ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 5 օրում 1915 թվականի արդեն երրորդ հիշատակումը հայոց ողբերգությունը իբրեւ Թուրքիայի առջեւ Կովկասում պատնեշ օգտագործելու մարտավարություն է: Կա՞ «հայի հաշվին հայի դեմ» գործելավոճը խափանելու եւ դիվանագիտական ընթացքը հայանպաստ դարձնելու որեւէ միջոց: Այլ կերպ ասած հնարավո՞ր է շեղվել շուրջ երկու դար տեւող կործանարար ուղուց
.
Մ
եծ Եղեռնի հիշատակման ձեւից եւ հանգամանքներից վեր կանգնելով փորձենք սառը դատողությամբ գնահատել, թե որն էր պատճառը, որ ստիպեց հարգարժան նախագահ Պուտինին հրապարակավ խոսել 1915 եւ նույնիսկ 1988 թվականների հայերի ողբերգության մասին:
Մինչ այդ հիշենք, որ ՌԴ նախագահը հրաժարվում է 1915-ը որակել «ցեղասպանություն» եզրով: Նկատի ունենանք նաեւ, որ հեռավոր 1995-ին դեռեւս ելցինյան Պետդումայի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու խորապատկերին ռուսական պետական մեքենան այժմ քարոզում է հայերի ցեղասպանության կտրական ժխտում՝ որպես կանոն թուրքական եւ «ադրբեջանական» պնդումների անդադար եւ լայն հանրայնացման միջոցով:
Նշենք նաեւ, որ Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունը արգելափակեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ Պետդումայի օրակարգ տեղափոխելու գործընթացը:
Ահա այս պարագային է հնչում նախագահ Պուտինի էքսկուրսը դեպի պատմության արյունոտ էջեր: Շատերը Վալդայ ակումբի ժողովին արտասուք են նկատել մեծ տերության ղեկավարի սկանդինավյան սառը հայացքի մեջ:
Ինչու այդքան հույզեր
Շատ պարզ պատճառով: Պատճառի անունն է ազգային աղետ: Խոսքը երկրագնդի ցամաքի մեկ յոթերրորդի մասին է, որը սառը պատերազմի ռեւանշի ճանապարհին 2015-ին ստիպված էր վերածվել թուրքական քաղաքականության «սելի հինգերրորդ անիվի»:
Ինչպես եղավ աղետը
Իբրեւ իր հակաարեւմտյան խաչակրաց արշավանքի գլխավոր դաշնակից Թուրքիային ընտրած Ռուսաստանը նախ Սիրիայում, այնուհետեւ Լիբիայում բախվեց դաշնակցի կատաղի ռեգիոնալ դիմադրությանը: Երկու տեղում էլ երկրի ղեկավար Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ընտրել էր էթնիկ թուրքերի հումանիտար իրավունքների պաշտպանության պատրվակը: Իբրեւ էքսպանսիայի ռազմավարական հիմք օգտագործվում է մի ամբողջ ծաղկեփունջ. օսմանյան ժառանգությանը վերատիրանալու, իսլամի համաշխարհային զարթոնքը գլխավորելու եւ համաթուրքական համերաշխության կիզակետ դառնալու գաղափարը՝ ռազմական բիրտ եւ լեզվական-գաղափարային փափուկ ուժի զուգորդման մարտավարությամբ:
Որն է Ռուսաստանի ներկայիս վիճակը
Առանձին-առանձին՝ միջազգային ասպարեզում թուրք եւ իբրեւ Կովկասում Հայաստանի փոխարինիչ «ադրբեջանական» խաղաքարտերը ընտրած Մոսկվան արդեն 2016-ին բախվեց բուն Կովկասում իր ծրագրերին Անկարայի թաքուն «հարելուն»: Այդ ժամանակ վարչապետ Մեդվեդեւը ընդամենը ենթադրություններ էր անում Ապրիլյան պատերազմում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ:
2020-ի Տավուշում արդեն Անկարան ոչ մի կասկած չթողեց, որ հիմնովին հեծել է Արցախը հայաթափելու Լավրովի ռուսական պլանը: Այդ պլանը Մոսկվան ընտրել էր Կովկասում Բաքուն «վերագտնելու» միջոց:
2020-ի սեպտեմբերին թուրքական էքսպանսիան դեպի «ռուսական» Կովկաս ստացավ պատերազմական բնույթ: Ընդ որում, Մոսկվան որեւէ նշան չցուցաբերեց Լավրովի պլանից հրաժարվելու ուղղությամբ: Ընդհակառակը, նախարար Մնացականյանի մոսկովյան երկրորդ այցելության հաջորդ իսկ օրը Սերգեյ Վիկտորովիչը Հայաստանին ուլտիմատում ներկյացրեց Սիմոնյան-Բաբայան հայտնի զույգի խանդավառ մասնակցությամբ:
Քստմնելի բեմականացման նպատակը իր պլանի վերջին մոդիֆիկացիան հրամցնելն էր, որ արդեն ոչնչով չէր տարբերվում Բաքվի դիրքորոշումից. Ոչ մի անկախ ստատուս, ոչ մի հանրաքվե, ոչ մի ավտոնոմիա, միայն ռուսական դիտորդների ներկայություն:
Այս դիրքորոշումն է, որ իրենից Ռուսաստանի ազգային աղետ է ներկայացնում: Նախ այն անիրագործելի է Ալիեւի ռեժիմի պարագային, երկրորդը՝ Բաքուն ռուսական լավրովյան պրոտեզների կարիքը չի ունենալու, երրորդը՝ դրան ընդդիմանալու է Անկարան: Վերջինս դրա համար չէր միացել Լավրովի պլանի իրականացմանը որպեսզի արդյունքում «բորտից» դուրս մնա:
Այստեղ է, որ նախագահ Պուտինին պետք եղավ հայերի ողբերգությունը եւ ինքնապաշտպանությունը իբրեւ արցախյան «կարգավորման» շրջանակներից Թուրքիային դուրս թողնելու վերջին միջոց: Կովկասից դուրս թողնելու՝ Լիբիա-Սիրիա-այլուր շղթան խզելու միջոց:
Հայերին պե՞տք է հետաքրքրի Ռուսաստանի աղետը
Հարց է ծագում. ինչու Երեւանի պաշտոնական դիրքորոշումը եւ մամուլով զանգվածաբար մշակվող հասարակական կարծիքը բացառում են Թուրքիայի մասնակցությունը: Ո՞րն է այդ դիրքորոշման պրագմատիկ, ոչ հուզական արժեքը: Ինչ է, առանց Թուրքիայի անմիջական մասնակցության Մոսկվան հրաժարվելու է Լավրովի պլանից, ավելի ճիշտ է իհարկե ասել՝ ուլտիմատումից, վերջնագրից: Ո՛չ անշուշտ: Ապա՞:
Կարելի է, իհարկե, ենթադրել, թե հայկական վերնախավը ինչ-ինչ շարժառիթներով նվիրված է ռուսական շահին ավելի քան որեւէ այլ բանի, թե հանրությունը մինչեւ ուղն ու ծուծը ռռւսապաշտ է: Այլ բան ենթադրել հնարավոր չէ, քանի որ խնդրի կարգավորմանը Թուրքիայի Հանրապետության անմիջական մասնակցությունը լայն հորիզոն է բացում Հայաստանի առջեւ՝ իր միջազգային սուբյեկտությանը վերջապես տիրանալու իմաստով: Բնականաբար ոչ Մոսկվայի կլիենտի կարգավիճակով:
Հայկական նախաձեռնության դեպքում էապես կփոխվի Թուրքիայի դերակատարությունը: Իրանը եւս ստիպված կլինի խորապես մտահոգվելու իր հայկական քաղաքականությամբ, եթե այդպիսին իհարկե կա: Արմատապես փոխվելու է Կովկասի քաղաքական կոնֆիգուրացիան եւ դրանում Հայաստանի դերակատարությունը: Այժմ այն հանգում է Ռուսաստանի շահերի սպասարկմանը: Հետեւությունները ակներեւ են:
Թանկ արժեցող հնարավորություն
Այս դիվանագիտական հնարավորություններից, որոնք ընձեռվել են բացառապես կատաղի հայ դիմադրության շնորհիվ, չօգտվելը նույն, թող ներվի, պրիմիտիվ գավառականությունը կլինի, ինչ 2003-ին Վրաստանում չմիջամտելը, ինչ 2009-ին «հարեւանների հետ զրո խնդիր» թուրքական ծրագրին հայկական առաջնորդող շունչ չհաղորդելը, ինչ 2015-ին Սիրիայում ընդդեմ ահաբեկիչ թուրքի եւ հանգամանքներից կախված՝ ընդդեմ զենք առաքող հրեայի ռազմական ուժով հանդես չգալը:
Ընդգծենք մեկ անգամ եւս, որ առանց հայ զինվորի անձնազոհ սխրանքի այս կարգի արմատական դիվանագիտական քայլը հնարավոր չէր լինի: Վճռորոշն այստեղ այն է, որ հայ արյունը թափվել է ոչ յաթաղանից: Ընդհակառակը, թորքն է հիմա Էրդողանի պատկերակերպը օգտագործելով՝ «սրի մնացուկ»: Հայ սրի: Հայի արյունը ջուր չէ եւ չպիտի վատնվի ԼՏՊ-ՌՔ-ՍՍ դիսիդենտա-կոմերիտական եռյակի ոգով:
Հարց կծագի. Թուրքիան՝ ենթադրենք, Իրանը նույնպես, իսկ Ռուսաստա՞նը ինչ անի հայկական դիվանագիտական առաջխաղացման դեպքում: 1921-ի մեղքը իրա վիզ: Կովկասում մնալու այդ երկրի միակ շանսը Հայաստանի ձեռքին է, ինչը պատերազմի մեկ ամիսն անցած Մոսկվայում հրաշալի պատկերացնում են: Հիշել են Սումգայիթը: Ուլտիմատումով հանդես եկած նախարար Լավրովը «բյուլետեն» է վերցրել, նմանվելով Վլադիմիր Վիսոցկու հայտի երգի պերսոնաժին:
Մոսկվայում ամեն ինչ հասկանում են, անշուշտ: Մնում է հաղթահարեն հայի հանդեպ իրենց հազարամյա էդիպյան կոմպլեքսը: Իմպերիաները մնում են կամ գնում հայի ձեռքով: Սա ճակատի ու թիկունքի ազգային միասնությամբ ամրագրված քաղաքակրթական զենք է, որից կարելի է օգտվել թե՛ մակընթացության, թե՛ տեղատվության պայմաններում: Այն պիտի բանեցվի անհապաղ, Երեւան-Անկարա-Բաքու-Մոսկվա ձեւաչափի առաջարկությամբ: