Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի մտքերն են «Միացում» կարգախոսի, գաղափարի եւ գործընթացի անավարտ վիճակի շուրջ: Փոքր եւ մեծ Միացումների բացակայությունը հեղինակը համարում է Երեւանում փոփոխության անհրաժեշտության ցուցիչ՝ առայժմ առանց բուն փոփոխության մատնանշման: Այդուհանդերձ, ուշագրավ է Երեւանի՝ որպես հայության կենտրոնացած կամքի միակ հավաքատեղիի ընդգծումը
Մ
տորումներ ամառվա վերջին օրը վաղ առավոտյան՝ դեպի համակարգիչ տանող ճանապարհին:
Կա քար նետելու ժամանակ և կա հավաքելունը, ասում է Սողոմոն անունով արևելյան իմաստունը: Երկու հազար տարի շարունակ Հայաստանը հողեր էր ցրիվ տալիս, ժողովուրդ սերմում, մինչև 21-րդ դարի սկզբին հայտնվեց Արարատի ստորոտում՝ երբեմնի փառահեղ հայ քաղաքակրթության մի բեկորից կառչած: Բոլորիս հավաքվելու ժամանակն է եւ Հայաստան հավաքելու ժամանակը, – ասում է մեզ հայ բանաստեղծը: «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութունը քո հավաքական ուժի մէջ է»:
Մնում է խազել Բարձրիկ Հայաստանում բանաստեղծի շուրթերով ասածը հոգևոր, գաղափարային, քաղաքական և այլ ասպարեզների վրա: Այս դեպքում, Միացումի (վերամիավորման) գաղափարը և գործընթացը պետք է մեկնաբանվի ավելի լայն և խորը, քան ընդունված է: Անհրաժեշտ է խոսել փոքր Միացումի (Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ) և ամբողջ հայ ժողովրդի մեծ Միացումի մասին: Այդպես՝ ամբողջ:
Վերադարձնե՛նք հայ քաղաքակրթության ձգողության տիրույթ այլ մշակույթների և քաղաքակրթությունների երկար ու ձիգ ճամփեքն անցած եւ փորձ ու գիտելիքով հարստացած մեր հատվածներին: Մեկ հատվածը մյուսի հետեւից՝ հազարամյակների ընթացքում ձեռք բերված գույների և երանգների ողջ բազմազանությամբ և հարստությամբ:
Անշուշտ, չափազանց դժվար կլինի: Շատերը վստահ կլինեն, թե դա պարզապես անհնար է: Վկայակոչելու են անգամ մի փոքր Միացումն ավարտին հասցնելու հայ ժողովրդի անկարողությունը: Բայց այստեղ խնդիրը հայ ժողովրդի հավաքական կամքի բացակայությունը չէ: Մենք 1980-90 սահմանին կարողացանք հասնել Անկախության հռչակագրին, այնուհետև՝ 2018-19 թվականներին, երբ վերածնվեց «Միացում» կարգախոսը, հայ ժողովուրդը Ստեփանակերտում լսեց Հայաստանի ղեկավարի շրթերից «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Գործընթացը անավարտ է մնում, և պատճառներն, իհարկե, ավելի խորն են, քան հայ իշխանավոր վերնախավերի հատվածականությունը, մանր վեճերը և այլն: Ինչու՞ մեզ չի հաջողվում ավարտել Փոքր Միացումը որպես Մեծ Միացումի երկար ուղու առաջին քայլ: Ի՞նչ կա հայ ժողովրդի ներսում, ավելի ճիշտ՝ նրա վերնախավի խորքում, որ խանգարում է դրա ավարտին: Ի՞նչն է խանգարում: Ակներեւ է, որ խնդիրը ներքին է:
Կարծում եմ, այս հարցերը հիմնարար են Հայաստանի ապագայի համար: Եւ պատասխանները պետք է փնտրել Երեւանում՝ հայ ժողովրդի մայրաքաղաքում, այլ ոչ Արցախում, Նախիջեւանում, Սասունում կամ այլուր: Սրանք Հայաստանի մայրաքաղաքի խնդիրներն են՝ մարդկանց ու հողերը հավաքելն ձեռնարկելու նրա դժկամության ու անկարողության: Համենայն դեպս, իմ հիշողության մեջ երկու անգամ հենց Երևանն էր, որ մերժեց փոքր Միացումը, և դա ոչ մի կերպ հնարավոր չէ պատահական անվանել:
Սա հայ ժողովրդի մայրաքաղաքում որակական փոփոխությունների անհրաժեշտության ցուցիչ/ախտանիշ է: Հարց է՝ ինչպիսի՞ փոփոխությունների:
Հրաչյա Արզումանյան, ֆեյսբուքի բնագիրը՝ այստեղ