբյեկտներից առաջինը Վոլգա տեսակի թվային ռադարն է Բարանովիչի քաղաքի մերձակայքում, որը զգուշացնում է օվկիանոսից այն կողմ միջուկային զենք կրող ռազմավարական հրթիռների արձակման մասին:
Երկրոդ օբյեկտը պակաս կարեւոր չէ. դա ՌԴ Ռազմածովային նավատորմի սուզանավերի հետ կապի Անտեոս տեսակի հաղորդիչ կայանն է Վիլեյկա բնակավայրի մերձակայքում: Այս երկրորդը, ինչպես եւ Վոլգան կարեւոր օբյեկտներ են եւ այլ վայրերում գտնվող նմանակներով կարող են փոխարինվել միայն ՌԴ անվտանգութան համար որոշակի կորուստների գնով:
Վիլեյկայի հաղորդիչ կայանը, որ իր երկվորյակների հետ մեկտեղ իրականցնում է կոդավորված հաղորդումների արձակում մթնոլորտի վերին շերտերից անդրադարձող եւ համաշխարհային անծայրածիր օվկիանոսի ջրերի խորքը թափանցող գերերկար ռադիոալիքների միջոցով, ունի մի որոշիչ առանձնահատկություն: Այդ հաղորդիչ կայանի վայրը չափազանց նպաստավոր է իր աշխարհագրական եւ գեոֆիզիկ չափանիշներով՝ մինչեւ ստորջրյա վիճակում ատոմային սուզանավերը ռադիոալիքների հասանելիության տեսանկյունից:
Երկու կայանների շինարարությունը եւ մարտական հերթապահության անցնելը բարդացված էին մի շարք խոչընդոտներով: Բելառուսը լրացուցիչ վարձ էր պահանջում թե օբյեկտների շահագործման դիմաց, թե բելառուսական արտադրության էլեկտրոնային սարքավորումներով հագեցնելու համար: Կայանները մեկ անգամ չէ, որ դարձել են Բելառուսին Ռուսաստանի կողմից տրամադրվող տնտեսական դյուրությունների շուրջ անթաքույց «առուծախի» առարկա:
Ամենեւին բացառված չէ, որ քաղաքական պոկերի անգերազանցելի վարպետ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը նույնիսկ սուր ճգնաժամի պայմաններում անվարան առաջադրում է իրարամերժ գաղափարներ, երկու հույժ կարեւոր օբյեկտները շահարկման լծակ դարձնի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հանդեպ միաժամանակ:
Բատկայի ոճը հիշեցնում է երեւանյան վարորդների սովորությունը. մեքենան վարել շարժման ուղիների բաժանիչ գծի ճիշտ վրայով՝ աջ կամ ձախ ուղին անսպասելի զբաղեցնելու մշտական պատրաստակամությամբ
Անշուշտ, մեծ ռիսկ պարունակող խաղ է սա, սակայն Բատկան 26 տարի շարունակ դրանով էլ զբաղված է, ապահովելով իր ժողովրդի համար համեմատաբար բարեկեցիկ կյանք: Խնդիրն այն է, որ ստվար զանգվածների շարժումը միշտ չէ որ ենթարկվում է սոցիալական ռացիոնալ բացատրության: Չարժե թերագնահատել «ժամանակ» եւ «սերունդ» կոչվող գործոնների նշանակությունը: Անսասանը երբեմն սասանվում է՝ Հայաստանը վկա: