ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Եթե չես կռվում քո հայրենիք Իդլիբում՝ Իդլիբն է կռվում քո հայրենիք Արցախում

Ստեփանակերտ, 2020 | RIA

 

Հոկտեմբեր 10-ի հրադադարի մասին եռակողմ Հայտարարությանը հետեւած ռուսական վերլուծական մեկնաբանությունները հանգում են հայերին ուղղված կոչին. «Դուք բոլոր հողերը հանձնե՛ք, հետո ինչ-որ ստատուս գուցե տան»: Հայերի մասին ի՞նչ պատկերացումներով են առաջնորդվում հատուկ ծառայություններին սպասարկող մոսկովյան թինք-թենքերը, այլ կերպ ասած, ուղեղային կենտրոնները

.

Վ

երաբերմունքի հիմքում երեք տասնամյակի ընթացքում ձեւավորված այն կարծիքն է, որ ինչ-ինչ, դարերի խորքից նայող պատճառներով հայերը ընդունակ չեն ադեկվատ ընկալել երկարաժամկետ եւ միջնաժամկետ մարտահրավերները եւ հնարավորությունները: Որոնք են այսպիսի կարծիքի փաստարկները եւ կա՞ն արդյոք: 

Ցավոք կան եւ դրանք, գրեթե, գաղտնիք չեն:

Առաջինը, ինչի վրա են հենվում մեր բարեկամները, այն  տարակուսանքն է, թե ինչու հայերը արդեն 25 տարի է ոչ ճանաչել են Արցախի անկախությունը, ոչ էլ որեւէ հարմար մոդելով միացրել այն Հայաստանի Հանրապետությանը:

Երկրորդ տարակուսանքն է, թե ինչու՞ են հայերը անտարբեր մնացել ՌԴ 2015-ի հրավերին՝ մասնակցել Թուրքիայի դեմ պատժիչ գործողություններին իրենց հայրենիք Աղեքսանդրեկում, որը մեր մարդկանց ավելի հայտնի է որպես Մուսա Լեռան շրջան: Սա հայերի հայրենիքն է՝ ռուսներինը չէ:

Ցանկություն չունե՞ր դեռեւս 1994-ին հաղթանակած եւ ցեղասպանության զոհի կենսակերպը մի կողմ վանած հայ զինվորը Կիլիկիո ճամփեքի փոշին լվալ իր կոշիկներից Միջերկրականում: Նշանավոր Հայոց ծոցի ջրերում, որ հիմա էլ փրփրուն խորխորատում հանգչող հայկական նավերից մերթընդմերթ երես է հանում հին ոսկե դիրհամներ:

Իսկ 1915-ից անշիրիմ հարյուր հազարավոր սպիտակին տվող ոսկորները չէ՞ին կանչում հայերին: Չէ, ուխտագնացության չէ՝ կռվի: Հսկայական աճյունասափոր դարձած Դեր Զորի ավազուտները չէ՞ին կանչում հայ զինվորին անմեղ նահատակների վրեժը լուծել թուրքից ոչ Բեռլինում, Թիֆլիսում կամ Բուխարայում, այլ հենց Մեծ ոճրի վայր Դեր Զորում: Դա անզուգական ռանդեւու կլիներ՝ 100 տարի անց Էրդողանի երազած օսմանյան մեծ եզերքում:

Հայ զինյալը պիտի ժամանակակից Սիրիայում լիներ  ոչ որպես անհատ վրիժառու, այլ իբրեւ Դանուբոսի ու Բոսֆորի ափերից մինչեւ նույն Դեր Զորի արաբական ավազուտներ երեք հազարամյակի պատմության մեջ ամենահզոր հռչակված, այրուձի թե ծովային՝ հայոց կանոնավոր բանակ:  

Իրոք, տարակուսելի է: Մանավանդ բացի պատմական եւ հոգեբանական խորհրդից այդ գործողության մեջ կար ռազմագիտական հստակ ռացիո: Սիրիայի պատերազմը մինչ այժմ ծավալվածների մեջ առավելագույնս է համապատասխանում տեխնոլոգիաների 5-րդ կացութակարգին: 

Ռուսական ռազմանավերը ուղղվում են Հայոց Ծոց, Լատակիա, Սիրիա, 2016 | RT

ԱՄՆ, Ռուսաստանի, Իսրայելի եւ Թուրքիայի զինված ուժերը հիմնականում համապատասխանում են այդ աստիճանին: Տեխնոլոգիայի կացութակարգի փոփոխությունը անճանաչելի ձեւափոխում է մինչ այդ գոյություն ունեցած մարտի ծավալման եղանակները՝ այն է, տակտիկան կամ մարտավարությունը: 

Իր հերթին նոր մարտավարությունը ազդում է տեխնոլոգիայի կատարելագործման վրա, ինչը շատ հետազոտողների կարծիքով, պատերազմը դարձնում է կացութակարգերի հերթափոխի հիմնական շարժիչ:

Հայկական զինուժի հատուկ ստորաբաժանումների եւ, նույնիսկ, զորատեսակների մասնակցությունը Սիրիական պատերազմին, անշուշտ ոչ առանց մարդկային կորուստների, անփոխարինելի փորձ կլիներ արդիական կացութակարգին համապատասխանելու իմաստով: Նկատի ունենանք, որ հայերի հակառակորդը Թուրքիայի կանոնավոր բանակն ու զինյալների թուրքածին խմբերը պիտի լինեին: Նույն դերակատարների դեմ էր լինելու կռիվը ինչ Արցախում, բայց օսմանյան տարածքի սրտում, մեր ներկայիս սահմաններից հեռու եւ որպես այդ սահմանների պատնեշ:

Ռուսական զինվորական պարեկ Դեր Զորում, 2016 | RT

Անմիջական շփում էր տեղի ունենալու մասնավորապես թուրքական Bayraktar անօդաչուների եւ F-15, F-16 օդանավերի գործողության, ՀՕՊ եւ ՌԷՊ վերահսկողության գոտիներում: Հայ Զինուժի ստորաբաժանումների 4-5 տարվա մարտական հերթափոխը ՌԴ զինուժի բանակային զորաշարվացքներում առաջացնելու էր բացի քաղաքական հավելյալ փոխադարձ վստահությունից նաեւ հայ-ռուսական զինվորական աննախադեպ ներդաշնակեցում:

Կարելի է վստահաբար պնդել, որ արդիական մակարդակի բանակը հետ էր պահելու թե թուրքերին, թե հրեաներին, թե մերձկասպյան նորելուկներին Հայաստանի հետ Արցախի սահմանին կամ Տավուշում մարտական որեւէ արկածախնդրությունից: Հայկական կողմի ռազմական նախաձեռնությունը, ընդհակառակը, տեխնիկական եւ մարտավարական տեսակետից կաշկանդված չէր լինի ոչնչով:

Սիրիական մարտահրավերից խուսափելը՝ ՀՀ իշխանությունների գոյութենական ծանր հետեւանքներ առաջացրած ռազմավարական կոպիտ սխալ է: Տեղին է հարցնել. Սիրիայում Հայաստանի չեզոքությունը որեւէ կերպ հատուցվել է ԱՄՆ կողմից: Անշուշտ ոչ. բարձր մակարդակի ոչ մի շփում իսկ չկա: Փոխարենը ունենք 2016 եւ հիմա՝ 2020:

Մոսկովյան գործընկերների երրորդ տարակուսանքը վերաբերում է արդեն հեռավոր 1993-ի աշնանը, երբ Գամսախուրդիայի արկածախնդրությունը դադարեցնելու նպատակով Վրաստան զորք մտցնելու՝ Եդուարդ Շեւարդնաձեյի Հայաստանին ուղղված կոչը մերժվեց: Վրացիների 1920-ի եւ 1945-ի հակահայ գործողությունների հատուցումը դեպի Բաթում էքստերիտորիալ ուղու եւ Ջավախքի տեսքով ստանալու բացառիկ հնարավորությունը անտեսվեց «դարավոր բարեկամությունը չվնասելու» անշրջահայաց պատճառաբանությամբ:  

27 տարի անց միայն կարելի է լիովին գնահատել Վրաստանում չմիջամտելու ռազմավարական կոպտագույն սխալի գոյութենական հետեւանքները

Կարճ անդրադառնալով այս երեք տարակուսելի դիպվածների պատճառներին, ասենք միայն, որ ակունքը մեկն է. ժողովրդի վիճակը: Ցեղասպանություն ապրածի հոգեբանական վնասվածքը, տրավման եւ իր պատմական կենսատարածքի հեռավոր անկյուն քշվածի ընդգծված գավառական, ինքնամեկուսացման միտված մտածողությունը: Ղեկավարները նույն ժողովուրդն են ներկայացնում, օտարազգի չեն:

Այժմ, երբ ասպարեզ է իջել նոր սերունդ, վերջինիս եապես տարբեր հոգեվիճակի եւ նախորդ սերունդները ներկայացնող ղեկավարության մտայնությունների աններդաշնակությունը լուրջ խնդիր կարող է դառնալ: Պատմական զարգացմամբ պայմանավորված ակնհայտ ջրբաժան կա, որ պետք է եւ կարելի է հաջողությամբ հաղթահարել:

30 տարվա ետխորհրդային էպոխայի ոչ ադեկվատ որոշումների կումուլատիվ, կուտակային ազդեցությունը ներկայի վրա, ինչպես տեսնում ենք, խիստ մտահոգիչ է: Տարակուսանքի նոր, ակնհայտ առարկա է 1921 թվականին ձեւավորված խորհրդային իրողության շրջանակներից դուրս չգալու մեր համառությունը: 

Մեր նկարագրածը մեծ մասամբ անցյալին վերաբերող դիտողություններ են: Ոչ մի կասկած չունենք, որ պատերազմական իրադրությունը միայն խթանում է մեր ժողովրդի եւ պետության վճռականությունը կայացնել ռազմավարական ճշգրիտ որոշումներ եւ իրականացնել դրանք:

  |