ՀԱՅԱՍՏԱՆ

Անցյալի Հայաստան, անցյալի Ռուսաստան. Թարմությունը կորցրած դեմքեր Երեւանում

Պատկեր-հուշ |

 

Ռուսատյաց Մերձբալթիկա, երկդիմի Բելառուս, ռումինամետ Մոլդովա, թշնամի Ուկրաինա, թշնամի Վրաստան, նավթագազային Բաքու, նավթագազային Թուրքմենստան, չկողմնորոշված Ուզբեկստան, նավթագազային Ղազախստան, չինամետ Տաջիկստան, թուրքամետ Ղրղզստան: Եւ ամերիկամետ Հայաստան: Ինչ առնչությու՞ն ունեն անցյալի հայ նախագահները այս պատկերի հետ: Անշուշտ, անմիջական

.

Ա

յո, այսպիսին է Հայաստանին Մոսկվայում փակցված պիտակը: Իբրեւ փաստարկ կրկնում են Սորոս, Նժդեհ, Նժդեհ, Սորոս, նորից Նժդեհ՝ ընտրությոնը մեծ չէ, սակայն ռուսական հանրությունը առանձնապես սովոր էլ չէ ընտրության: «Ռուսաստանը թշնամիների օղակում» պաշտոնական կարգախոսը միակն է, որ մնացել է «Հաղթանակ 75» կարգախոսի սպառումից հետո: Գաղափարային վակուումը նույնքան ակներեւ է, որքան ակներեւ էր կոմունիզմի կրախը 1990-ին: Ինչպե՞ս ձեւավորվեց Հայաստանի դերը «անցյալի Ռուսաստանի» այս պատկերի վրա եւ որն էր հայ նախագահների լուման:

Ինչպես դարձավ անցյալ Ռուսաստանը

«Ամենուրեք որքան սիրտդ ուզի թշնամի կա» անկեղծության պահին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա 2014-ի Սոչիի Օլիմպիադաի բացման օրն էր: Սրտաուզելիքը շատ շուտով իրողություն դարձավ: Պայթեցվեց Ուկրաինան: Կիեւում հատուկ առաքելությամբ գտնվող ՌԴ նախագահի հանձնակատար Վլադիմիր Լուկինը Մոսկվայի հրահանգով հրաժարվեց ստորագրել դրության կարգավորման մասին պատրաստի համաձայնությունը արեւմտյան ներկայացուցիչների հետ: Չունենալով գաղափարային որեւէ հենք, Մոսկվան գերադասեց Ղրիմի եւ Դոնբասի ձեռքբերման «նաղդը»:

Արդյունքում ամբողջ պարագծով «ռուսական աշխարհից» օտարացած արվարձանները միտումներ դրսեւորեցին կազմակերպելու ինքնուրույն խմբավորումներ: ՆԱՏՕ-ն Մերձբալթիկայում է, դրա հովանու ներքո  ուրվագծվում է Բալթիկայից մինչեւ Սեւ Ծով ձգվող լեհամետ կուռ գոտու պատկերը: Մոլդովան ձգվում է դեպի Ռումինիա: Թիֆլիսն ու Բաքուն ՆԱՏՕ-ական Թուրքիայի դե-ֆակտո գավառներ են: Նույն Թուրքական հովանին տարածվում է Միջին Ասիայի եւ Ղազախստանի վրա: 

Առանձին գլխացավանք է երկրի հսկայական մակերեսը: Հեռավոր Արեւելքը տարիներ շարունակ դրսեւորում է կենտրոնին ընդդիմանալու չինամետ հակումներ: Երկրի փլուզման ցավալի հեռանկարի ֆոնին 2018-ին Երեւանում տեղի է ունենում «ոչ աշխարհաքաղաքական» հեղափոխություն: Թող ամենեւին ոչ ամբողջ խորությամբ, սակայն էապես փոփոխվում է կոռուպցիայի վրա հիմնված ընդգծված օլիգարխիկ ռեժիմը: Առավել էական է փոփոխության տեղական, ոչ մոսկովյան բնույթը:

Ժամանակի ընթացքում, սակայն, ավելի հստակ են դառնում երեւանյան դեպքերում Մոսկվայի «ուկրաինական» երանգները: Դեռեւս նախագահ Սերժ Սարգսյանի օրոք պարզ դարձավ, որ Հայաստանը ի վիճակի չէ ձեւակերպել Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող որեւէ աշխարհաքաղաքական օրակարգ: Միեւնույն ժամանակ պաշտոնական Երեւանը ֆորմալ տեսակետից միանգամայն ռուսապաշտ էր՝ պարտ-խոզ եւ կոմերիտական ամուր արմատներով: Ուստի, ամենեւին մերժելի չէր պիտակակիր մի ռեժիմի հայտնվելը:

Ինչպես էին անցյալ դարձնում Հայաստանը

Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանը դուրս է աշխարհաքաղաքականությունից եւ փափագում է ուժի կենտրոնների համերաշխություն, որպեսզի ապրի իր ուրույն խաղաղ կյանքով: Թե ինչ էր այդ ուրույն կյանքը հայտնի էր բոլորին եւ 2018-ին թավշյա հեղափոխության պատճառ դարձավ:

Սերժ Սարգսյանի ռեժիմը հաջողությամբ մսխեց միջազգային սուբյեկտություն ձեռք բերելու նախ ԱՄՆ առաջարկը՝ 2009-ի Ցյուրիխյան պրոցեսը, այնուհետեւ ՌԴ առաջարկը՝ 1915-ի արյունալի եւ նվիրական վայրերում՝ Սիրիայում ռազմական միջամտության հնարավորությունը 2015-ին: Այսպիսի հնարավորություններ պատահում են, այստեղ օգտվենք վարչապետ Փաշինյանի մետաֆորից՝ 500 տարին մեկ: Մինչ այդ ականատես էինք Ռոբերտ Քոչարյանի Հայոց ցեղասպանության պարապ կրակոցին ՄԱԿ Ընդհանուր ժողովում: Ահա եւ ողջ ստրատեգիան:

Ավելորդ է ասել, որ Արցախի ռայոնական մասշտաբներից նույնիսկ Հայաստանի Հանրապետության համեստ մասշտաբներին անցնելը ձախողած Քոչարյան-Սարգսյան զույգը ի վիճակի չէր գնահատելու հայկական պատմական հսկայածավալ արեալի ընձեռած ստրատեգիական հեռանկարը: 

Հավելենք, որ մինչ այդ արեւմտյան, հիմնականում ֆրանսիական առաջնորդությամբ, Տեր-Պետրոսյան-Սարդարյան զույգի կրեդոն էր դարձել «հայերը՝ սովորական ազգ» կարգախոսը: Այն, որ սովորականի վիճակին բերված ազգը չի կարող ոտնատակ չլինել Հայաստանի թեկուզ ետխորհրդային աշխարհագրական դիրքում, ՀՀՇ տեսական մտահորիզոնին հասու չէր:

Ինչպես տեսնում ենք, երեք նախագահներից ոչ մեկը աչքի չի ընկել ռազմավարական թեկուզ փոքր ունակություններով: Սա ամենեւին արտառոց երեւույթ չէ: Դոնալդ Թրամփի օրոք իբրեւ պաշտպանության նախարար պաշտոնավարած զորավար Ջիմ Մեթթիսի կարծիքով, ռազմավարական ձիրք ունեցող ԱՄՆ վերջին նախագահը Ջորջ Բուշ-ավագն է եղել: Նահանգները այդ շռայլությունը հանդուրժել կարող էին: Հայաստանի պարագային տեւական ստրատեգիական իմպոտենցիան հանգեցրեց Արցախում 2020-ի լիամասշտաբ միջազգայնացման:

Հայկական պրիմիտիվ-ընչաքաղց եւ դժգույն պատկերի ֆոնին Մոսկվայի հայացքը 2014-ին ընկավ Թուրքիայի եւ ցեղակից Բաքվի վրա՝ իբրեւ տարածաշրջանում կյանքի նշաններից զուրկ Հայաստանի փոխարինիչի: Նոր ընտրության համար խոչընդոտ չդարձան նույնիսկ երկու օդանավերի, մեկ ուղղաթիռի եւ մեկ դեսպանի ցուցադրական ոչնչացման գործողությունները: Իբրեւ Կովկասում դեր պահպանելու միջոց ընտրվեց «Լավրովի պլանը»: Կատարվեց դրա իրականացման 2016-ի փորձը: Մասշտաբը անսպասելի անբավարար էր: 2020-ին հայության ձեռքերը ոլորելու այլ չափերի դիմեցին: Դարձյալ այն չէ, ինչ ծրագրել էին: 

Առաջացել է անցյալի ուրվականների շտապ կարիք 

Իհարկե անցյալի հայ նախագահները որեւէ դրական դեր կարող էին խաղալ այս ընթացքին եթե նվազագունս քննական հայացքով նայեին իրենց արած-չարածի վրա: Չնայեցին: Ամկեղծ խոսքը եւ Independent հարցազրույցները վկայում են անդառնալի անմեղսունակությունը:

«Ստրատեգիական լուզերների» տեղի ունեցող զորաշարժը, թերեւս, կրկեսային երանգ ստանար, եթե չպատահեր պատերազմական պայմաններում: Պատերազմի օրով դա կոչվում է աղբանոցի ինքնաամբողջացում: Պատմության մրրիկը այս պահին խնամքով մեկտեղում է դեղնած թերթոնների խշխշացող կույտը: Միանալ ցանկացողները կարող են հերթագրվել նախաձեռնողական կարգով:

.

Հայ մամուլի էջերին մատչելի է նաեւ նյութի ռուսերեն շարադրանքը, որը հեղինակի թույլտվությամբ վերարտադրում ենք Ezerk.am նոթերում:
Կարդացե՛ք այստեղ >>>

  |