ՌՈՒՍԱՍՏԱՆ

Բեսլան. Մարդիկ կարեկցանք են գտնում ամենուր, բացի Կրեմլից

Այժմ բժիշկ դարձած բեսլանցի Գեորգի Իլյինին պատկերող Բեսլանի ճիչը արձանը: Սան Մարինո, իտալական Ռիմինիից ոչ հեռու, հեղ. Ռենցո Վանդի | politikus

Հյուսիսային Օսիայում, ականատեսների վկայությամբ, չափազանց զգայուն են Նախագահ Պուտինի՝ Բեսլանի ողբերգության զոհերի ոգեկոչմանը մասնակցելու հավանականության նկատմամբ: 16 տարի է ինչ այդ հավանականությունը իրականություն չի դառնում: Դրա համար կան լուրջ պատճառներ

Բ

եսլանում համոզված են, որ Մոսկվան թաքցնելու բան ունի հարյուրավոր հիմնականում մանկահասակների մահվան հանգամանքների խնդրում: Մասնավորապես, ականատեսներ կան, որ կյանքերը խլած պայթյունը իրականցրել են դաշնային ղեկավարության կողմից հրահանգ ստացած զինվորականները: ՌԴ պաշտոնական քարոզչությունը տարեցտարի կրկնում է միեւնույն վարկածը. ռումբը պայթեցրել են չեչեն ահաբեկիչները: Այս տարի էլ հնչեց նույն վարկածը, իսկ հիշատակի օր սեպտեմբեր 3-ի կեսգիշերին ռուսական պետական ալիքով ցուցադրվելու է իշխանությունների գործողությունները արդարացնող հերթական վավերագրական ֆիլմը:

Մարդկանց անտեղի ակնկալիքները փարատելու համար ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ստիպված է վաղօրոք եւ հատուկ անդրադառնալ  Վլադիմիր Պուտինի Բեսլան այցելության հնարավորությանը: «Նախագահը չի ուղեւորվելու Բեսլան: Ողբերգությունը նրա սրտում է այնպես, ինչպես Ռուսաստանի բոլոր բնակիչների սրտերում»:

Օսերը արտաքուստ ընդգծված զուսպ են ընդունում թե՛ երկրի ղեկավարի ձգձգված բացակայության փաստը, թե՛ պաշտոնական վարկածի ակնհայտ անբավարար լինելը: Իրականում, կորուստների կսկիծին գումարվում է ներքին ցասումը:

Այսպես, ողբերգության 16-ամյակին նվիրված հատուկ կոնֆերանսին մասնակցած Հյուսիսային Օսիայի-Ալանիայի հանրապետության ազգամիջյան հարաբերուտյունների նախարար Ասլան Ցուցիեւը ասել է. «Պետությունը պետք է ամոթ զգա պատահածի համար եւ պետությունը մեղսակից է պատահածին»: Պաշտոնական մակարդակի վրա այսպիսի ամբաստանություններ անցած բոլոր տարիների ընթացքին հնչում են առաջին անգամ: 

ՌԴ նախագահի շարունակական բացակայությունը Բեսլանում այս տարի համընկել է մեկ այլ հանգամանքի հետ: Մոսկվան միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հանդիսավոր օր է սահմանել սեպտեմբերի 3-ը: Սեպտեմբեր 3-ը Օսիայում հիշատակի օր է: 75 տարի հաղթանակի օրը սեպտեմբեր 2-ն էր՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Սակայն Կրեմլը այլեւս չի ցանկացել նշել հաղթանակը ԱՄՆ, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իր երբեմնի դաշնակիցների հետ միասին:

Կրեմլի վիրավորական վերաբերմունքը էլ ավելի է սրել իրադրությունը կովկասյան հանրապետությունում. բոլորը հրաշալի հասկանում են, թե հաղթանակի նոր օրվա նախաձեռնությունն անձնապես ումն էր: Ամեն սեպտեմբեր 3-ին «Հրեշտակաց քաղաք» կոչվող հուշագերեզմանատուն այցելող մարդիկ, այդ թվում տեղի հայերը, շիրիմներին են տանում ջրով լի շշեր, որպես նվիրաբերություն երեք օր ծարավից տառապած երեխաներին: «Անմահ գնդերի» տգեղ պչրանք ու ցուցամոլություն խրախուսող կայսերական կենտրոնին, անշուշտ, անհասանելի է նման զուսպ նշանների խորհրդը:

Եղբայր օս ժողովրդին վշտակցելով, հիշենք թերեւս ոչ պատահական մի հանգամանք: Բեսլանում, իսկ մինչ այդ 1995-ին նաեւ հայկական նախկին Սուրբ Խաչ՝ այժմ հայ ժողովրդի բոլշեւիկյան դահիճներից, ինչպես պարզվում է, ամենակարեւորի անունը կրող Բուդյոնովսկ քաղաքում ահաբեկիչների ջոկատներին տեղական մակարդակով զինված դիմադրություն միակ ցուցաբերողները քաղաքացիական եւ իրավապահ ծառայող հայերն են եղել: Նրանք ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ժամանակ շահելով բանակային եւ հատուկ ստորաբաժանումների կենտրոնացման համար: